Pages

15 May 2016

Մակտուբ IX հատված

ՄԱԿՏՈՒԲ
IX ՀԱՏՎԱԾ

Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, - ասացին նրանք:
Ուսուցիչն ասաց.
-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:

·       Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը:


Այս առակում հեղինակն ասում է, որ կան մարդիկ, ովքեր ցույց են տալիս իրենց այն հատկանիշները, որոնք իրենք ուզում են, որ դու տեսնես և թաքցնում իրենց իրական դեմքը: Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր չեն խուսափում ցույց տալ իրենց իրական դեմքը, անկախ նրանից, դա դրակա՞ն է, թե՞ բացասական:

Մակտուբ XI հատված

ՄԱԿՏՈՒԲ
XI ՀԱՏՎԱԾ

Արքայազնը մեծացավ գեղեցիկ, հարուստ և սիրով շրջապատված: Բայց նա այդպես էլ չկարողացավ երբևէ ավարտին հասցնել իր գործը երկրի վրա: Նա հրաշալի նկարիչ էր, քանդակագործ, երաժիշտ, մաթեմատիկոս, բայց երբեք չէր կարողանում ավարտին հասցնել գործը, որովհետև շատ արագ շեղվում և ուզում էր անցնել մի ուրիշ գործի:
Ուսուցիչը ասում է.
-Բոլոր ճանապարհները տանում են միևնույն տեղը: Բայց ճանապարհը դուք եք ընտրում և մինչև վերջ գնում եք ձեր ընտրած ճանապարհով. մի' փորձեք անցնել բոլոր ճանապարհներով:

·       Բայց ճանապարհը դուք եք ընտրում և մինչև վերջ գնում եք ձեր ընտրած ճանապարհով. մի' փորձեք անցնել բոլոր ճանապարհներով:


Այս առակում հեղինակն ասում է, որ ինչքան էլ մենք ընդունակ լինենք չենք կարող գնալ բոլոր ճանապարհներով: Մենք պետք է ընտրենք մեզ ամենահոգեհարազատ ճանապարհը, և գնանք մինչև վերջ, չշեղվելով ոչ մի բանի վրա: Միաժամանակ մի քանի գործ սկսելով և մեզ գերագնահատելով մենք ոչնչի չենք հասնի:

Մակտուբ X հատված

ՄԱԿՏՈՒԲ
X ՀԱՏՎԱԾ

Տասնհինգ տարի առաջ՝ խորը հավատամերժության ժամանակներում, ճանապարհորդը կնոջ և ընկերոջ հետ Ռիո դե Ժանեյրոյում էր: Երբ նրանք բարում նստած խմում էին, բար մտավ ճամփորդի հին ծանոթներից մեկը, ում հետ նա անցկացրել էր 60-70- ական թվականների խենթ ժամանակները:
-Հիմա ի՞նչ բանի ես, - հարցրեց զբոսաշրջիկը:
-Հոգևորական եմ, - ասաց ընկերը:
Երբ նրանք դուրս եկան բարից, ճանապարհորդը ցույց տվեց մայթի վրա քնած երեխային և ասաց.
-Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է Հիսուսը անհանգստանում այս աշխարհի համար:
-Իհարկե տեսնում եմ, - ասաց հոգևորականը, - նա երեխային հենց քո առաջ է դրել, որպեսզի համոզվի, որ դու իսկապես տեսնում ես նրան և կարող ես ինչ-որ բան անել նրա համար:

·       Նա երեխային հենց քո առաջ է դրել, որպեսզի համոզվի, որ դու իսկապես տեսնում ես նրան և կարող ես ինչ-որ բան անել նրա համար:


Այս առակում հեղինակն ասում է, որ ոչ միայն Աստված պետք է հոգ տանի մարդկանց մասին: Երբեմն մենք ինքներս պետք է հոգ տանենք մյուսների մասին, առանց վարձատրության սպասելու, ինչպես անում է Աստված:

Մակտուբ VII հատված

ՄԱԿՏՈՒԲ
VII ՀԱՏՎԱԾ

Ուսուցիչն ասաց.
-Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն: Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա: Հաղթողները հպարտությամբ են խոսում իրենց կյանքում եղած հրաշքների մասին: Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում: Ինչ վերաբերում է նախանձին ու ավերմունքին, ապա դրանք կարող են վնասել ձեզ միայն այն դեպքում, երբ դուք նրանց տաք այդ էներգիան: Մի′ վախեցեք: Ուղղակիորեն ցանկացած մարդու, ով էլ որ կլսի, պատմեք ձեր կյանքի լավ բաների մասին: Համաշխարհային Ոգին կարիք ունի, որ դուք երջանիկ լինեք:

·       Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում:


Այս առակում հեղինակն ասում է, որ պետք չէ վախենալ նախանձից: Պետք է հպարտությամբ խոսել կյանքում կատարված լավ բաների մասին: Մեր արտադրած դրական էներգիան փոխանցվում է մեր շրջապատի մարդկանց, և նրանք, ովքեր մեզ իսկապես երջանկություն են ցանկանում, լցվում են դրական էներգիայով և սկսում են ուրախանալ մեզ հետ:

12 May 2016

Մակտուբ VI հատված

ՄԱԿՏՈՒԲ
VI ՀԱՏՎԱԾ

Մի երիտասարդ կին եկավ ճանապարհորդին այցելության:
-Ես ուզում եմ Ձեզ մի բան պատմել, - ասաց նա: - Ես միշտ հավատացել եմ, որ բուժելու ձիրք ունեմ: Բայց համարձակությունս չի ներել, որ ինչ-որ մեկի վրա փորձեմ դա: Մինչև վերջերս իմ ամուսնու ձախ ոտքը ուժեղ ցավում էր, և ոչ ոք չկարողացավ նրան օգնել: Ես մի քիչ դժվարությամբ որոշեցի՝ ձեռքս դնեմ ոտքին և խնդրեմ, որ ցավն անհետանա: Ես դա արեցի առանց լրջորեն հավատալու, որ ընդունակ եմ օգնելու նրան, և երբ այդպես վարվեցի, լսեցի նրա աղոթքը.
-Աստվա'ծ ջան, խնդրում եմ, իմ կնոջը ընդունակ դարձրու՝ Քո լույսի և Քո ուժի ջահակիրը լինելու:
Ձեռքս սկսեց տաքանալ, և ցավն անցավ: Հետո ես հարցրի նրան, թե ինչու էր այդպես աղոթում: Նա պատասխանեց, որ իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու: Այսօր այդ խոսքերի շնորհիվ ես ընդունակ եմ բուժելու:

·       Իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու:

Այս առակում հեղինակն ասում է, որ հավատքը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Եթե դու հավատում ես ինչ-որ բանի կատարվելուն ամբողջ սրտող, ապա դա անպայման կկատարվի, անկախ նրանից, հնարավո՞ր է դա ֆիզիկապես, թե՞ ոչ:

Մակտուբ V հատված

ՄԱԿՏՈՒԲ
V ՀԱՏՎԱԾ

Ուսուցիչն ասաց.
- Խաչմերուկը սուրբ տեղ է: Այդտե´ղ ուխտավորը պետք է որոշում կայացնի: Ահա թե ինչու են աստվածներն այդտեղ գիշեր ու զօր: Այնտեղ, որտեղ հատվում են ճանապարհները, կենտրոնացվում է երկու հզոր ուժ՝ ճանապարհը, որ պիտի ընտրվի և ճանապարհը, որ պետք է անտեսվի: Երկուսն էլ վերածվում են մի ճանապարհի, բայց մի կարճ պահի միայն: Ուխտավորը կարող է հանգստանալ, մի քիչ քնել, անգամ խորհրդակցել աստվածների հետ, ովքեր բնակվում են խաչմերուկում: Բայց ոչ ոք չի կարող այնտեղ մշտապես մնալ. հենց որ ընտրությունը կատարվում է, նա պետք է գնա՝ չմտածելով այն ուղու մասին, որն ինքը մերժել է: Հակառակ դեպքում խաչմերուկը կդառնա անեծք:

·       Նա պետք է գնա՝ չմտածելով այն ուղու մասին, որն ինքը մերժել է:
Այս առակում հեղինակն ասում է, որ կյանքում կան պահեր, երբ պետք է ընտրություն կատարել: Կարելի է սպասել, լավ մտածել մինչև ընտրելը: Սակայն ընտրելուց հետո, պետք է «գնալ այդ ուղով» և չմտածելով ընտրության մյուս տարբերակի մասին, շարժվել միայն առաջ:


Մակտուբ IV հատված

ՄԱԿՏՈՒԲ
IV ՀԱՏՎԱԾ

      
  Հիվանդն ասում է իր բժշկին.
- Վախն իշխում է ինձ և  խլել է իմ ամբողջ ուրախությունը:
- Այստեղ՝ իմ  սենյակում,  մի մուկ կա, որ  կրծում է իմ  գրքերը,- ասաց  բժիշկը:- Եթե ես վախեցնեմ   մկանը,  նա կթաքնվի ինձանից, և իմ կյանքը կերածվի մկան որսի: Դրա փոխարեն  ես իմ լավագույն   գրքերը կարող եմ տեղափոխել եմ մի ապահով տեղ  և  նրան  թույլատրել, որ  կրծի մնացածները:  Այսկերպ  նա մուկ է  մնում ինձ համար  և  հրեշ չի դառնում:  Մի քանի բաների´ց վախեցեք և  Ձեր  ամբողջ վախը  դրանց  վրա կենտրոնացրեք:  Այդպես   կարևոր գործերի հանդիպելիս Դուք  կարող եք ուժեղ լինել:

·       Մի քանի բաների´ց վախեցեք և  Ձեր  ամբողջ վախը  դրանց  վրա կենտրոնացրեք:

Այս առակում հեղինակն ասում է, որ վախը վատ բան չէ: Պետք չէ վախենալ ամեն ինչից, սակայն պետք չէ նաև ոչնչից չվախենալ: Պետք է մի քանի բանից վախենալ, և ամբողջ վախը կենտրոնացնել դրա վրա, որպեսզի կարևոր գործեր անելիս կարողանաս ուժեղ լինել:

06 May 2016

Մակտուբ III հատված

ՄԱԿՏՈՒԲ
III ՀԱՏՎԱԾ

Իմաստնություն փնտրող  մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր  այնտեղ եղած  առաջին տարվա ընթացքում  նա կերավ այն ամենն, ինչ  հողը կարող էր առաջարկել:  Ի վերջո  ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր  վերադառնալ քաղաք:
- Աստված անազնիվ է,- բացականչեց նա: - Մի՞թե   չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը:  Ես քաղցած եմ  և պետք է վերադառնամ քաղաք:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը։
- Աստված  շատ է ուզում  խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։
- Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ  կսկսես  արտադրել քո  ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:

·       Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:


Այս առակում հեղինակն ասում է, որ Աստված բոլորին հնարավորություն է տալիս ստեղծել, արարել, գտնել հնարավոր տարբերակներ գոյատևելու համար: Եթե մարդը չի տեսնում, և չի գնահատում Աստծո օգնությունը, նա չի տեսնի նաև Աստծո ներկայությունն իր կյանքում:

04 May 2016

Մակտուբ II հատված

ՄԱԿՏՈՒԲ
II ՀԱՏՎԱԾ

     1.    Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:
Մարդը միայն կորցնելուց հետո է գիտակցում այդ իրի արժեքը: Սա նշանակում է, որ նա չի գնահատում այն, մինչև չի զգում նրա պակասը: Պետք չէ սպասել կորցնելուն: Պետք է գնահատել և պահպանել այն ինչ ունես:
      2.    Ներող մարդու սիրտը  մաքուր է և անուշաբույր:
Մարդը պետք է իմանա, փորձի և կարողանա ներել: Միայն այդ դեպքում նրա հոգին կդառնա մաքուր և անուշաբույր: Ներել իմանալն ինքնին առաքինություն է և այն ոչ բոլորին է տրված:
3.    Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը:
Վախը թուլության նշան չէ: Մարդը պետք է զգա մոտալուտ վտանգը: Նա, ով զգում է վախը, և պայքարում նրա դեմ՝ համարվում է խիզախ, իսկ նա, ով չի զգում վախը և վտանգը՝ անպատասխանատու:
4.    Եթե  դու կենդանի ես, դու պետք է ձեռքերդ թափահարես,  ամենուր թռչկոտես,  աղմկես, ծիծաղես  ու խոսես մարդկանց հետ:
Մարդը կենդանի է համարվում ոչ միայն նրա համար որ նա ողջ է և շնչում է: Ապրել՝ նշանակում է լինել շարժման մեջ, աղմկել, ծիծաղել, խոսել մարդկանց հետ: Եթե մենք կյանքում ոչինչ չենք անում, այն դառնում է անիմաստ: Չէ՞ որ մեռնելուց հետո անշարժ մնալու ենք նույն դիրքում: Պետք է զգալ կյանքը, և այնպես անել, որ մեզ շրջապատող մարդիկ նույնպես զգան մեր ներկայությունը:
5.    Ամեն սնունդ սուրբ է:
Սնունդ ասելով պետք է հասկանալ ոչ թե ուտելիք, այլ հոգևոր սնունդ: Թվում է, թե ավելի արագ մեզ Աստծուն կմոտեցնի թունավոր ուտելիքը, այնինչ առաջնայինը հոգևոր սնունդն է:
6.    Ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկությունը  հնարավորություն է տվել նրանց՝  մտնելու  առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:
Միմյանց հետ շփվելու համար լեզվի իմացությունը պարտադիր չէ: Կարելի է առանց բառերի հասկացնել և հասկանալ դիմացինին, թեկուզ ժեստերի լեզվով: Կարևորն այն հոգևոր կապն է, որն առաջանում է մարդկանց միջև շփման ժամանակ, երբ նրանք անկեղծ են:
7.    Եվ որքան  ես թափանցում էի Աստծո  արարչագործության մեջ, այնքան  ավելի էի մոտենում Նրա  իմաստնությանը:
Ավելի լավ է լինել կույր ֆիզիկապես, քան հոգեպես: Հնարավոր է առանց տեսնելու զգալ նրան, թափանցել նրա արարչագործության մեջ: Չէ՞ որ ունենալով տեսողություն մենք էլ չենք կարող տեսնել Աստծուն, բայց հավատքը հնարավորություն է տալիս առանց տեսնելու զգալ Աստծո ներկայությունը և մոտենալ նրա իմաստնությանը:
8.    Հենց որ ես գտա  բոլոր  պատասխանները, փոխվեցին բոլոր  հարցերը:
Երբ դու անընդհատ զբաղված ես պատասղաններ փնտրելով կյանքի իմաստը հասկանալու համար, կորցնում ես լիարժեք ապրելու հնարավորությունը և մոռանում ես, որ Աստված է ամեն ինչ տնօրինում:
9.    Մի մարդու երջանիկ  լինելը չի նշանակում, որ մյուսները դժբախտ են լինում:
Պետք չէ հրաժարվել երջանկությունից, սպասելով շրջապատի երջանկանալուն: Ընդհակառակը, մեր երջանիկ լինելով, երջանկանում են նաև մեր հարազատները:
10.   Նրանք սկսեցին խոսել մի լեզվի  մասին, որ գոյություն  ունի բառերից այն կողմ:

Կա մի լեզու, որը գոյություն ունի բառերից այն կողմ: Այդ լեզուն աղոթքի լեզուն է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու դիմացինին, երբ նա աղոթում է: Տերունական աղոթքը կարծես հասկանալի է բոլոր լեզուներով: Երբ մարդը դիմում է Աստծուն աղոթքով, անմիջապես տեսանելի է և պարզ, անկախ լեզվից:

03 May 2016

Մակտուբ I հատված

ՄԱԿՏՈՒԲ
I ՀԱՏՎԱԾ

    1.    Անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:
Մարդիկ պետք է միասնական գործեն: Աստված մարդուն ստեղծել է իր կերպարանքով, և երբ մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ, միաձուլվելու հնարավորություն են ստանում, և դրանով իսկ ավելի են նմանվում Աստծո ստեղծած մարդուն:
   2.    Կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը:
Ոչ միշտ է մի կողմ քաշվելը ճիշտ: Երբեմն ավելի ճիշտ է միանգամից լուծել խնդիրը, քան դրանից վախենալով անընդհատ հետաձգել այն, ավելի ու ավելի խորացնելով:
3.    Ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով:
Տարբեր մարդկանց աշխարհընկալումը բնականաբար տարբեր է: Սա նշանակում է, որ տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում և հասկանում (այստեղ) Աստծո գաղափարը: Ոմանք հավատում են, որ նա գոյություն ունի, և ավելի են մոտենում նրան, իսկ ոմանք կարծելով, որ նա գոյություն չունի, ապացուցում են դա, և միևնույն է Աստծո մասին խոսելով ավելի մոտենում նրան:
4.    Եթե պիտի լաց լինես, լա՛ց եղիր ինչպես երեխան:
Այս առակում հեղինակն ասում է, որ պետք չէ ամաչել արցունքներից: Դրանք մաքրում են մարդու հոգին: Ուղղակի պետք է լաց լինել երեխայի նման, քանի որ երեխաների սովորած առաջին բանը լացն է և դա նրանք անում են անկեղծությամբ:
5.    Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Չկա երջանկությունն արտահայտելու համար հարմար կամ անհարմար ժամանակ: Յուրաքանչյուր պահի մարդը կարող է արտահայել իր զգացմունքներն՝ առանց դրանցից ամաչելու:
6.    Մի´ քննադատիր ինքդ քեզ, եթե երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա:
Նպատակի հասնելու համար պետք է զբաղվել գործով և իզուր չվատնել ժամանակը: Սակայն պետք չէ ինքնաքննադատություններ անել միայն նրա համար, որ մի փոքր ժամանակ ես կորցրել: Հաճույքները կազմում են մեր կյանքի մի մասը, և ի վերջո հանգստանալուց հետո մենք սկսում ենք աշխատել ավելի մեծ եռանդով:
7.    Ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Պետք չէ չափից շատ խնայողություններ անել մեր վրա: Քանի որ կյանքը կարճ է, մեզնից հետո մեր ամբողջ ունեցվածքը մնալու է բոլորին, բացի մեզնից:
8.    Նրանք, ովքեր կորցրել են ողջ ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը կարող են միայն կատարելագործվել:
Երբ մարդիկ ինչ-որ բան են կորցնում, նրանք սկսում են հասկանալ այդ իրի կարևորությունը և փորձում են նորից ստեղծել՝ ավելի կատարելագործելով այն:
9.    Քո ճանապարհին համարձակ կանգնիր և մ՛ի վախեցիր ուրիշների քննադատությունից:
Եթե մենք ունենք նպատակ, պետք է համառությամբ շարժվենք դրա ուղղությամբ և պատրաստ լինենք ամեն ինչի: Պետք չէ արդարանալ ուրիշների առջև և ուշադրություն դարձնել նրանց քննադատություններին, այլ շարժվել առաջ:
10.   Նա, ով գողություն է անում ինձ համար, ինձնից է գողանում:
Եթե մարդ տարածում է Աստծո խոսքը, նա չպետք է հակաաստվածային բաներ անի: Այսինքն, եթե դու ինչ-որ բան ես ուսուցանում, կամ տարածում, դու չպետք է անես բաներ, որոնք հակասում են քո ասածներին: Խոսքերը և գործողությունները պետք է համապատասխանեն միմյանց:

01 May 2016

Համո Սահյան «ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ»

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ»

   ·       Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:
«Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում»:
Այս տողերում ասվում է, որ ամպրոպից հետո բնությունը թարմանում է: Եթե ամպրոպի ժամանակ ամեն ինչ անգույն է, ապա դրանից հետո բնությունը նորից ներկվում է վառ գույներով, այդ պատճառով մեզ երկինքն ավելի կապույտ է թվում, իսկ խոտերն ավելի կանաչ:
·       Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:
Ամպրոպի ժամանակ բնությունը դառնում է անգույն, մռայլ, սակայն ամպրոպը լավ ազդեցություն է թողնում բնության վրա: Ամպրոպից հետո արև է դուրս գալիս, բնությունը հանգստանում է և թարմանում:
·       Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:
Մարդու կյանքում ամպրոպ կարող են դառնալ ծայրահեղ փոփոխությունները, քանի որ դրանք կատարվում են անսպասելի, ինչպես ամպրոպը: Սակայն հետո, ինչպես թարմանում է բնությունը, այնպես էլ մարդն է հարմարվում այդ փոփոխություններին:
·       Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:
Ամպրոպից հետո ես փորձում եմ նայել աշխարհին ուրիշ աչքերով…   Ամեն օր արթնանում եմ, պատրաստվում ու գնում դպրոց, զբաղվում իմ առօրյա դասերով ու գործերով, և այդպես ամեն օր…
Նկատում ե՞ք, թե որքան միօրինակ է ամեն ինչ…Բայց չէ, սպասե՛ք, այս ի՞նչ է, ամպրո՞պ…
Մի ակնթարթում երկինքը մթնեց, կարծես ամեն ինչ վերածվեց ռետրո ֆիլմի՝ սև ու սպիտակ գույներով, մարդիկ մի պահ տագնապի մեջ ընկան, հասկացան որ դա ամպրոպի հուժկու ձայնն էր, իսկ հետո դարձան ավելի արագաշարժ, նպատակասլաց ու կողմնորոշված: Բոլորը փորձում են հնարավորինս արագ ժամանակահատվածում գտնել ապահով մի վայր՝ գոնե ծածկ ունեցող, յուրաքանչյուրը զգում է անձրևի մոտալուտ գալուստը, ավելին՝ տեղատարափ ու հորդառատ անձրևի: Սպասում ենք…
Ահա սկսվեց. նորից ամպրոպ, անձրևի մանր կաթիլներ, որ հազիվ թրջում էին արևից չորացած գետինը, ու դադարեց անձրևը: Չհասկացա, սա ի՞նչ էր… Այսքան վազեցինք, նոր տարածքներ հայտնաբերեցինք անձրևից պաշտպանվելու համար, նոր մարդկանց հետ ծանոթացանք ու ոչի՞նչ, ընդամենը այսքա՞նը…
Բայց չէ, հիմա եմ հասկանում, որ ամպրոպը փոխեց իմ այդ օրը, հիմա գիտեմ ու պատրաստ եմ ամենաանկանխատեսելի իրավիճակներում կողմնորոշվելու ու ելք փնտրելու, նախապատրաստվելու վատթարագույնին՝ թեկուզ և այն տեղի չունենա: Ամպրոպը նոր գույն բերեց իմ աշխարը ու նոր մտքեր: Հասկացա, որ բնության մեջ ոչինչ պատահական չէ, ուղղակի պետք է տեսնել ու փորձել հասկանալ, ինչու չէ, միօրինակությունից գեթ մի կարճ ակնթարթով ազատվել և նորովի նայել կյանքին:

Ես՝ ամպրոպից հետո փոխվում եմ…