Pages

03 May 2016

Մակտուբ I հատված

ՄԱԿՏՈՒԲ
I ՀԱՏՎԱԾ

    1.    Անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:
Մարդիկ պետք է միասնական գործեն: Աստված մարդուն ստեղծել է իր կերպարանքով, և երբ մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ, միաձուլվելու հնարավորություն են ստանում, և դրանով իսկ ավելի են նմանվում Աստծո ստեղծած մարդուն:
   2.    Կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը:
Ոչ միշտ է մի կողմ քաշվելը ճիշտ: Երբեմն ավելի ճիշտ է միանգամից լուծել խնդիրը, քան դրանից վախենալով անընդհատ հետաձգել այն, ավելի ու ավելի խորացնելով:
3.    Ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով:
Տարբեր մարդկանց աշխարհընկալումը բնականաբար տարբեր է: Սա նշանակում է, որ տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում և հասկանում (այստեղ) Աստծո գաղափարը: Ոմանք հավատում են, որ նա գոյություն ունի, և ավելի են մոտենում նրան, իսկ ոմանք կարծելով, որ նա գոյություն չունի, ապացուցում են դա, և միևնույն է Աստծո մասին խոսելով ավելի մոտենում նրան:
4.    Եթե պիտի լաց լինես, լա՛ց եղիր ինչպես երեխան:
Այս առակում հեղինակն ասում է, որ պետք չէ ամաչել արցունքներից: Դրանք մաքրում են մարդու հոգին: Ուղղակի պետք է լաց լինել երեխայի նման, քանի որ երեխաների սովորած առաջին բանը լացն է և դա նրանք անում են անկեղծությամբ:
5.    Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Չկա երջանկությունն արտահայտելու համար հարմար կամ անհարմար ժամանակ: Յուրաքանչյուր պահի մարդը կարող է արտահայել իր զգացմունքներն՝ առանց դրանցից ամաչելու:
6.    Մի´ քննադատիր ինքդ քեզ, եթե երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա:
Նպատակի հասնելու համար պետք է զբաղվել գործով և իզուր չվատնել ժամանակը: Սակայն պետք չէ ինքնաքննադատություններ անել միայն նրա համար, որ մի փոքր ժամանակ ես կորցրել: Հաճույքները կազմում են մեր կյանքի մի մասը, և ի վերջո հանգստանալուց հետո մենք սկսում ենք աշխատել ավելի մեծ եռանդով:
7.    Ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Պետք չէ չափից շատ խնայողություններ անել մեր վրա: Քանի որ կյանքը կարճ է, մեզնից հետո մեր ամբողջ ունեցվածքը մնալու է բոլորին, բացի մեզնից:
8.    Նրանք, ովքեր կորցրել են ողջ ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը կարող են միայն կատարելագործվել:
Երբ մարդիկ ինչ-որ բան են կորցնում, նրանք սկսում են հասկանալ այդ իրի կարևորությունը և փորձում են նորից ստեղծել՝ ավելի կատարելագործելով այն:
9.    Քո ճանապարհին համարձակ կանգնիր և մ՛ի վախեցիր ուրիշների քննադատությունից:
Եթե մենք ունենք նպատակ, պետք է համառությամբ շարժվենք դրա ուղղությամբ և պատրաստ լինենք ամեն ինչի: Պետք չէ արդարանալ ուրիշների առջև և ուշադրություն դարձնել նրանց քննադատություններին, այլ շարժվել առաջ:
10.   Նա, ով գողություն է անում ինձ համար, ինձնից է գողանում:
Եթե մարդ տարածում է Աստծո խոսքը, նա չպետք է հակաաստվածային բաներ անի: Այսինքն, եթե դու ինչ-որ բան ես ուսուցանում, կամ տարածում, դու չպետք է անես բաներ, որոնք հակասում են քո ասածներին: Խոսքերը և գործողությունները պետք է համապատասխանեն միմյանց:

No comments:

Post a Comment