Pages

12 December 2017

Ի՞նչ է գեղեցկությունը

Ի՞նչ է գեղեցկությունը

Յուրաքանչյուր մարդ գեղեցկությունը յուրովի է ընկալում: Կարծում եմ, դա իրականում այն է, ինչ մենք սիրում ենք: Մեր սիրելի մարդիկ, իրերը, վայրերը, երևույթները մեզ համար ամեն ինչից գեղեցիկ են: Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է: Այն, ինչ ինձ համար գեղեցիկ չէ, գուցե գեղեցիկ է մեկ ուրիշի համար: Մեզ շրջապատող ամենագեղեցիկ մարդիկ կարող են մեկ ակնթարթում կորցնել իրենց ողջ հմայքը. մի սխալ արարք՝ և վերջ: Բայց կան մարդիկ, ովքեր ինչ էլ անեն, երբեք չեն կորցնի իրենց գեղեցկությունը մեր աչքերում. մեր ծնողները, ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ, լավ ընկերները, ովքեր առանձնահատուկ տեղ ունեն մեր կյանքում: Կա մի կերպար, ով կատարյալ է յուրաքանչյուրիս համար: Դա մայրն է: Բոլորիս համար էլ նա ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենաբարին, ամենա-ամենան է:
Կա «խաբուսիկ» գեղեցկություն հասկացությունը. որը մոլորեցնում է մեզ: Օրինակ ուտելիքը, որը չնայած իր արտաքին ախորժալի և կատարյալ տեսքին, կարող է հիասթափեցնել այնպես, որ էլ երբեք չուզենանք այն ուտել:
Մեր ժամանակներում թվում է, թե շատ հեշտ է մի քանի ժամում վերածվել գեղեցկության չափանիշի: Բայց մի՞թե արտաքին գեղեցկությունը բավական է մարդուն գեղեցիկ համարելու համար: Որոշ մարդիկ փոխում են իրենց արտաքինը՝ մոռանալով, որ գեղեցկությունը ոչ միայն տեսքն է, այլ նաև արարքները, խոսքերը, վերաբերմունքը, պահվածքը, բնավորությունը, խելքը: Լավագույն տարբերակը արտաքին և ներքին գեղեցկության համադրումն ու ներդաշնակությունն է:

Եվ թո՛ղ գեղեցկությունը փրկի աշխարհը, եթե կարող է:

No comments:

Post a Comment