Pages

05 October 2018

Կոմիտասը և ցեղասպանությունը

Կոմիտասը և ցեղասպանությունը
(անհատական աշխատանք)

Իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի կառավարությունը նպատակ էր դրել օգտագործել պատերազմը «հայկական հարցի» վերջնական լուծման համար: Կազմվել էր Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագիր: Հետևողականորեն ու մանրակրկիտ՝ այդ ծրագիրը սկսեց կենսագործվել: Առաջին հարվածն ուղղված էր հայ մտավորականության դեմ: 1915թ.–ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեց առաջին 200-ը՝ ականավոր հայ գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, բժիշկներ, իրավաբաններ: Նրանց մեջ էր և Կոմիտասը: Մի քանի օր անց միայն Պոլսում ձերբակալվածների թիվը հասավ 600-ի:
Ապրիլի 30-ին սկսվեց ձերբակալվածների աքսորը երկրի խորքը: Աքսորման գործն անձամբ ղեկավարում էր ոստիկանության պետ Բեդրի բեյը: Ձերբակալվածները (նրանց մեջ և Կոմիտասը) դուրս բերվեցին ոստիկանական և կանոնավոր բանակի զինվորներով շրջափակված հրապարակ և շարքի կանգնեցվեցին: Փողոցներում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվեց: Պահակախմբի ուղեկցությամբ շարասյունը շարժվեց դեպի նավահանգիստ: Նրանց լցրեցին նավը և ուղարկեցին հակառակ ափը: Այստեղ նրանց սպասում էր հատուկ գնացքը: Գնացքը շարժվեց Անկարայի ուղղությամբ: Վագոնների պատուհանները հուսալիորեն վարագուրված էին, սովորական կանգառներում գնացքը չէր կանգնում: Այաշ ավանի մոտ ցուցակով կանչեցին 90 մարդ և տարան: Այլևս նրանք չվերադարձան: Մյուս աքսորվածները հասցվեցին Վերին Անատոլիայի անմարդաբնակ ու ամայի Չանգր շրջանը: Նրանց ընդունեց տեղի զինվորական պարետը: Ձեռքի լապտերի աղոտ լույսի տակ թուրքական սպան ուշադիր զննում էր մոտով անցնող ձերբակալվածներին: Նրա դեմքին գնալով ավելի բացահայտ էին արտահայտվում զարմանքն ու տարակուսանքը: Մայրաքաղաքից նա ստացել էր կառավարական հեռագիր, որում հաղորդվում էր «հատկապես վտանգավոր հանցագործների հրոսակախմբի» գալուստը Չանգր, որոնց անհրաժեշտ էր անհապաղ վերացնել: Իսկ նա իր առջև տեսնում է մարդկանց, որոնց լավ էր ճանաչում ողջ երկիրը: Համոզված, որ ողբերգական թյուրիմածություն է տեղի ունեցել, նա հրաժարվեց կատարել հրամանը և իր պատասխանատվությամբ ձերբակալվածներին տեղավորեց մոտակա տներում: Սակայն բնաջնջման անողոք մեքենան արդեն գործի էր դրված: Պարետի հարցմանը հետևեց ավելի վաղ ստացված հրամանը հաստատող պատասխան: Հայտնվեցին և բարձրաստիճան նոր պաշտոնյաներ: Աքսորյալների բախտը կանխորոշված էր: Համարյա ամեն օր ընթերցվում էին ձերբակալվածների ցուցակները, որոնք իբր ուղարկվում էին Դիարբեքիր՝ ռազմադաշտային դատարանում նրանց գործերի քննության համար: Այդ ողորմելի պատրվակի էությունը բոլորին պարզ էր: Ճանապարհին ձերբակալվածներին գազանաբար սպանում էին: Այդպես նահատակվեցին ականավոր բանաստեղծներ ու գրողներ Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, նշանավոր գրող և թուրքական պառլամենտի պատգամավոր Գրիգոր Զոհրապը և հայ մշակույթի, գիտության, լուսավորության շատ ականավոր ներկայացուցիչներ:
Ահա թե ինչ է գրում իր հուշերում հայ բժիշկ մտավորական ՎԱՀՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ. - «Ապրիլի 11-ի գիշերը տարան ինձ մոտակա ոստիկանություն, որտեղ տեսա բազում բարեկամների: Այնտեղ սարսափելի կեղտոտ էր: Սկսեցի լաց լինել, երբ հանկարծ ներս մտավ Կոմիտաս Վարդապետը՝ դեմքին ժպիտ, հայացքը՝ հրամայական: Մոտեցավ ինձ և իր գոռ ձայնով ասաց.
-Չե՞ս ամաչում:
Այդ բառերից ավելի հուզվեցի: Նա շոյեց ճակատս, սեղմեց ինձ իր գրկում. Ես զգացի, որ նրանից մի անտեսանելի ուժ հաղորդվեց ինձ: Աքսորի ամբողջ ընթացքում չէի ուզում բաժանվել նրանից: Նա քաջալերում էր բոլորին, նա իմ ուժն էր: Շաբաթ գիշերը մի երազ էր տեսել Կոմիտասը և առավոտյան պատմելով՝ ասաց, որ բարի լուրի նշան է այդ երազը: Նույն առավոտյան Չանղրի ախոռ–եկեղեցում պատարագ մատուցեց Կոմիտասը, այնպիսի մի պատարագ. նմանը չէի տեսել կյանքումս: Ինչ ջերմ եռանդություն, ինչ քաղցր ու ներդաշնակ աղոթասացություն, իր «Խաղաղություն ամենեցուն» խոսքից թվում էր, թե ձեռքերից ու մատների անցքերից հուսադրական շողեր էին տարածվում: Պատարագի ավարտին Կոմիտասը դիմեց ժողովրդին «Օրհնյալ լինեք, գնացեք խաղաղությամբ»: Դատապարտյալներից մեկն ասաց ինձ, որ նա, ես, Կոմիտաս Վարդապետը և ևս 5 անձինք ազատված ենք և վերադառնում ենք Կոստանդնուպոլիս: Վարդապետի երազը կատարվեց և մենք փրկվեցինք»:
Կոմիտասին ազատելու համար թուրքական կառավարությանը խնդրել էին Իտալիայի, Բուլղարիայի ու Շվեյցարիայի դեսպանները, Ավստրո-Հունգարիայի դեսպանն ու իր կինը, Ամերիկայի դեսպանն ու իր կինը: «Կոմիտասը հայ չէ, այլ մարդ, որը պատկանում է ողջ մարդկությանը, ինչպես Շեքսպիրը, Չայկովսկին և մյուս հանճարները»,- ասում էին նրանք: Գերմանացի պատմաբան դոկտոր Լեպսիուսի վկայությամբ հայ մշակույթի ձերբակալված բոլոր գործիչներից միայն 8 հոգու հաջողվեց խուսափել զոհվելուց: Զանգվածային կոտորածի կարճ ժամանակամիջոցում նահատակվեց մոտ 1,5 միլիոն հայ: Աքսորից Կոմիտասը վերադարձավ բոլորովին այլափոխված: Նա ասես անջրպետվել էր արտաքին աշխարհից՝ փակվելով իր մռայլ ու ծանր խոհերի մեջ: Մի ամբողջ ժողովրդի կործանման զարհուրելի պատկերը և շրջապատող աշխարհի՝ կատարված ողբերգության հանդեպ լրիվ անտարբերությունը նրան թվում էին անըմբռնելի, մարդկային բանականության սահմաններից դուրս: 1916թ.-ի գարնանը Կոմիտասի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ և նրան տեղափոխեցին Փարիզ:

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՇԵՐՈՒՄ – 1921 թվի մարտին գնացի Կոմիտասի մոտ հիվանդանոց: Ծառայողի հետ մտա իր սենյակը: Պառկած էր, վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով ասաց.
-                    Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ: - Հետո, - նստիր, - ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք խոսիլ:
-                    Կոմիտա՛ս, գիտեմ, չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում: Արի գնանք Սևան:
-                    Ի՞նչ անեմ այնտեղ:
-                    Լավ գնանք Էջմիածին, ման գանք:
-                    Այստեղ շատ լավ է:
Հետո սպասեց ու ասաց.
-                    Մահ գոյություն չունի… սա գերեզման չէ, բա ի՞նչ է:
-                    Լավ գնամ, չձանձրացնեմ:
-                    Չէ՛, եկել ես նստիր, էլ ու՞ր ես գնում:
-                    Կոմիտաս, հա՞յ երաժշտությունն է լավ, թե՞ եվրոպականը:
-                    Եղբա՛յր, - բարկացած, - դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր:
-                    Կերգե՞ս:
-                    Այո՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց:
1915թ-ի իրադարձությունները, Կոմիտասի ձերբակալությունը և դրան հետևած հիվանդությունը ամենաողբերգական ձևով անդրադարձան մեծ երաժշտի ճակատագրի վրա: Կոմպոզիտորի մահը վրա հասավ 1935թ. հոկտեմբերի 22-ի առավոտյան: Նրա աճյունը տեղափոխվեց Երևան և ամփոփվեց հայ մշակույթի գործիչների պանթեոնում:

No comments:

Post a Comment