Ամփոփում
2019 թվականը շատ լի էր ինձ
համար, հատկապես՝ տարվա երկրորդ կեսը։ Կարող եմ ասել, որ այս կիսամյակը դեռևս ամենաարդյունավետն
էր մի քանի տարվա մեջ։
Այս ընթացքում ես վերսկսեցի
գրքեր կարդալ՝ և՛ հայ գրականություն, և՛ արտասահմանյան, թեպետ նախընտրում եմ արտասահմանյան
գրականությունը, քանի որ հայկական գրքերի մեծամասնության թեմաները նույնն են, ինչը
ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէ։ Հայ գրականության մեջ միակ գիրքը, որ ինձ շատ դուր եկավ, Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր»-ն
էր, ինչը մեծ բացահայտում էր ինձ համար, քանի որ կարդալուց առաջ չէի սպասում, որ այն
կհավանեմ։
Սկսեցի զբաղվել կամավորությամբ,
ինչի արդյունքում ձեռք բերեցի բազմաթիվ նոր ընկերներ, ծանոթացա շատ հետաքրքիր մարդկանց
հետ, նաև՝ օտարերկրացի, հասկացա, որ Հայաստանում նույնպես իրականացվում են շատ հետաքրքիր
ֆորումներ, փառատոններ, համերգներ, որոնց մասին մինչ այս չէի լսել և հնարավորություն
ստացա դրանց մեջ իմ մասնակցությունն ունենալ։ Հասկացա, որ կամավորությունն անվճար աշխատանք
չէ, և մարդկանց առջև շատ ու շատ նոր դռներ է բացում։ Դրա արդյունքում փորձում ես քեզ
տարբեր ոլորտներում, նոր հետաքրքրություններ և փորձ ես ձեռք բերում, սկսում ես հետաքրքրվել
այնպիսի բաներով, որոնք քեզ անցյալում ձանձրալի կամ չափազանց դժվար էին թվում։
Ճամփորդությունները նույնպես
կարևոր դեր ունեն իմ կյանքում։ Այս տարի ավելի շատ ճամփորդեցի, այցելեցի Հայաաստանի
տարբեր ծայրեր՝ Սյունիքից մինչև Լոռի։ Ցավոք, դասերիս պատճառով ստիպված
էի մի քանի ճամփորդություն բաց թողնել, ինչի համար շատ եմ ափսոսում։ Ամեն դեպքում,
ուրախ եմ, որ կրթահամալիրի շնորհիվ կարողացա ավելի լավ ճանաչել Հայաստանը, ինչը միայնակ
հաստատ չէի կարող անել։
Տարին արդյունավետ էր նաև ուսումնական
մասով։ Սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել դասերիս, ինչպես նաև սկսեցի ավելի շատ
կարդալ և նոր գիտելիքներ ձեռք բերել այն թեմաներից, որոնց մինչ այս տեղյակ չէի։ Մասնակցեցի
բազմաթիվ նախագծերի, հանդիպումների, ուսումնական միջոցառումների։ Դրանից բացի, փոքր-ինչ կողմնորոշվեցի իմ հետագա պլանների հարցում. որոշեցի, որ ցանկանում եմ ավագ դպրոցից
հետո կրթությունս շարունակել Հայաստանի Ամերիկյան համալսարանում, քանի որ այն տարբերվում
է մնացած բուհերից և ինձ ամենից շատն է հետաքրքրում։
Այսպիսով, այս կիսամյակը մեծ
ազդեցություն ունեցավ իմ կյանքի վրա, թե՛ նոր գիտելիքների, թե՛ կրթության, թե՛ իմ մտածելակերպի,
թե՛ իմ ընդհանուր գործունեության։ Հուսով եմ, որ 2020 թվականն էլ ավելի լի կլինի նոր
տպավորություններով, ծանոթություններով և հետաքրքիր օրերով և կգերազանցի այս տարվան։
No comments:
Post a Comment