Pages

25 August 2018

Գրականություն 10

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10
ՆԱԽԱԳԾԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս հոդվածում Թումանյանին մտահոգող շատ հարցեր կան: Նա գրում է, որ ժողովուրդը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ:
    Հոդվածում շատ հաճախ է խոսվում վեճերի և նախանձության մասին: Թումանյանը ճիշտ է, ես այս անգամ ևս համաձայն եմ նրա հետ: Կարծում եմ մեր օրերում նույն վիճակն է: Զարմանալի է, որ ավելի քան 100 տարի է անցել, բայց գրեթե ոչինչ չի փոխվել, կարելի է ասել փոխվել է, սակայն կարծում եմ դեպի վատը: Ինչպես գրում է նա, մարդիկ փոխանակ իրենց վրա աշխատելու, ուրիշների հաջողության վրա են «դարդ անում»:
    Նախանձը եղել է ու կլինի, այն չի կարող վերանալ: Մարդիկ չեն հասկանում, որ պետք է ուրախանալ ուրիշի հաջողությունների համար, այլ ոչ թե նախանձել:

Աղբյուրը՝ elenasargsyan.wordpress.com



ԻՄ ՏԵՐՅԱՆԸ

· Ամենահուզիչը «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր» բանաստեղծությունն է:
Հեղինակն ասում է, որ ինքը ոչինչ է իր սիրած աղջկա համեմատ: Նա չի ճանաչում աղջկան, քանի որ չի կարողանում հասնել նրան, սակայն սիրում է նրան ամբողջ սրտով:

· Ամենատխուրը «Սարի ետևում շողերը մեռան» բանաստեղծությունն է:
Այստեղ հեղինակը կարոտում է իր սիրած աղջկան: Նա երկար ժամանակ սպասում է, սակայն աղջիկն այդպես էլ չի հայտնվում: Հեղինակը մտորումների մեջ է. «արդյոք ու՞ր է նա...» 

· Ամենաանհույսը «14 տող» բանաստեղծությունն է:
Այս բանաստեղծության մեջ հեղինակն ինքն իր մասին է խոսում: Գրում է իր անհաջողակ կյանքի մասին՝ որ ոչինչ չունի, մարել են իր բոլոր հույսերը, որ նա կույր, մռայլ և անսեր է դարձել: 

· Ամենաերազկոտը «Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ» բանաստեղծությունն է:
Հեղինակն այստեղ երազում է իր սիրած աղջկա մասին: Պատկերացնում է, թե ինչպես է նրա ձեռքերը համբուրելու, նրա հետ մենակ լինելու, միասին երազելու: Կարծես, նա երազները շփոթում է իրականության մեջ: 


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ»
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ




ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
«ՆԱՄԱԿ ՄԱՐԹԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ»

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին. չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ և անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ և տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ մեռածներիս «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս հավատով ու տիրական «սիրեցե՜ք և դուք կհաղթեք մահվան»:
Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի գերեզմանիս վրա, հանկարծ, բայց աննկատելի երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ախ նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն հավերժորե՜ն:

Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»



ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ է։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։


ԱԼԲԵՐՏ ՔԱՄՅՈՒ
«ԱՌԱՍՊԵԼ ՍԻԶԻՓՈՍԻ ՄԱՍԻՆ»
(ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

«Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը»։
Սիզիփոսը խելացի, ճարպիկ, կյանքի վայելքները սիրող և գնահատող, համարձակ մարդ էր, ում համար ավելի մեծ պատիժ չէր կարող լինել, քան զրկել նրան որևէ գործ ավարտին հասցնելու հաճույքից: Հասնելով սարի գագաթ՝ նա մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է իր ժայռը մի ակնթարթում գլորվում ներքև, որտեղից պետք է նորից վեր բարձրացնի այն:
Արդյո՞ք մենք էլ, առավոտյան արթնանալով, մեր ժայռը գրկած վեր չենք բարձրացնում: Չէ՞ որ մեր գործողություններն էլ կրում են ամենօրյա կրկնվող բնույթ: Ինչո՞վ ենք տարբերվում Սիզիփոսից: Գուցե մեր ժայռն ավելի թեթև է, քան նրանը, բայց օրվա ավարտին այն նորից գլորվում է ներքև: Իսկ եթե չգլորվե՞ր... Ի՞նչ պիտի բարձրացնեինք հաջորդ օրը:
Կարծում եմ հարցն այն է, թե ինչ ժայռ է ընտրում մեզանից յուրաքանչյուրը: Թվում է, թե այս ամենօրյա միօրինակ ապրելակերպը հոգնեցուցիչ է: Սակայն, եթե փորձենք գոնե մի քիչ փոխել մեր «ժայռի» տեսակը, գույնը, չափերը և այլ հատկությունները, գուցե ավելի հետաքրքիր և իմաստավորված կդառնա այն բարձրացնելը:
Եվս մեկ հանգամանք: Ի՞նչ է գտնվում լեռան գագաթին, ինչի՞ համար ենք բարձրացնում «ժայռը»: Սահմանելով հստակ նպատակ՝ ցանկացած գործողություն կարելի է իմաստավորել: Ամեն ինչ կախված է մեզանից: Մարդիկ հորինել են ճակատագիր բառը, որպեսզի դրան վերագրեն իրենց անհաջողությունները: Ոմանք ուղղակի չեն գիտակցում, որ իրենց կյանքի յուրաքանչյուր հաջողության կամ անհաջողության պատճառը հենց իրենք են: Սիզիփոսը, ով ամեն անգամ տեսնելով, թե ինչպես էր ցած գլորվում իր ժայռը, նորից իջնում էր՝ այն վեր բարձրացնելու: Սակայն իջնելիս, նա, գուցե, ոչ միայն տխրում էր, այլ մինչև անգամ ուրախանում. քանի որ իր ճակատագիրը իրեն էր պատկանում: Հենց սա է աբսուրդի զգացողությունը. երբ մենք կարողանում ենք ամենախոր հուսահատության պահին երջանկության զգացում ունենալ, իսկ աբսուրդ մարդը հրճվում է իր տառապանքով: Գագաթը նվաճելու պայքարը Սիզիփոսին դարձնում է երջանիկ։


Մենք էլ պիտի փորձենք չհուսահատվել, գնալ մեր երազանքի հետևից՝ յուրաքանչյուր իրավիճակում լավատես լինելով, և երբեք չհանձնվել:

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

Խուլիո Կորտասարը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 26-ին, արգենտինական առևտրական ներկայացուցչի ընտանիքում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Բուենոս Այրեսում: Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է քաղաքային համալսարանի գրականա-փիլիսոփայական ֆակուլտետը, սակայն գումարի բացակայության պատճառով թողել է ուսումը և 7 տարի աշխատել է որպես գյուղի ուսուցիչ: 1944 թվականին նա սկսել է դասավանդել Մենդոզայի համալսարանում: Մասնակցել է արգենտինական մտավորականների հակամարտական ելույթներում և ստիպված է եղել թողնել դասավանդական գործունեությունը:
1946 թվականին Կորտասարը վերադարձավ Բուենոս Այրես և սկսեց աշխատել գրապալատում: 1951 թվականին գրական կրթաթոշակ ստանալով, գնաց Եվրոպա, և մինչ կյանքի վերջին օրերն ապրեց Փարիզում: Երկար տարիներ աշխատեց Յունեսկոյում, որպես թարգմանիչ:
Գրել սկսեց շատ շուտ: 1938 թվականին կատարեց իր դեբյուտը որպես սիմվոլիստ-բանաստեղծ «Ներկայություն» սոնետների հավաքածուով: Բանաստեղծություններ է գրել ամբողջ կյանքի ընթացքում, սակայն չի հրապարակել: Մահից հետո՝ 1984 թվականին հրապարակվել է «Միայն մթնշաղ» քնարական գիրքը, որում ընդգրկվեցին 1950-ից 1983 թվականների ընթացքում գրված պոեմներն ու բանաստեղծությունները:
Գրողը մահացել է Լայկեմիա հիվանդությունից 1984 թվականի փետրվարի 12-ին՝ Փարիզում: Նա թաղվել է Փարիզի հանրահայտ Մոնպարպաս գերեզմանատանը:

Ստեղծագործությունները: 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց», «Խաղի վերջը», «Գաղտնի զենք» պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Դասակարգ խաղալ» վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար», «Վերջին ռաունդը» վեպերում։


ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ  
ՓՈՔՐԻԿ ԴՐԱԽՏ  

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:  
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝ հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:  
Առաջադրանք  
  1. Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով  ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.  
  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,   
  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,  
  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,  
  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:  
Այո, երջանկության ձևերը շատ են, և իշխանությունը փորձել էր մարդկանց արյան մեջ ոսկե ձկնիկներ ներարկելով երջանկացնել նրանց, և դա նրա մոտ իրոք ստացվել էր:  
  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:  

Կարծում եմ ստեղծագործությունը կոչվում է Փոքրիկ դրախտ, քանի որ իշխանությունը մարդկանց համար գտել էր երջանկանալու մի միջոց: Իսկ դրախտն, իմ կարծիքով, այն տեղն է, որտեղ դու քեզ երջանիկ ես զգում:


ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ
ԴՂՅԱԿ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
(ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Երբեմն մարդիկ անվերջ գնում են իրենց երջանկության հետևից, չիմանալով, որ այն հենց իրենց կողքին է: Այդպես էլ կատարվեց պատմվածքում: Ընտանիքը ցանկանում էր հասնել դղյակին, որտեղ, կարծում էին, որ կլինեն ավելի երջանիկ: Մի քանի տարի նրանք ապարդյուն քայլեցին, չհասկանալով, որ դղյակը անհրաժեշտ չէ երջանիկ լինելու համար: Ժամանակն առաջ է ընթանում, դեպի նպատակը գնալը և չհանձնվելն, իհարկե, կարևոր է, սակայն չի կարելի չնկատել, թե ինչ է կատարվում քո շուրջն այդ պահին: Երջանկությունը քեզ սիրող, միշտ աջակցող և ամեն հարցում օգնող մարդկանցով շրջապատված լինելն է: Կարևոր չէ, որտեղ դու կապրես, ինչ կլինի քո հագին, ինչպիսի տեսք կունենաս, կարևոր է ունենալ քո կողքին այնպիսի մարդ, ով քեզ երբեք չի լքի: Ապագայի մասին չափից շատ մտածելու փոխարեն, պետք է ապրել ներկայով:

Պատմվածքում տղամարդը համառորեն գնում էր դեպի իր նպատակը՝ դղյակը: Նա այնքան էր կենտրոնացել այդ մտքի վրա, որ չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Վերջապես, երբ գտավ դղյակը և ներս մտավ, նրա կինն ու աղջիկն այլևս նրա հետ չէին, սակայն, եթե չձգտեր գտնել դղյակը և ապրեր ներկայով, միգուցե շատ ավելի երջանիկ պահեր կապրեր իր ընտանիքի հետ: Դեպի նպատակը գնալու ճանապարհին կորուստներ են լինում, սակայն ընտանիքը շատ թանկ արժեք է, և ոչ մի երազանք չի կարող արդարացնել այդ արժեքի կորուստը:

ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ 

Սինյիտիրո Նակամուրան ծնվել է 1918 թվականի Մարտի 5-ին, նա ճապոնացի գրող է, գրական քննադատ, ֆրանսիական և դասական ճապոնական գրականության հետազոտող։ Իր վաղ մանկության ժամանակ նա կորցրեց իր մորը։ Տոկիոյում նա ընդունվել է միջնակարգ դպրոց։ Ուսման ընթացքում նա հանդիպեց ապագա գրող Թեքեքիկո Ֆուկունագայի հետ, նրա նման գրական մտածող ընկեր, ում հետ անցավ իր ամբողջ կյանքը։ Իսկ հոր մահից հետո նա մնաց որբ։ Բարեգործական ընկերություններից ստացավ օգնություն։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին ընկերացավ Սյուիտ Կատոյի հետ։ Ավարտել է Տոկիոյի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Համալսարանական տարիներին սկսեց սերտորեն շփվել գրող Տացուո Խորիի հետ։ Այս սկբունքով գրական ձևավորման ժամանակահատվածում բացահայտեց իր համար Պրուստի աշխատանքը և «Գենգիի հեքիաթը» իր գեղագիտության երկու անկյունաքարերը։  Նակամուրան բանաստեղծության մեջ իրեն փորձելու համար, դեռ շատ վաղ է սկսել՝, համալսարանական տարիներին նա փորձարկել է դրամա ժանրի մեջ։ 1942 թվականին Ֆուկունագայի և Կաթոյի հետ միասին ստեղծեցին «Պոետիկ առավոտ» գրական խումբը, փորձարկելով կայուն պոեզիայի ձևերը և դրանց ասածը։  Չնայած նրան, որ հետպատերազմյան տարիներին «Պոետիկ առավոտյան» խմբի փորձերը առաջին անգամ տպագրվեցին, այդ ժամանակի բանաստեղծների կողմից հանդիպեցին թերհավատության՝ որպես ներողություն, արվեստի փախստականության համար։ Նակամուրան շարունակեց գրական խմբի տպագրությունը մինչև իր կյանքի վերջին տարիները։ Պատերազմի տարիներին նա սկսեց թարգմանել Ներվալի ճապոնական ստեղծագործությունները, որոնք հանրահայտ դարձնելու համար նա շարունակում էր մնալ զբաղված «Ճապոնիայի հայրենասերների գրական» խմբակի մեջ։  Պատերազմի ընթացքում սկսում է գրել արձակ։ Առաջին անգամ հրապարակել է հետպատերազմյան տարիներին, պատերազմն ասնցած ինտիլիգենտի կենսագրությունը, որը հիմք դրեց «Մահվան ստվերի տակ» վեպի համար, նա դարձավ ժամանակակից ճապոնական գրականության առաջատար գործիչներից մեկը: 1946 թվականին կրկին Ֆուկունգայի և Կաթոյի ետ միասին հրատարակեցին «Գրականության մասին մեդիտացիան» գիրքը, որտեղ հեղինակները ցույց տվեցին ժամանակակից Եվրոպական գրականության խորը գիտելիքները։ Նակամուրան նաև կագնած էր «Գրադարան ապուրեգերու» շարքի ծագման ժամանակ, որտեղ հրատարակվել են նոր հեղինակների ստեղծագործությունները։ «Ապուրե» բառը հենց այդ ժամանակաշրջանում հաստատվել է։ 

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Կան որոշ հոգևոր տարածքներորոնք ցանկալի է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած նպատակադրումներիցՄխիթար Սեբաստացու համար այդ հոգևոր տարածքը Հայաստանն ու Հայ առաքելական եկեղեցին էրԱյդ պատճառով նա արգելել էր Հայաստանում կաթողիկություն քարոզելը՝ գիտակցելովոր Հայաստանը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: 


Մխիթար Սեբաստացին դարձել է լուսավորության նվիրյալ երախտավորՆա շատ ներողամիտ է եղելչի հանդուրժել Աստծո կամ կրոնի նկատմամբ անհարգաից վերաբերմունքըՆա դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչըմյուսին՝ Հայկազյան բառարանը բռնածերեխաներին ասելովոր նրանք այդ երկու թևերով պիտի թևածեն: 

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ 

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
Սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկինենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ ՍբՂազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։ 
Մխիթարը դեռ ոգևվորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը: 
20 տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա: 
25 տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը: 
Ընդամենը 2 տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով: 
Մխիթար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում: 
Այն թարգմանել և ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր, նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100.000 տպագիր գրականություն: 

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունըշարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ, կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը»։ 

ՀԱՅՐԵՆՆԵՐ 

Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրենի կարգը(չափը), որը ծագել է վաղ անցյալում: Հայրենի կարգը 15 վանկանի բանաստեղծություն էր 7/8 բաժանումով: Դեռևս 10-րդ դարում Գրիգոր Նարեկացին այս չափն օգտագործել է իր «Մատյան Ողբերգության» պոեմի մի գլխում: Միջնադարյան քնարերգության մեջ հայրենի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ: Մեզ հայտնի 500 հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերից ի վեր արևմտահայ քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ: Հայրենների հեղինակ է համարվել Վանի Խառակոնիս գյուղում ծնված Նահապետ Քուչակը: 

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ 

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։ 
Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։ 
Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ 
Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 

Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում: 1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում: 1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր: 
1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում: 1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում: 
1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր››խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››...): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան ‹‹Ալագյազի մանիներ›› պոեմում (1895-1917): 1898թ. Իսահակյանը նորից է ձերբակալվել և աքսորվել Օդեսա: Աքսորից հետո` 1899թ., Իսահակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությանը և դարձել Ալեքսանդրապոլի ‹‹Քարի›› կուսակցության անդամ: Հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված բանաստեղծությունները, որոնք, 1899թվականից սկսած, տպագրվում էին ‹‹Դրոշակ›› ամսագրում, Իսահակյանը ստորագրում էր ‹‹Հայ-Գուսան›› կեղծանունով: 1908թ. ‹‹դաշնակցության գործով››, ի թիվս 160 հայ առաջադեմ մտավորականների (նրանց թվում էր նաև Հովհ. Թումանյանը), Իսահակյանը ձերբակալվել է և կես տարի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել խոշոր դրամական գրավականով: 1909-1910թթ. Իսահակյանը գրել է իր հռչակավոր ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը, որի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի: 1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից, վերադարձի դեպքում կարող էր նորից ձերբակալվել: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո›› անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Այս վեպը նոր շրջանի հայ արձակի ամենահետաքրքիր ու բարդ երևույթներից է: Ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում նա աշխատել է այս վեպի վրա, և տարիների ընթացում կատարված գրառումներում խտացված են բանաստեղծի անհանգիստ սրտի տագնապներն ու խոհերը իր ժողովրդի ճակատագրի շուրջ: 1915թ. Թուրքիայի կողմից իրագործված` հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը Իսահակյանը պետք է պատկերեր իր ‹‹Սպիտակ գրքում››, որի մի զգալի հատվածը տեղ է գտել ‹‹Հիշատակարանի›› գրառումներում: Եղեռնի ծանր զգացողությունների արդյունք են նրա ‹‹Ձյունն է եկել, ծածկել հիմա››‹‹Հայաստանին››‹‹Ահա նորեն եկավ գարուն›› բանաստեղծությունները: Իսահակյանը Հայկական հարցի լուծման ջերմ պաշտպաններից էր:  
Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, ժամանակի-տարածության, տիեզերքի անհունության, իրենց անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում. ‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908, ‹‹Անանդան և մահը››, 1908, ‹‹Հավերժական սերը››, 1914, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սասմա Մհեր››, 1922, ‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923, ‹‹Մի մրահոն աղջիկ տեսա››, 1925, ‹‹Ռավեննայում››, 1926, ‹‹Համբերանքի չիբուխը››, 1928...  Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում: Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ: 1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան: 
Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում, Գյումրիում: Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:  
Ավետիք Իսահակյան - բանաստեղծություններ 
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը: 
Անշեջ – անմար 
Գալարվել – ոլորվել 
Մրահոն – սև հոնքերով 
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար 
Սեգ - փառահեղ 

  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել: 
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ 
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ 

  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել: 
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը: 

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՎԱՆԴՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ 

1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ: 
Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, ՙԲյուզանդ՚ թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության ՙաղբյուր՚` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով: Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ… Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ… Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեւորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան… Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենեւին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում: Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում: Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը… Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ: Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի եւ բժշկի միջեւ լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր: Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ նրա շփման բացակայությունը: Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին: Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորն հոգեկան հիվանդ էր: Մինչեւ կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից: Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն: 
Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ: Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն… 


ԿՈՄԻՏԱՍ 

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։  Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...  «Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։  Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։  1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։  Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։ 1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան: Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից: Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:  1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:  Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից: Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:  Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ: 1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում: Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը: Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով: Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել ՖորեինՔամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:  Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։ Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։ Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։  Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։ Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ...  «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.) 

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ 
ԿՈՒԶԵԻ ԼԻՆԵԼ 
  
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լքորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու: 
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լքորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: 
Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից: 
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: 
  
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին: 
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով: 
Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: 
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել: 
  
Առաջադրանք 
1.    Լրացրե՛ք տրված մտքերը. 
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է`մարդ պետք է անի այն ամենը, ինչ իր սիրտն է ցանկանում: 
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ այնքան էլ համաձայն չեմՃիշտ է, մարդ պետք է անի այն, ինչ իր սիրտն է ուզում, սակայն ոչ միշտ է դա այդպես: Երբեմն լինում են դեպքեր, որբ մարդ հնարավորություն չի ունենում անել այն, ինչ ինքն է ցանկանում: 
2.    Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառիպարտիզպանիպահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն): 


Հերոսը մի փոքրիկ դպրոցական է, ով հոգնել է իր ամենօրյա դասերից և ընդհանրապես առօրյայից: Նա հոգնել է ամեն առավոտյան շուտ արթնանալուց, նույն ժամին դպրոց գնալուց և վերադառնալուց: Հերոսին գրավում էր մանրավաճառիպարտիզպանի և փողոցի պահապանի ազատությունը: Նրան թվում էր, որ այդպիսի աշխատանքը հեշտ է և ազատ, և նույնպես երազում էր այդպես ազատ աշխատել: 

No comments:

Post a Comment