Pages

03 March 2019

Կռիվ ինքդ քո դեմ

Կռիվ ինքդ քո դեմ


Մենք ամեն օր ենք կռվում ինքներս մեր դեմ՝ և՛ ամենօրյա հարցերի, և՛ ինչ-որ լուրջ խնդիրների շուրջ: Երբեմն այդ կռիվը կարող է տարիներ տևել, երբեմն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան: Բոլորս փորձում ենք հաղթել այդ կռվում՝ նախապատվությունը տալով այն կողմին, որը ճիշտ ենք համարում, կամ, որը ճիշտ է համարում հասարակությունը:  Հաճախ ինչ-որ զոհողություններ ենք անում այդ հաղթանակին հասնելու համար, սակայն արդյունքը կարող է այնպիսին չլինել, ինչպես մենք ենք պատկերացնում:

Ինքդ քեզ հետ կռիվը ամենադժվար կռիվն է: Պետք է դժվար որոշումներ կայացնել, երբեմն ընտրություն կատարել՝ հետևել սրտին, թե՞ ուղեղին: Կարող ես երկար կռվել ինքդ քեզ հետ, վերջում մտածես, թե հաղթել ես, հպարտանաս ինքդ քեզնով, սակայն դա չհամապատասխանի իրականությանը: Այդ դեպքում դու շարունակում ես ապրել՝ ինքդ քեզ խաբելով, և մի օր մեծ հիասթափություն ես ապրում, երբ հասկանում ես ամեն ինչ և, կարծես, կորցնում ես կյանքիդ իմաստը, ցանկանում ես ոչնչացնել այն, ինչ քո հաղթանակն էիր համարում:

Նույնը կատարվեց «Հին Աստվածներ» դրամայում՝ վանահոր հետ: Նա հեռացել էր աշխարհից, նոր կյանք էր սկսել, ապրում էր խավարում և կարծում էր, թե հաղթել է այդ կռվում, սակայն մի օր, երբ հանդիպեց իշխանուհուն, հասկացավ, որ դա այդպես չէ. հասկացավ, որ այսքան տարի ապրել է իրականությունից դուրս: Որոշեց քանդել այն եկեղեցին, որը կառուցում էր իշխանուհու հետ. նա կարծում էր, որ քանդելով այն, կքանդի նաև իր զգացմունքները, կմոռանա պարտությունը և նորից նոր կյանք կսկսի, սակայն նա կրկին պարտվում է ինքն իրեն և հեռանում է բոլորից՝ խավարը նախընտրելով լույսից:

Որոշ մարդիկ չափից ավելի կարևորություն են տալիս այդ կռիվներին՝ պարտվելիս կարծելով, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ փոխելու հնարավորություն արդեն չկա, իսկ հաղթելիս՝ մի տեսակ գոռոզանում են և ուրիշ ոչնչի ուշադրություն չեն դարձնում:  Որոշներն էլ ընդհակառակը՝ կարծում են, որ երջանկության կարելի է հասնել միայն ներքին խաղաղություն ունենալով, իսկ դա միայն այն դեպքում, երբ դադարեն կռվել իրենց հետ: Կարծում եմ այս պայքարին պետք չէ ծայրահեղորեն վերաբերվել: Դա ամենօրյա երևույթ է, առանց որի ապրել հնարավոր չէ:

Պետք չէ խուսափել ինքներս մեզ հետ կռիվներից: Դրանք օգնում են ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց, փոխել այն, ինչը մեզ մեր մեջ դուր չի գալիս, փորձել դառնալ մեր նախընտրած ավելի լավ տարբերակը: Այդ կռիվները մեզ հետ են լինելու ամբողջ կյանքում, պարզապես դրանց չափից շատ կարևորություն տալու կամ դրանցից խուսափելու փոխարեն, պետք է սովորել օգուտ քաղել դրանցից և հաշտվել ինքներս մեզ հետ: Իսկ հաշտության լավագույն նախապայմանն է ճանաչել, հասկանալ և ընդունել ինքներս մեզ՝ երբեմն փոխվելու և կատարելագործվելու, մշտապես սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամությամբ:

No comments:

Post a Comment