Pages

17 April 2019

ՀՀ Նախագահի նստավայր


ՀՀ Նախագահ

Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով:

ՀՀ Նախագահի նստավայր
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951 թվականին, որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։
1951թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ: 1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շենքը 1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր: Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004թ. ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:
2009-2010թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով: Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով:

Աղբյուրը՝ www.president.am

No comments:

Post a Comment