Pages

19 November 2019

3. Շնաձկան խայծ (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
3. Շնաձկան խայծ (թարգմանություն)

Հետազոտական փորձի ժամանակ ծովային կենսաբանը շնաձկանը դրեց մեծ ավազանի մեջ և մի քանի փոքր ձկներ բաց թողեց այնտեղ: Ինչպես և սպասում էին, շնաձուկն արագորեն լողաց ավազանով մեկ, հարձակվեց և կերավ փոքր ձկներին:
Այնուհետև, ծովային կենսաբանը մի ապակի դրեց ավազանի մեջ՝ երկու առանձին մաս ստեղծելով: Հետո նա շնաձկանը դրեց մի կողմում, իսկ մյուսում նորից բաց թողեց փոքր ձկների խումբ:
Շնաձուկն էլի արագորեն հարձակվեց: Սակայն այս անգամ շնաձուկը խփվեց ապակե բաժանարարին և հետ մղվեց: Առանց հանձնվելու՝ շնաձուկը շարունակում էր կատարել նույն փորձը՝ մի քանի րոպե հաջողության չհասնելով, երբ փոքր ձկները անվնաս լողում էին երկրորդ բաժանմունքում: Վերջիվերջո՝ մեկ ժամ փորձելուց հետո, շնաձուկը հանձնվեց:

Այս փորձը մի քանի անգամ կրկնվեց հետագա շաբաթների ընթացքում: Ամեն անգամ շնաձուկը ավելի քիչ ագրեսիվ էր դառնում և փոքր ձկների վրա հարձակվելու ավելի քիչ փորձեր էր կատարում, մինչև, վերջապես, նա հոգնում էր ապակուն խփվելուց և դադարում էր հարձակվել:
Ծովային կենսաբանը հանեց ապակե բաժանարարը, բայց շնաձուկը չհարձակվեց: Նա սովորել էր, որ իր և փոքր ձկների միջև բաժանարար կա, այնպես որ փոքր ձկները անվնաս լողում էին, որտեղ կամենային:

_______________________________________________________

Պատմությունը ցույց է տալիս, որ մեզնից շատերը, ձախողումներ և անհաջողություններ ապրելուց հետո հոգեպես հանձնվում են և դադարում են փորձել: Ինչպես պատմության շնաձուկը, մենք հավատում ենք, որ, եթե մենք անցյալում անհաջողակ ենք եղել, մենք միշտ անհաջողակ ենք լինելու: Այլ կերպ ասած՝ մենք շարունակում ենք տեսնել այդ բաժանարարը մեր մտքում, նույնիսկ, երբ մեր գտնվելու վայրի և այն վայրի միջև, ուր մենք ցանկանում ենք գնալ, ոչ մի իրական բաժանարար գոյություն չունի:

Աղբյուրը՝ marcandangel.com 

No comments:

Post a Comment