Հայկական տարազ
Տարազը տարբեր ժողովուրդներին, երկրներին, կամ տարածաշրջաններին բնորոշ հագուստն է: Այն պայմանավորվում է տվյալ երկրի կլիմայով, ժողովրդի մշակույթով և բնական արտադրանքով: Հնում տարազը եղել է ժողովուրդների և ռասաների տարբերակիչ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը: Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազները հիմնականում տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Այնտեղ կնոջ տարազի պարտադիր մասն էր գոգնոցը, որը տարբեր շրջաններում յուրահատուկ տեսք ուներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ: Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:
Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:
Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի, զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ: