Սերը կույր է
(թարգմանություն)
« Բարև Լենգ
Ես այսօրվանից պատրաստվում եմ գրել քեզ անգլերենով, քանի որ երկուսս էլ պարապելու
կարիք ունենք: Շնորհակալ եմ նամակի համար: Կներես, որ ավելի շուտ ճպատասխանեցի, բայց
մեր Բոստոն ժամանելու հաջորդ օրը ես գնացի դպրոց, և շատ զբաղված էի: Ատում եմ այս տեղը:
Ինձ ասաց մի բառ անգամ չեմ կարողանում հասկանալ: Նրանց ակցենտները շատ տարօրինակ են:
Շատ եմ կարոտել Շանհայը և շատ եմ կարոտել քեզ հետ մի խմբում նվագելը: «CRASH»-ը
երբևէ ամենալավ ռոք խումբն էր: Ես դեռ չեմ գտել ուրիշ մեկին՝ հետը նվագելու համար:
Փորձում եմ կիթառ պարապել, սակայն հարևանը, ով ապրում է մեր դիմացում, եկավ և բողոքեց
երեկ: Նա բարկացած էր: Ասաց, որ իր աղջիկը ջութակ էր նվագում, և իմ «սարսափելի
աղմուկը» անհանգստացնում էր նրան: Ավելի ուշ
ես տեսա նրան՝ պատուհանից ինձ նայելիս: Կարծում եմ նա նույնպես ատում է ինձ: Ասե՞ցի
քեզ, որ նա իրոք գեղեցիկ է…
Հեյ, ստիպված եմ դադարել գրելը: Հենց նոր Մայրս աշխատանքից վերադարձավ, իսկ
ես չեմ վերջացրել տնային աշխատանքս:
Խնդրում եմ շուտ պատասխանիր: Ուզում եմ ավելին լսել այն մասին, թե ինչ ես անում
Լոնդոնում: Գտե՞լ ես ինչ-որ մեկին՝ հետը նվագելու համար: Կարողանո՞ւմ ես արդեն հասկանալ
ակցենտը:
Դեշի
Հ.Գ. Կարծում եմ, ես սիրահարվե՛լ եմ»:
Դեշին անջատեց իր համակարգիչը
և բացեց անգլերենի գիրքը: Նա շատ տնային աշխատանք ուներ անելու, սակայն անհնար էր անկատար
բայերի և խառը պայմանական եղանակների վրա կենտրոնանալը: Նա չէր կարողանում դադարել
դիմացի շենքում ապրող աղջկա մասին մտածել: Նա այնքան գեղեցիկ աչքեր ուներ: Դեշին բացեց
իր պատուհանը և նայեց դեպի փողոցը: Աղջկա պատուհանը բաց էր, և նա լսում էր, թե ինչպես
է նա դասական երաժշտություն նվագում: Դա իրոք շատ տխուր և գեղեցիկ էր հնչում: Նա շատ
լավ էր նվագում: Դեշին հոգոց հանեց: «Ես համոզված եմ, նրան դուր է գալիս ռոք երաժշտությունը»,
նա մտածեց:
- Վերջացրե՞լ ես տնային աշխատանքդ,
- ասաց Դեշիի մայրը, դուռը բացելով, - արագացրու, ճաշը կես ժամից պատրաստ կլինի, և
դու անցյալ շաբաթվանից չես մաքրել սենյակդ:
Սակայն Դեշին այնքան էլ քաղցած
չէր:
Այդ գիշեր Դեշին չկարողացավ
քնել, և առավոտյան ուշանում էր դպրոցից: Նա դուրս վազեց տնից, առանց կոշիկները կոճկելու
և նայեց դեպի կանգառը: Օհ ո՜չ: Ավտոբուսն արդեն հեռանում էր: Նա կռացավ կոշիկները կոճկելու:
Շտապելու իմաստ չկար, միևնույն է նա խնդիրների մեջ էր լինելու: Նա ուղղվեց և հանկարծ
տեսավ աղջկան: Նա նստած էր իր հոր մեքենայի մեջ, որի պատուհանը բաց էր: Դեշին վայր
գցեց իր ուսապարկը և աղջիկը պտտվեց ու նայեց նրան: Նա չէր կարողանում շարժվել: Աղջկա
աչքերը կանաչ էին: Նա անցյալում երբեք չէր տեսել կանաչ աչքերով մեկին: Նա ժպտաց աղջկան,
սակայն վերջինս ուղղակի նայում էր նրան, ասես նա գոյություն չուներ: Դեշին զգում էր,
թե ինչպես է իր դեմքը կարմրում: Նա վերցրեց իր ուսապարկը և փողոցով ներքև վազեց:
Այդ օրը դպրոցում լավ չանցավ:
Նա ձախողեց հերթական մաթեմատիկայի թեստը, և անգլերենի ուսուցիչը բարկացավ նրա վրա դասարանում
երազելու համար: Ընդմիջման ժամին նա չէր կարողանում ուտել: Ճաշարանի ուտելիքը զզվելի
էր: Ինչպե՞ս կարող են նրանք ուտել դա: Իսկ ամենավատն այն էր, որ դպրոցից հետո նա ստիպված
էր մնալ հավելյալ անգլերենի դասերի, ինչի պատճառով կրկին ուշացավ ավտոբուսից: Նա որոշեց
քայլելով գնալ տուն, նրան անհրաժեշտ էր մտածել: Նա իր փողոցի կողքի այգով էր քայլում,
մտածելով իր Շանհայի դպրոցի և ընկերների մասին: Նա մտածում էր իր հոր մասին նույնպես,
ինչը ստիպեց նրան ավելի վատ զգալ: Նրա հայրը մահացել էր երեք տարի առաջ: Նա ինժեներ
էր, և աշխատանքի վայրում դժբախտ պատահար էր եղել: Նա ցանկանում էր, որ իրենք ստիպված
չլինեին Բոստոնու ապրել, բայց իր մայրը ստիպված էր գնալ այնտեղ, ուր ուղարկում էր իր
կազմակերպությունը: Հետո Դեշին տեսավ նրան... Աղջիկն ուղղակի նստած էր նստարանին իր
շան հետ: Դեշին մի պահ քարացավ: «Օհ ո՛չ, նա տեսել է ինձ», մտածեց նա: «Լա՛վ, համարձակ
եղիր», ասաց նա իրեն: Նա ժպտաց և ձեռքով արեց աղջկան, սակայն վերջինս կրկին անտեսեց
նրան: «Հիմա՛ր» ասաց նա իրեն: «Ինչո՞ւ ես ձեռքով արեցի: Հիմա նա իրոք ատում է ինձ»:
Ավելի ուշ երեկոյան Դեշին կիթառով «Blue Scales» երգն էր նվագում կիթառով՝ ականջակալներն
ականջներին: Նրա Շանհայի ընկերները կարծում էին, որ նա իրոք լավ է նվագում: Դա նրա
միտքն էր՝ խումբ ստեղծել իր ընկեր Լենգի հետ, նրանք նույնիսկ համերգ էին տվել դպրոցում:
Բայց հիմա, նա չէր ուզում, որ ինչ-որ մեկը լսի իր նվագելը, առավել ևս՝ աղջիկը: Նա մտածում
էր դասական կիթառ գնելու մասին, որբ իր մայրը սենյակ մտավ: Նրա ձեռքում նամակ կար:
- Փոստատարը սա սխալ բնակարան
է բերել, - ասաց նա, - սա դիմացի շենքի համար է: Կարո՞ղ ես դու տանել սա, քանի դեռ
ես ճաշն եմ պատրաստում: Եվ վերջին անգամ, խնդրում եմ, կմաքրե՞ս սենյակդ:
- Լավ, մամ, - ասաց նա:
Դեշին վայր դրեց կիթառը: Հիմա
ամեն ինչի հետ միասին, նա նաև մեղավոր էր զգում: Մայրը իրոք հոգնած էր երևում: Նա ամբողջ
օրն աշխատել էր, իսկ հետո ստիպված էր պատրաստել նրա համար: Գուցե նա պետք է ավելի շատ
օգներ:
Դեշին խղճուկ էր զգում, երբ
իջում էր աստիճաններով: Այքան դժվար էր իր և մոր համար՝ հոր մահանալուց հետո: Մոր աշխատանքը
խլում էր նրա ողջ ժամանակը: Դպրոցը շատ դժվար էր Դեշիի համար, և նրանցից ոչ մեկը ընկերներ ձեռք չէր բերել Բոստոնում: Նա նոր էր հասել
դիմացի շենք, որբ դուռը բացվեց: «Օհ ո՛չ, սա կրկին նա է», մտածեց Դեշին: Արդեն ուշ
էր հետ պտտվելու համար: Աղջիկը պատրաստվում էր իջնել աստիճաններով, երբ գցեց ինչ-որ
բան: Այն ձայն հանեց, երբ թռավ և կանգ առավ Դեշիի ոտքերի մոտ: Առանց մտածելու նա բարձրացրեց
այն:
- Ո՞վ է այստեղ:
Դեշին շփոթված էր:
- Ըը, ես ապրում եմ դիմացի
շենքում, դու լա՞վ ես:
- Օհ, դու այն տղա՞ն ես, ով
կիթառ է նվագում, - ասաց նա, - բարև, ես Հելենն եմ: Ես շատ եմ սիրում քո երաժշտությունը,
ներողություն եմ խնդրում իմ հոր բողոքելու համար. Նա ինձ համար չափից շատ է անհանգստանում:
Դեշին նայեց, թե ինչ էր աղջկա
ձեռքում: Դա սպիտակ ձեռնափայտ էր: Աղջիկը կույր էր: