ԱԼԲԵՐՏ ՔԱՄՅՈՒ
«ԱՌԱՍՊԵԼ ՍԻԶԻՓՈՍԻ ՄԱՍԻՆ»
«ԱՌԱՍՊԵԼ ՍԻԶԻՓՈՍԻ ՄԱՍԻՆ»
(ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)
«Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը»։
Սիզիփոսը խելացի, ճարպիկ, կյանքի վայելքները սիրող և գնահատող, համարձակ մարդ էր, ում համար ավելի մեծ պատիժ չէր կարող լինել, քան զրկել նրան որևէ գործ ավարտին հասցնելու հաճույքից: Հասնելով սարի գագաթ՝ նա մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է իր ժայռը մի ակնթարթում գլորվում ներքև, որտեղից պետք է նորից վեր բարձրացնի այն:
Արդյո՞ք մենք էլ, առավոտյան արթնանալով, մեր ժայռը գրկած վեր չենք բարձրացնում: Չէ՞ որ մեր գործողություններն էլ կրում են ամենօրյա կրկնվող բնույթ: Ինչո՞վ ենք տարբերվում Սիզիփոսից: Գուցե մեր ժայռն ավելի թեթև է, քան նրանը, բայց օրվա ավարտին այն նորից գլորվում է ներքև: Իսկ եթե չգլորվե՞ր... Ի՞նչ պիտի բարձրացնեինք հաջորդ օրը:
Կարծում եմ հարցն այն է, թե ինչ ժայռ է ընտրում մեզանից յուրաքանչյուրը: Թվում է, թե այս ամենօրյա միօրինակ ապրելակերպը հոգնեցուցիչ է: Սակայն, եթե փորձենք գոնե մի քիչ փոխել մեր «ժայռի» տեսակը, գույնը, չափերը և այլ հատկությունները, գուցե ավելի հետաքրքիր և իմաստավորված կդառնա այն բարձրացնելը:
Եվս մեկ հանգամանք: Ի՞նչ է գտնվում լեռան գագաթին, ինչի՞ համար ենք բարձրացնում «ժայռը»: Սահմանելով հստակ նպատակ՝ ցանկացած գործողություն կարելի է իմաստավորել: Ամեն ինչ կախված է մեզանից: Մարդիկ հորինել են ճակատագիր բառը, որպեսզի դրան վերագրեն իրենց անհաջողությունները: Ոմանք ուղղակի չեն գիտակցում, որ իրենց կյանքի յուրաքանչյուր հաջողության կամ անհաջողության պատճառը հենց իրենք են: Սիզիփոսը, ով ամեն անգամ տեսնելով, թե ինչպես էր ցած գլորվում իր ժայռը, նորից իջնում էր՝ այն վեր բարձրացնելու: Սակայն իջնելիս, նա, գուցե, ոչ միայն տխրում էր, այլ մինչև անգամ ուրախանում. քանի որ իր ճակատագիրը իրեն էր պատկանում: Հենց սա է աբսուրդի զգացողությունը. երբ մենք կարողանում ենք ամենախոր հուսահատության պահին երջանկության զգացում ունենալ, իսկ աբսուրդ մարդը հրճվում է իր տառապանքով: Գագաթը նվաճելու պայքարը Սիզիփոսին դարձնում է երջանիկ։
Մենք էլ պիտի փորձենք չհուսահատվել, գնալ մեր երազանքի հետևից՝ յուրաքանչյուր իրավիճակում լավատես լինելով, և երբեք չհանձնվել:
No comments:
Post a Comment