08 February 2018

Նախագիծ «Կարդում ենք Տերյան»

ԻՄ ՏԵՐՅԱՆԸ

· Ամենահուզիչը «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր» բանաստեղծությունն է:
Հեղինակն ասում է, որ ինքը ոչինչ է իր սիրած աղջկա համեմատ: Նա չի ճանաչում աղջկան, քանի որ չի կարողանում հասնել նրան, սակայն սիրում է նրան ամբողջ սրտով:

· Ամենատխուրը «Սարի ետևում շողերը մեռան» բանաստեղծությունն է:
Այստեղ հեղինակը կարոտում է իր սիրած աղջկան: Նա երկար ժամանակ սպասում է, սակայն աղջիկն այդպես էլ չի հայտնվում: Հեղինակը մտորումների մեջ է. «արդյոք ու՞ր է նա...» 

· Ամենաանհույսը «14 տող» բանաստեղծությունն է:
Այս բանաստեղծության մեջ հեղինակն ինքն իր մասին է խոսում: Գրում է իր անհաջողակ կյանքի մասին՝ որ ոչինչ չունի, մարել են իր բոլոր հույսերը, որ նա կույր, մռայլ և անսեր է դարձել: 

· Ամենաերազկոտը «Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ» բանաստեղծությունն է:
Հեղինակն այստեղ երազում է իր սիրած աղջկա մասին: Պատկերացնում է, թե ինչպես է նրա ձեռքերը համբուրելու, նրա հետ մենակ լինելու, միասին երազելու: Կարծես, նա երազները շփոթում է իրականության մեջ: 


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ»
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ




ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
«ՆԱՄԱԿ ՄԱՐԹԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ»


«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին. չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ և անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ և տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ մեռածներիս «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս հավատով ու տիրական «սիրեցե՜ք և դուք կհաղթեք մահվան»:
Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի գերեզմանիս վրա, հանկարծ, բայց աննկատելի երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ախ նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն հավերժորե՜ն:

Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»



ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ է։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

No comments:

Post a Comment