03 April 2019

ՀՀ Կառավարություն


ՀՀ Կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: ՀՀ վարչապետն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝ քվեարկության արդյունքում։ ՀՀ վարչապետը՝ 2018 թվականի մայիսի 8-ից, Նիկոլ Փաշինյանն է, փոխվարչապետերն են Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն ունի իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Այն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետին ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական վերահսկողական ծարայությունը։
Ներկայումս ՀՀ-ն ունի 12 նախարարություն, որոնք են՝ Առողջապահության (նախարար` Արսեն Թորոսյան), Արդարադատության (նախարար` Արտակ Զեյնալյան), Կրթության և գիտության (նախարար` Արայիկ Հարությունյան), Պաշտպանության (նախարար` Դավիթ Տոնոյան), Բնապահպանության (նախարար` Էրիկ Գրիգորյան), Արտաքին գործերի (նախարար` Զոհրաբ Մնացականյան), Արտակարգ իրավիճակների (նախարար` Ֆելիքս Ցոլակյան), Աշխատանքի և սոցիալական հարցերի (նախարար` Զարուհի Բաթոյան), Տարածքային կառավարման և զարգացման (նախարար` Սուրեն Պապիկյան), Տնտեսական զարգացման և ներդրումների (նախարար` Տիգրան Խաչատրյան), Ֆինանսների (նախարար` Ատոմ Ջանջուղազյան), Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (նախարար` Հակոբ Արշակյան) նախարարությունները։
ՀՀ Կառավարությանը ենթակա մարմիններն են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն,  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Աղբյուրը՝ www.gov.am

No comments:

Post a Comment