05 March 2020

Կորոնավիրուս: Ավելորդ խուճա՞պ, թե՞ գրագետ պաշտպանություն


Ավելորդ խուճա՞պ, թե՞ գրագետ պաշտպանություն

Տարին սկսելուն պես ի հայտ եկավ բոլորիս արդեն հայտնի Կորոնավիրուսը, որը հազարավոր զոհերի, վարակակիրների, համատարած խուճապի պատճառ դարձավ: Եվ վերջապես՝ երեք ամիս անց, գրանցվեց առաջին դեպքը Հայաստանում, ինչն, իհարկե, անխուսափելի էր՝ հաշվի առնելով, որ մեր բոլոր հարևան երկրներում վիրուսն արդեն տարածված էր: Ներկայիս պահին վարակվելու վտանգը երկրում այդքան էլ մեծ չէ, քանի որ վարակված մարդիկ գտնվում են փակ տարածքում, սակայն պաշտպանվելն ավելի քան անհրաժեշտ է:

Իսկ ինչպե՞ս են Հայաստանում մարդիկ պաշտպանվում վիրուսից: Ահա մի փոքրիկ ռադիոնյութ, որտեղ մեր անցկացրած հարցման շրջանակներում որոշ մարդիկ պատմել են վիրուսից պաշտպանվելու իրենց միջոցների մասին:





Այս խնդրի վերաբերյալ իմ մոտեցումը հետևյալն է:
Ես մտովի մարդկանց բաժանում եմ մի քանի խմբի.

1. Վիրուսին նշանակություն չտվող մարդիկ: Նրանք լուրջ չեն վերաբերվում տվյալ իրավիճակին՝ կարծելով, որ լուրերը սուտ են, վիրուսը առանձնապես վտանգ չի ներկայացնում, և, եթե նույնիսկ այն վտանգավոր լիներ, իրենք չեն վարակվի, քանի որ բարձր իմունիտետ ունեն: Կարճ ասած՝ այս մարդիկ ուղղակի չեն պաշտպանվում:

2. Վիրուսին չափից լուրջ վերաբերվող մարդիկ: Նրանք վերոնշյալ մարդկանց հակապատկերն են: Ոմանք կիլոգրամներով ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ են գնում և փակվում բնակարաններում՝ որոշելով այնտեղ մնալ, մինչև վտանգն անցնի: Դադարեցնում են շրջապատի հետ շփումը, վախենում են տանից դուրս գալ, կամ ուրիշներին ներս թողնել:

3. Իրավիճակը հասկացող, սակայն ոչ գրագետ պաշտպանվող մարդիկ: Կարծում եմ, որ Հայաստանի բնակիչների մեծ մասն այս խմբին են պատկանում: Նրանք չգիտեն պաշտպանվելու կանոնները և երբեմն, նույնիսկ սեփական նոր մեթոդներ են հորինում: Ոմանք ընտրում են ավանդական տարբերակները՝ սխտոր ուտելը, դրա հոտը շնչելը, ալկոհոլ խմելը: Ոմանք էլ փորձում են վիրուսից պաշտպանվել դրսում դիմակներ կրելով, սակայն շատ դեպքերում դա սխալ են անում, ինչի արդյունքում նրանց ջանքերն ապարդյուն են դառնում:

4. Վերջին խումբը՝ նրանք, ովքեր և՛ հասկանում են՝ ինչ է կատարվում, և՛ կարողանում են գրագետ պաշտպանվել: Նրանք հետևում են հիգիենայի կանոններին, զգույշ են, սակայն չեն փոխում իրենց առօրյան և չեն մեկուսանում աշխարհից:
Մարդկանց մեծամասնությունն ուղղակի խուճապի է մատնվել, ինչը կարող եք ինքներդ տեսնել: Շատ խանութներում խառնաշփոթ է՝ ինչպես Ամանորից առաջ: Դեղատներում վերջացել են դիմակները, սպիրտը, մի շարք դեղամիջոցներ, մարդիկ անընդհատ ինչ-որ բան են պահանջում: Չեն ցանկանում շփվել ուրիշների հետ, խուճապի են մատնվում, երբ, նույնիսկ սենյակում մեկը հազում է՝ առանց փորձելու գոնե պատճառն իմանալ:

Այս ամենը կանգնեցնելու համար ուղղակի պետք է ավելի ինֆորմացված լինել. հետևել հիգիենայի կանոններին, անընդհատ լվանալ ձեռքերը, ախտահանել նաև այն իրերը, որոնց ավելի շատ ենք օգտագործում (օրինակ՝ հեռախոսները, քանի որ դրանք անընդհատ մեր ձեռքում են): Ավելի զգուշանալու համար ցանկալի է դրսում կրել դիմակներ՝ հատկապես, երբ շրջակայքում հիվանդ մարդ կա, սակայն դա պետք է անել ճիշտ (Դիմակները մեկանգամյա օգտագործման են և դրանք կարելի է կրել մոտ երեք ժամ, դիմակը դնելուց առաջ պետք է լվացվել, դիմակը դնել դեմքին՝ դրա և դեմքի միջև բաց տարածություն չթողնելով, ինչից հետո՝ ևս մեկ անգամ լվացվել: Մի քանի ժամ հետո, պետք է հանել այն՝ միայն ծայրերին դիպչելով, ինչից հետո, նույնպես, պետք է լվացվել: Դրանք չի կարելի մի քանի անգամ հանել և դնել, ինչպես անում են շատերը՝ դիմակները պահելով իրենց գրպաններում. այս դեպքում դրանք կրելն ուղղակի անիմաստ է դառնում): Պետք է միմյանց համբուրելով չբարևել, նվազեցնել դրսում մարդկանց հետ մոտիկից շփումը, հեռու մնալ մարդաշատ վայրերից: Ինքնազգացողության վատացման դեպքում՝ այցելել բժշկի, խուսափել այն երկրներ այցելելուց, որտեղ վիրուսը տարածված է:
Կորոնավիրուսից պետք չէ վախենալ և խուճապի մատնվել, պետք է ուղղակի գրագետ պաշտպանվել դրանից՝ փորձելով կանխարգելել դրա տարածումը:

Լիանա Վահանյան, Գևորգ Հովհաննիսյան


No comments:

Post a Comment