(թարգմանություն)
Քլոյեն դպրոցից տուն վերադարձավ, իր համար
մի բաժակ սուրճ պատրաստեց և գնաց իր ննջասենյակ: Նա տնային աշխատանք պիտի աներ,
սակայն դա կարող էր սպասել: Նա ուզում էր վայելել անաղմուկ ժամանակը, մինչև նրա
ծնողները տուն կգային և կլցնեին տունը զրույցների, հեռուստացույցի և իր հոր սիրելի
ջազզ երաժշտության ձայներով:
Նա նույնպես սիրում էր օրվա այս ժամանակը,
քանի որ կարող էր խաղալ իր առնետների հետ: Այո՛, դա ճի՛շտ է, ընտանի առնետներ:
Քլոյեն երկուսն ունի՝ Զենան և Ռոքսին: Քլոյեն գիտի, որ նրանք ոչ սովորական
կենդանիներ են, և նա գիտի որ շատ մարդիկ մտածում են, որ առնետները կեղտոտ են: Նա նույնպես
չէր սիրում առնետների, մինչև իր ընկեր Մարտինը նրան հրավիրեց իր տուն և ցույց տվեց
իր ընտանի առնետներին: Երբ նա խաղաց նրանց հետ և առաջին անգամ բռնեց նրանց իր
ձեռքում, նա տեսավ, թե ինչ քնքուշ և խելացի են նրանք: Անցյալ տարի, երբ Մարտինի
առնետներից մեկը ձագեր ունեցավ, Քլոյեն որոշեց, որ կուզեր նրանցից երկուսին իրեն
վերցնել:
Մորն ու հորը համոզելը հեշտ չէր, բայց,
բարեբախտաբար, դպրոցից լավ լուրեր էին ժամանել հենց Քլոյեի ծննդյան օրվանից առաջ,
և նրա ծնողները լավ տրամադրություն ունեին: Երբ մայրիկը հարցրեց, թե ինչ է ուզում
Քլոյեն իր ծնունդի համար, վերջինս պատասխանեց, որ մի զույգ առնետ է ուզում:
- Առնե՞տ, լու՞րջ ես ասում, - հարցրեց
մայրիկը, իսկ հետո Քլոյեն պատմեց նրան Մարտինի և ձագուկ առնետների մասին:
- Ինձ հինգ րոպե տուր, - ասաց մայրիկը, -
ես պատրաստվում եմ զանգել Մարտինի ծնողներին:
Դա Քլոյեի կյանքի ամենաերկար հինգ րոպեն
էր, սակայն վերջապես մայրիկը հետ եկավ խոհանոց, ժպտաց և ասաց.
- Լավ, դու կարող ես երկու առնետ ունենալ,
բայց (մայրիկների մոտ միշտ «բայց» կա) նրանք պետք է ապրեն քո սենյակում և երբեք չեն
կարող տան մյուս սենյակները մտնել, հատկապես՝ խոհանոց:
Քլոյեն հանգստացավ, իսկ երկու օր հետո
նրանք գնացին Մարտինի տուն՝ Ռոքսիին և Զենային վերցնելու:
Իր սենյակում Քլոյեն բացեց վանդակը: Նախ
նա վերցրեց Ռոքսիին և նրան գետնին դրեց, հետո վերցրեց Զենային և նրան դրեց իր ուսին:
Ռոքսին սիրում էր բացահայտել: Նա մագլցեց գրքերի և շորերի վրայով և Քլոյեի
մահճակալի տակ մտավ: Զենան ավելի լուռ էր, և սիրում էր նստել Քլոյեի ուսին, մինչ նա
իր ընկերներին հաղորդագրություն էր ուղարկում և գիրք էր կարդում: Մի քիչ հետո դռան
թակոց լսվեց:
- Բարև, Քլո՛յե, դու այդտե՞ղ ես:
- Այո, մա՛մ, - ասաց Քլոյեն, - նե՛րս արի:
- Ես գնում եմ իմ աերոբիկայի դասին, մոտավորապես
ժամը յոթին տանը կլինեմ: Հայրիկը ճանապարհին է, նա այսօր պաստա է պատրաստելու:
- Լավ, մամ, կսեսնվենք, - պատասխանեց
Քլոյեն:
Մայրը փոկեց դուռը: Քլոյեն Զենային դրեց վանդակի
մեջ և սկսեց Ռոքսիին կանչել:
- Ռոքսի՞, - ասաց Քլոյեն, - Ռոքսի, որտե՞ղ
ես:
Սովորաբար Ռոքսին գալիս էր, երբ Քլոյեն նրա
անունն էր տալիս: Քլոյեն մի պահ սպասեց, իսկ հետո սկսեց նրան փնտրել: Ո՞րտեղ կարող
է լինել Ռոքսին: Նա պետք է Քլոյեի սենյակում մի տեղ լինի: Հետո Քլոյեն հիշեց, որ
մայրիկը դուռն էր բացել: Ռոքսին երևի սենյակից դուրս էր եկել և կարող էր տանը ամեն
տեղ լինել:
Քլոյեն սկսեց փնտրել: Նա նայեց իր ծնողների
սենյակում, բայց Ռոքսին այնտեղ չէր: Հետո նա ներքև իջավ: Ճանապարհին հանկարծ
խուճապի մատնվեց: Ի՞նչ, եթե Ռոքսին մտել է լվացքի մեքենայի մեջ, և մայրիկը միացրել
է այն: Քլոյեն մի քանի քայլ վազեց դեպի խոհանոց, և երջանկացավ՝ տեսնելով, որ
լվացքի մեքենայի դուռը բաց էր և Ռոքսին դրա մեջ չէր: Հետո Քլոյեն փնտրեց
խոհանոցում՝ բացելով պահարանները, միաժամանակ կանչելով Ռոքսիին:
- Բարև, Քլո՛յե, - ասաց հայրիկը, երբ
խոհանոց մտավ՝ մի մեծ իտալական դելիկատեսներով տոպրակ ձեռքին, - լա՞վ ես, -
հարցրեց նա:
- Այո, ես... ես..., - Քլոյեն ուզում էր
ասել «լավ եմ», բայց նա լավ չէր, և իրեն հայրիկի օգնությունն էր անհրաժեշտ: -
Հայրիկ, ես... ես... ես Ռոքսիին եմ կորցրել, - ասաց նա:
- Տեսնում եմ, - ասաց հայրիկը՝ տոպրակը
գետնին դնելով, - Մի՛ անհանգստացիր, մենք կգտնենք նրան, նա չի կարող հեռու լինել:
Քլոյեն և նրա հայրիկը փնտրեցին ամբողջ
տանը, սակայն չկարողացան գտնել Ռոքսիին: Երբ նա երրորդ անգամ փնտրում էր իր
սենյակում, լսեց դռան բանալիի ձայնը և մայրիկին՝ «Ես տանն եմ» կանչելիս:
«Օ՜հ, ոչ, - մտածեց Քլոյեն, - մայրիկը
կզայրանա»: Նա որոշեց մնալ իր սենյակում և թողնել՝ հայրն ասի մայրիկին Ռոքսիի
մասին: Հետո հայրիկի ծիծաղը լսեց, իսկ մայրը կանչեց.
- Քլոյե, ներքև՛ արի:
Քլոյեն ներքև իջավ, որտեղ ժպտացող մայրիկն
էր, ում ուսին՝ Ռոքսին:
- Օ՜հ, մայրի՛կ, դու գտար նրան, - ասաց Քլոյեն,
- որտե՞ղ էր նա:
- Երբ մարզասրահ հասա, - ասաց մայրիկը, -
բացեցի իմ պայուսակը և տեսա Ռոքսիին՝ իմ սպորտային կոշիկներից մեկի մեջ քնած:
- Օ՜հ, ոչ, դու զայրացա՞ծ ես, - հարցրեց
Քլոյեն:
- Ոչ, դա անսպասելի էր, բայց ես նրան առաջին
անգամ վերցրեցի, և գիտե՞ս ինչ, կարծում եմ, որ ես նույնպես առնետների եմ սիրում:
Աղբյուրը՝ Where's Roxy?
No comments:
Post a Comment