Գրականություն

Գուրգեն Մահարի. «Ծաղկած փշալարեր»

Հայկական գրականությունը ինձ երբեք չի գրավել, սակայն այս գիրքը բացառություն եղավ: Այն պատմական-հայրենասիրական գրքերից չէր, որոնցում, սովորաբար, ամեն ինչ չափազանցված է լինում, այլ պատմում էր մարդկանց իրական կյանքի և դժվարությունների մասին:
Դեպքերը տեղի են ունենում Սիբիրում, ուր՝ 3 րոպեյանոց դատից հետո ազատազրկվել և աքսորվել էին բազմաթիվ անմեղ մարդիկ: Գլխավոր հերոսներն էին Աշոտ Դային, Մամոն, Լյուդմիլան, Իոնասը և հենց ինքը՝ հեղինակը, ովքեր աքսորի տարիներին աշխատում էին բրուտանոցում:
Վիպակը նկարագրում է տարբեր խառնվածքի, մտածելակերպի մարդկանց, որոնք անմեղ էին, սակայն, կարելի է ասել, անբախտ էին և տարիներով կտտանքների էին ենթարկվում իշխանության կողմից: Նրանց մեջ կային բանաստեղծներ, գիտնականներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, ճարտարապետներ և այլ մասնագիտության տեր ունեցող մարդիկ, որոնք շատ անգամ ծանոթ էին միմյանց: Կալանավորներից շատերը այդ ընթացքում գնդակահարվում են, մյուսներն էլ մահանում են սովից, ծարավից, ցրտից, կամ ծանր աշխատանքների արդյունքում ձեռք բերված հիվանդություններից, իսկ Գուրգենը, Աշոտ Դային և այլոք՝ չնայած բազմաթիվ դժվարությունների և տանջանքների, ողջ են մնում, և վերջում ազատ են արձակվում:




Էռլոմ Ախվլեդիանի․ «Վանոն և Նիկոն»

Էռլոմ Ախվլեդիանիի՝ Վանոյի և Նիկոյի մասին պատմվածքներն առաջին հայացքից շատ տարօրինակ են։ Առաջին անգամ կարդալիս ոչինչ չես հասկանում, ասես ուղղակի անիմաստ պատմվածքներ լինեն, սակայն, երբ մի փոքր մտածում ես, հասկանում ես, որ պատմվածքներն իրականում շատ արդիական և իմաստալից են։ «Վանոն և Նիկոն․ որսորդությունը» պատմվածքն ինձ դեռևս ամենահոգեհարազատն է։ Այստեղ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, և ասում էր, որ երբ վերջինս թռչի, նա կսպանի Վանոյին։ Վերջում, Վանոն թռչել սովորեց, իսկ Նիկոն նրան կրակեց։




Ճապոնական գրականություն

Կարդացածս արտասահմանյան գրականությունից ամենաանհասկանալին և տարօրինակը ճապոնականն էր։ Այս ստողծագործությունները, նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո, այդպես էլ չհասկացա, ինչի արդյունքում նաև չհավանեցի։ Պատճառը նույնպես չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ նույն ստեղծագործությունները կարդամ մի քանի տարուց, և դրանց լրիվ ուրիշ նշանակություն տամ, հասկանամ դրանց իմաստը, սակայն այս պահին ճապոնական գրականությունն ինձ հոգեհարազատ չէ։
Թանկաներն ու Հոքուները, որոնք կարդացի, ինձ համար անիմաստ էին, քանի որ դրանք չափազանց կարճ էին և անհասկանալի։ Ասես հեղինակն ուղղակի տարբեր բառեր է ընտրել և ամբողջացրել դրանք ընդամենը երկու տողի մեջ։ Հնարավոր է, որ դրանց իմաստը իրականում շատ մեծ է, սակայն այն թաքնված է ստեղծագործությունների խորքերում, և այն գտնելու ու հասկանալու համար մեծ ջանքեր են պահանջվում։





Չինական փիլիսոփայության դրույթներ


Դրույթներն առաջին անգամ կարդալիս չհավանեցի, քանի որ չեմ սիրում այն ստեղծագործությունները, որտեղ իմաստը թաքցված է խորքում, և ստիպված ես լինում կարդալ ու կարդալ, մինչ կգտնես այն և կհասկանաս։ Սակայն մի քանի անգամ կարդալուց հետո իմ կարծիքը փոքր-ինչ փոխվեց, քանի որ հասկացա, որ դրանք այդքան էլ անիմաստ չեն։ Իրականում այս դրույթները օգնում են մեզ նկատել առօրյա կյանքում մեզ շրջապատող փոքր իրերն ու երևույթները, որոնց այդքան էլ ուշադրություն չենք դարձնում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ 




Իրանական պոեզիա

Արևելյան պոեզիայի սիրահար չեմ։ Հաճախ այդ բանաստեղծությունները չափազանց դժվար են հասկանալու համար, ինչի արդյունքում ուղղակի սկսում եմ չհավանել դրանք և կարդալիս ձանձրանում եմ։ Սակայն, իմ կարծիքով, Իրանական պոեզիան ավելի յուրահատուկ է և տարբերվում է մնացածից։ Բանաստեղծություններն ավելի հետաքրքիր, իմաստալից են և հեշտ են հասկացվում։
Կարդացի «Սպասող Մարդու Օրագիրը»․ այս բանաստեղծությունների մեծ մասը մռայլ էր։ Դրանք շատ կարճ էին, սակայն այդ երկու տողի մեջ կարելի էր մեծ իմաստ գտնել։ Այս բանաստեղծությունները ոչինչ մանրամասն չեն նկարագրում և ստիպում են ընթերցողին մտածել և ինքնուրույն հասկանալ դրանց իմաստը։




Եղիշե Չարենց․ «Նավզիկե»

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է վերջինիս՝ կիսամեռ վիճակում, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:







Չարենցի բանաստեղծությունները



Կարոտ, հայրենասիրություն, անհանգստություն՝ երեք բառ, որոնք իմ կարծիքով ամենաշատն են համապատասխանում Չարենցի բանաստեղծություններին: Տարբեր շարքերը կարդալիս տարբեր զգացողություններ ու տպավորություններ ես ունենում: Բանաստեղծությունների տրամադրությունը տատանվում է, ասես դրանք տարբեր մարդիկ գրած լինեն՝ մեկը տաքարյուն, բուռն զգացմունքներով, մեկն անընդհատ սթրեսսի մեջ, մյուսն էլ միայնակ, ում հոգին լի է կարոտով և իր հայրենիքի ու հարազատների հանդեպ սիրով:




Կռիվ ինքդ քո դեմ
(էսսե)

Մենք ամեն օր ենք կռվում ինքներս մեր դեմ՝ և՛ ամենօրյա հարցերի, և՛ ինչ-որ լուրջ խնդիրների շուրջ: Երբեմն այդ կռիվը կարող է տարիներ տևել, երբեմն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան: Բոլորս փորձում ենք հաղթել այդ կռվում՝ նախապատվությունը տալով այն կողմին, որը ճիշտ ենք համարում, կամ, որը ճիշտ է համարում հասարակությունը:  Հաճախ ինչ-որ զոհողություններ ենք անում այդ հաղթանակին հասնելու համար, սակայն արդյունքը կարող է այնպիսին չլինել, ինչպես մենք ենք պատկերացնում:

Ինքդ քեզ հետ կռիվը ամենադժվար կռիվն է: Պետք է դժվար որոշումներ կայացնել, երբեմն ընտրություն կատարել՝ հետևել սրտին, թե՞ ուղեղին: Կարող ես երկար կռվել ինքդ քեզ հետ, վերջում մտածես, թե հաղթել ես, հպարտանաս ինքդ քեզնով, սակայն դա չհամապատասխանի իրականությանը: Այդ դեպքում դու շարունակում ես ապրել՝ ինքդ քեզ խաբելով, և մի օր մեծ հիասթափություն ես ապրում, երբ հասկանում ես ամեն ինչ և, կարծես, կորցնում ես կյանքիդ իմաստը, ցանկանում ես ոչնչացնել այն, ինչ քո հաղթանակն էիր համարում:



Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում
(շարադրություն)

Մեր աշխարհը իդեալական չէ և երբևէ չի էլ եղել: Շատ մարդիկ են փորձում փոխել այն, սակայն կարծում եմ, որ դա հնարավոր կլինի միայն բոլորի ցանկության դեպքում: Աշխարհը փոխելու համար նախ անհրաժեշտ է փոխել այնտեղ ապրող մարդկանց, նրանց աշխարհայացքը, արժեքները և այլն: Մարդիկ պետք է սովորեն հարգել ուրիշի կարծիքը, մտածելակերպը, ճաշակը, խտրականություն չդնել իրենցից տարբերվող մարդկանց միջև, պահպանել բնությունը և կենդանիներին, հասկանալ, որ իրենք չեն հանդիսանում աշխարհի տերը: Ցավոք, մարդկանց մեկ մասը դա դեռ չի հասկացել: Նրանք շարունակում են լինել հիշաչար, անընդհատ պատերազմում են միմյանց հետ ոչ կարևոր հարցերի պատճառով, ուզում են կառավարել մնացածին՝ կարծելով, որ իրենք ուրիշներից ավելի խելացի կամ լավն են:





Վահան Տերյան - տրիոլետներ






Հովհաննես Թումանյան - քառյակներ

Թումանյանի՝ իմ կարդացած քառյակների մեծամասնությունը տխուր է։ Կարծում եմ դա կապ ունի հայոց Մեծ եղեռնի հետ, քանի որ քառյակները գրված են 1916-1919 թվականներին։ Դրանցում Թումանյանն անընդհատ գրում է վշտի, տխրության, մահի մասին, երանի է տալիս այն օրերին, երբ ամեն ինչ խաղաղ էր։ Մարդկանց երբեմն քննադատում է՝ հորդորելով խաղաղ, հանգիստ ապրել իրենց կյանքը և չխանգարել ուրիշներին։ Քառյակները կարդալով՝ կարելի է հասկանալ, որ եղեռնը մեծ ազդեցություն է թողել Թումանյանի վրա։ Նա չի կարողանում իր մտքից հանել այդ սպանությունները, տագնապալից վիճակը, այդ մարդկանց, կյանքի ու կռվի խնդիրը և իր բոլոր զգացմունքները ներդնում է քառյակների մեջ։ 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ




Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ
(վերլուծություն)
«Աստղերի հետ»

Կարծում եմ, բանաստեղծության իմաստը աստղերը փառաբանելն է: Հեղինակը ցույց է տալիս, որ տիեզերքն անսահման է, այնտեղ կան բազմաթիվ աստղեր և այլն, իսկ մարդիկ ընդամենը դրա չնչին մասն են: Աստղերին մարդիկ շատ քիչ են ուշադրություն դարձնում և չեն նկատում, որ նրանք միշտ մեզ հետ են, նայում են երկնքից, փայլում և ծիծաղում: Մարդիկ անընդհատ գալիս և գնում են, և ոչ ոք չի իմանում, իսկ աստղերը միշտ եղել են, կան, ու կլինեն նաև մեզնից հետո:





Հովհաննես Թումանյան «Բարձրից»






Ի՞նչ է վախը

Վախը բոլորիս կյանքի անբաժանելի մասն է: Երբեմն այն ուղղակի ինքնապաշտպանական ռեակցիա է, երբեմն պատրանք, որ խանգարում է մեզ հասնել ինչ-որ նպատակի: Կարդացածս բանաստեղծություններում («Լոռեցի Սաքոն»«Ագռավը») այն ուղղակի միայնության և երևակայության արդյունք էր, բայց ես այդպես չեմ կարծում: Ըստ իս վախն անձնական զգացմունք է, քանի որ յուրաքանչյուր մարդու համար դրա պատճառները տարբեր են: Մեկը վախենում է միայնությունից, մեկը միջատներից, մեկն էլ՝ ինչ-որ մեկին կամ ինքն իրեն ինչ-որ բան խոստովանելուց, այնպես որ հնարավոր չէ ստույգ եզրակացության գալ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ


________________________________________________

Մուշեղ Գալշոյան (մեդիափաթեթ)
«Դավոն»

«Դավոն» ստեղծագործությունը հենց Դավոյի մասին է, սասունցի փախստական մի քաջի, Զորավար Անդրանիկի լավագույն զինվորներից մեկի մասին: Ու այս համառ սասունցին Զորավար Անդրանիկին հակառակվել է ու մահվան դատապարտվել: Չնայած դրան՝ մնացել է նույն իր սկզբունքներին հավատարիմ սասունցին, ով մահվան ժամանակ շարունակում էր վեճը կյանքի ու մարդկանց հետ: Նա հիշում է իր ընկերներին: Մահվան եզրին է Դավոն, շրջապատել են նրան իր ընկերները, որոնց թվում էր նաև իր մարտընկեր Համզե Պչուկը: Միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Անդրանիկը, Պչուկը ու Դավոն միասին կռվել են Ցիցքարում ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է: Ամեն ինչը միտքն է գալիս: Հիշում է առաջին սիրուն կնոջը, երեխաներին, հորը, Անդրանիկ փաշայի հրամանները, Ցից քարի կռիվը։ Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակների, ինքը չի զարկվելու: Պչուկը հասկանում է ընկերոջ ցավը, ամուր սեղմում է ձեռքը: Դավոն էլ է սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Ձեռք սեղմումը թուլանում է, քանզի Դավոն հեռանում է…. Ա՜խ,երանի բոլորն էլ Դավոյի զինվորի կամքից ու համառությունից ունենային…



Սինյիտիրո Նակամուրա

(վերլուծություն)
Երբեմն մարդիկ անվերջ գնում են իրենց երջանկության հետևից, չիմանալով, որ այն հենց իրենց կողքին է: Այդպես էլ կատարվեց պատմվածքում: Ընտանիքը ցանկանում էր հասնել դղյակին, որտեղ, կարծում էին, որ կլինեն ավելի երջանիկ: Մի քանի տարի նրանք ապարդյուն քայլեցին, չհասկանալով, որ դղյակը անհրաժեշտ չէ երջանիկ լինելու համար: Ժամանակն առաջ է ընթանում, դեպի նպատակը գնալը և չհանձնվելն, իհարկե, կարևոր է, սակայն չի կարելի չնկատել, թե ինչ է կատարվում քո շուրջն այդ պահին: Երջանկությունը քեզ սիրող, միշտ աջակցող և ամեն հարցում օգնող մարդկանցով շրջապատված լինելն է: Կարևոր չէ, որտեղ դու կապրես, ինչ կլինի քո հագին, ինչպիսի տեսք կունենաս, կարևոր է ունենալ քո կողքին այնպիսի մարդ, ով քեզ երբեք չի լքի: Ապագայի մասին չափից շատ մտածելու փոխարեն, պետք է ապրել ներկայով:

Պատմվածքում տղամարդը համառորեն գնում էր դեպի իր նպատակը՝ դղյակը: Նա այնքան էր կենտրոնացել այդ մտքի վրա, որ չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Վերջապես, երբ գտավ դղյակը և ներս մտավ, նրա կինն ու աղջիկն այլևս նրա հետ չէին, սակայն, եթե չձգտեր գտնել դղյակը և ապրեր ներկայով, միգուցե շատ ավելի երջանիկ պահեր կապրեր իր ընտանիքի հետ: Դեպի նպատակը գնալու ճանապարհին կորուստներ են լինում, սակայն ընտանիքը շատ թանկ արժեք է, և ոչ մի երազանք չի կարող արդարացնել այդ արժեքի կորուստը:


Ավետիք Իսահակյան
(մեդիափաթեթ)

·  Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն իմ ուշադրությունը գրավեց թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:




Կոմիտասը և ցեղասպանությունը
(անհատական աշխատանք)

Իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի կառավարությունը նպատակ էր դրել օգտագործել պատերազմը «հայկական հարցի» վերջնական լուծման համար: Կազմվել էր Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագիր: Հետևողականորեն ու մանրակրկիտ՝ այդ ծրագիրը սկսեց կենսագործվել: Առաջին հարվածն ուղղված էր հայ մտավորականության դեմ: 1915թ.–ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեց առաջին 200-ը՝ ականավոր հայ գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, բժիշկներ, իրավաբաններ: Նրանց մեջ էր և Կոմիտասը: Մի քանի օր անց միայն Պոլսում ձերբակալվածների թիվը հասավ 600-ի:


Սևակը Կոմիտասի մասին
(վերլուծություն)

Կարծում եմ բոլորն են համաձայն Սևակի հետ: Կոմիտասին, իրոք, իր գործունեությամբ կարելի է համեմատել Մաշտոցի հետ: Նա շատ մեծ դեր ունի հայ մշակույթի մեջ: Երբ մտածում ես այդ ժամանակաշրջանի մասին, հասկանում ես, որ երգեր գտնել և գրելը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել: Չէ՞ որ չկար համացանց, և միայն այս փաստը հերիք է նրա ահռելի աշխատանքը հասկանալու համար: Այնպես որ, Կոմիտասի արածն իրոք գյուտ էր՝ շատ մեծ և կարևոր գյուտ:




Առակագրություն

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները:
Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։
Առակագրությունը մեծ դժվարությամբ մուտք գարծեց հայ գրավոր գրականություն։ Իսկ 12-13-րդ դարերում արդեն հանդես եկան հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։

Մխիթար Գոշ
Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Գոշի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։ Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։

Վարդան Այգեկցի
Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։ Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից։ Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։




«Սասնա ծռեր»
Ի՞նչ է էպոսը:
Էպոսը ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից:

Ովքե՞ր են առաջին անգամ հիշատակել Սասնա ծռեր վիպերգի մասին:
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում, հետագայում Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու  երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին

Ովքե՞ր են էպոսի առաջին գրի առնողները, ինչպե՞ս են կոչվում նրանց գրի առած էպոսները:
Առաջին անգամ գրի են առել Գարեգին Սրվանձտյանը և Մանուկ Աբեղյանը:

Ժամանակաշրջանը:
8-10րդ դարեր:

Մի քանի բառ էպոսի մասին:
Էպոսում պատկերվում է 8-10րդ դարերում հայ ժողովրդի ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ: Բաղկացած է 4 ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Հերոսներն իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռներ:
Ինչպե՞ս են սկսվում էպոսի ճյուղերը:
Էպոսի բոլոր ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում ճյուղի գլխավոր հերոսներին:

Էպոսի կին հերոսները:
Էպոսի կին հերոսներն էին Ծովինարը՝ Սանասարի և Բաղդասարի մայրը, Դեղձուն-Ծամը՝ Սանասարի կինը, Արմաղանը՝ Մհերի կինը, Խանդութը՝ Դավթի կինը և Գոհարը՝ Փոքր Մհերի կինը:

Հայ գրողներից ովքե՞ր են մշակել էպոսը:
Հայ գրողներից էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը: 1939 թվականին նշվեց մեր էպոսի ստեղծման 1000 ամյակը, և շուրջ 60 պատումների հիման վրա կազմվեց համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը:



Իլիաս Վենեզիս
Ճայերը (վերլուծություն)
Պատմության գլխավոր հերոսը ծերունին է: Նրա որդիները հեռացել էին և նա ապրում էր միայնակ՝ մի փոքրիկ կղզում: Խնամում էր իր ճայերին և նրանցից առնում իր որդիների կարոտը: Կարծում եմ նրա ապրելակերպը շատ սխալ էր: Ծերունին ամեն օր սպասում էր իր ճայերին, կամ որդիների վերադարձին, և չէր նկատում, թե ինչպես է գնալով ավելի ու ավելի ծերանում: Կյանքը կարճ է, չի կարելի այն վատնել անվերջ սպասումների վրա և ինքդ քեզ հուսադրել, որ մի օր ամեն ինչ կփոխվի: Երազելը վատ բան չէ, սակայն ձեռքերը ծալած նստելով և սպասելով այն այդպես էլ երազանք կմնա: Պետք է քայլեր ձեռնարկել երազանքներին և նպատակներին հասնելու համար: Այլապես մի օր կարող ես արթնանալ և հասկանալ, որ ապրածդ տարիների ընթացքում անիմաստ ժամանակ ես վատնել և արդեն ոչինչ փոխել չես կարող:

No comments:

Post a Comment