Մենք ամեն օր ենք կռվում ինքներս մեր դեմ՝ և՛ ամենօրյա հարցերի,
և՛ ինչ-որ լուրջ խնդիրների շուրջ: Երբեմն այդ կռիվը կարող է տարիներ տևել, երբեմն էլ՝
ընդամենը մի քանի վայրկյան: Բոլորս փորձում ենք հաղթել այդ կռվում՝ նախապատվությունը
տալով այն կողմին, որը ճիշտ ենք համարում, կամ, որը ճիշտ է համարում հասարակությունը: Հաճախ ինչ-որ զոհողություններ ենք անում այդ հաղթանակին
հասնելու համար, սակայն արդյունքը կարող է այնպիսին չլինել, ինչպես մենք ենք պատկերացնում:
Ինքդ քեզ հետ կռիվը ամենադժվար կռիվն է: Պետք է դժվար որոշումներ
կայացնել, երբեմն ընտրություն կատարել՝ հետևել սրտին, թե՞ ուղեղին: Կարող ես երկար
կռվել ինքդ քեզ հետ, վերջում մտածես, թե հաղթել ես, հպարտանաս ինքդ քեզնով, սակայն
դա չհամապատասխանի իրականությանը: Այդ դեպքում դու շարունակում ես ապրել՝ ինքդ քեզ
խաբելով, և մի օր մեծ հիասթափություն ես ապրում, երբ հասկանում ես ամեն ինչ և, կարծես,
կորցնում ես կյանքիդ իմաստը, ցանկանում ես ոչնչացնել այն, ինչ քո հաղթանակն էիր համարում:
Նույնը կատարվեց «Հին Աստվածներ» դրամայում՝ վանահոր հետ: Նա
հեռացել էր աշխարհից, նոր կյանք էր սկսել, ապրում էր խավարում և կարծում էր, թե հաղթել
է այդ կռվում, սակայն մի օր, երբ հանդիպեց իշխանուհուն, հասկացավ, որ դա այդպես չէ.
հասկացավ, որ այսքան տարի ապրել է իրականությունից դուրս: Որոշեց քանդել այն եկեղեցին,
որը կառուցում էր իշխանուհու հետ. նա կարծում էր, որ քանդելով այն, կքանդի նաև իր զգացմունքները,
կմոռանա պարտությունը և նորից նոր կյանք կսկսի, սակայն նա կրկին պարտվում է ինքն իրեն
և հեռանում է բոլորից՝ խավարը նախընտրելով լույսից:
Որոշ մարդիկ չափից ավելի կարևորություն են տալիս այդ կռիվներին՝
պարտվելիս կարծելով, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ փոխելու հնարավորություն արդեն
չկա, իսկ հաղթելիս՝ մի տեսակ գոռոզանում են և ուրիշ ոչնչի ուշադրություն չեն դարձնում: Որոշներն էլ ընդհակառակը՝ կարծում են, որ երջանկության
կարելի է հասնել միայն ներքին խաղաղություն ունենալով, իսկ դա միայն այն դեպքում, երբ
դադարեն կռվել իրենց հետ: Կարծում եմ այս պայքարին պետք չէ ծայրահեղորեն վերաբերվել:
Դա ամենօրյա երևույթ է, առանց որի ապրել հնարավոր չէ:
Պետք չէ խուսափել ինքներս մեզ հետ կռիվներից: Դրանք օգնում են
ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց, փոխել այն, ինչը մեզ մեր
մեջ դուր չի գալիս, փորձել դառնալ մեր նախընտրած ավելի լավ տարբերակը: Այդ կռիվները
մեզ հետ են լինելու ամբողջ կյանքում, պարզապես դրանց չափից շատ կարևորություն տալու
կամ դրանցից խուսափելու փոխարեն, պետք է սովորել օգուտ քաղել դրանցից և հաշտվել ինքներս
մեզ հետ: Իսկ հաշտության լավագույն նախապայմանն է ճանաչել, հասկանալ և ընդունել ինքներս
մեզ՝ երբեմն փոխվելու և կատարելագործվելու, մշտապես սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամությամբ:
No comments:
Post a Comment