11 March 2019

Այց ՀՀ Ազգային Ժողով


Այց ՀՀ Ազգային Ժողով

Մարտի 6-ին` «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների մի խմբով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով: Նախապես ուսումնասիրություններ էինք կատարել, ծանոթացել էինք Ազգային Ժողովի կայքէջին, և կանոնակարգին:
Հանձնեցինք հեռախոսները, անձը հաստատող փաստաթղթերը, ինչից հետո, միայն, մտանք շենք և ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որտեղ նստեցինք լրագրողների համար հատկացված վայրում: Հետևեցինք ԱԺ հերթական նիստին, որտեղ քննարկվեցին դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև քվեարկություններ անցկացվեցին, ինչի արդյունքում երկու նոր օրենք ընդունվեց:
Ծրագրում հաջորդը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ հանդիպումն էր, որից մի փոքր ուշացանք: Համացանցում լուրեր էին տարածվել, թե մենք «կորել» ենք ԱԺ շենքում, սակայն դա այդքան էլ այդպես չէր: Ճի՛շտ է, շենքը բավականին մեծ էր, և այնտեղ կորելը դժվար չէր լինի, սակայն իրականում, մեզ իր աշխատասենյակ էր հրավիրել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատմում էր իր աշխատանքի մասին, նկարվում էր մեզ հետ, ինչպես նաև փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպել: Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո վերջապես հասանք հանդիպման վայրը:
Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, պատմեց մշտական հանձնաժողովների գործունեության մասին և այլն, այնուհետև պատասխանեցին մեր հարցերին: Սկզբում հարցեր տվեցինք էկոլոգիական խնդիրների մասին, հետո հանդիպմանը միացան պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը և Մաթևոս Ասատրյանը, ովքեր նույնպես պատասխանեցին հարցերին, որոնք արդեն վերաբերվում էին կրթությանը, քննություններին, բուհական համակարգին և այլն: Անձամբ ես պատգամավորների պատասխաններից մի մասի հետ համաձայն չէի, չնայած նրան, որ համադասարանցիներս նույն կարծիքն ունեին, սակայն, ժամանակի սուղ լինելու պատճառով, այդպես էլ հարց տալու կամ կարծիքս արտահայտելու հնարավորություն չստացա: Հանդիպումից հետո ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որն արդեն դատարկ էր, նկարվեցինք այնտեղ, վերջում էլ այցելեցինք ԱԺ թանգարան:
Այցը շատ հետաքրքիր և բովանդակալից էր, որի մասին ունենք բազմաթիվ լավ հիշողություններ: Հուսով եմ, ՀՀ Ազգային Ժողով այս այցը վերջին անգամը չէր, և այս նախագիծը հետագայում շարունակական բնույթ կկրի, քանի որ այսպիսի այցերը ՀՀ կառավարությանը և դրա գործառույթներին ծանոթանալու ամենահետաքրքիր և արդյունավետ միջոցն են:

Հղումներ՝ ՀՀ ԱԺ կայքէջ
                  ՀՀ ԱԺ կանոնակարգ
                  ՀՀ ԱԺ մարտի 6-ի նիստը

No comments:

Post a Comment