21 March 2019

Մարտ ամսվա հանդիպումները


Հասարակագիտական ստուգատես

Հասարակագիտական ստուգատեսը նոր է սկսվել, սակայն արդեն շատ հետաքրքիր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել։ Կփորձեմ հնարավորինս կարճ պատմել այն հանդիպումների մասին, որոնց մասնակցել եմ, և հայտնել իմ կարծիքը դրանց վերաբերյալ։

1. Այց Ազգային Ժողով
Մարտի 6-ին այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով, որի արդյունքում ճանաչեցինք նոր պատգամավորների, եղանք ԱԺ թանգարանում, նիստերի սրահում։ Իմացանք Ազգային Ժողովի գործունեության, կանոնակարգի, անդամների մասին, ներկա գտնվեցինք հերթական նիստին, որում քվեարկությամբ երկու օրենք ընդունվեց։ Կարող եք կարդալ ավելին ՀՀ ԱԺ այցի մասին իմ նյութում։

2. Հանդիպում Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչների հետ
Մարտի 13-ին կրթահամալիր էին այցելել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակի աշխատակիցները։ Գրավոր հարցումի մասնակցելուց հետո, ներկա եղանք հանդիպմանը, որտեղ մեզ պատմեցին իրենց գործունեության մասին, ինչից հետո տեղեկացրեցին, վարկերի, ավանդների, ապահովագրությունների և այլ կարևոր ֆինանսական գործարքների մասին։ Արդյունքում շատ հետաքրքիր օգտակար, հետագայում կիրառելի տեղեկատվություն ստացանք, իսկ հանդիպման ամենաակտիվ մասնակիցները կառույցի ներկայացուցիչների կողմից ստացան հատուկ մրցանակներ։

3. ՀՀ Ազգային Ժողով այցի քննարկում

Նույն օրը ավագ դպրոցի համերգասրահում 11-րդ դասարանցիներով՝ հասարակագիտության ուսուցիչների հետ միասին, փոքրիկ քննարկում ունեցանք ՀՀ Ազգային Ժողով կատարած այցի մասին, որտեղ պատմում էինք մեր տպավորությունների մասին։ Հիմանականում բոլորի բողոքները վերաբերվում էին այցի ընթացքում մեզ ուղեկցող Մարո Ասատրյանին և Վարազդատ Կարապետյանին, ով, շատերի կարծիքով, բավարար պատասխաններ չէր տվել իրենց տված հարցերին։ Վերջինի հետ այդքան էլ համաձայն չէի, քանի որ անձամբ ինձ, բավականին հասկանալի էին պատգամավորի պատասխանները, և չեմ կարծում, որ վերջինս փորձում էր խուսափել հարցերից։ Իսկ Մարո Կարապետյանի մասին բողոքների հետ լիովին համաձայն եմ, քանի որ վերջինս մեզ էր մեղադրում, սակայն իրականում համացանցում մեր մասին սխալ տեղեկություններ էին հայտնվել միայն իր անուշադրության պատճառով։

4. Հանդիպում լրագրողների հետ
Հաջորդ օրը հանդիպում ունեցանք լրագրողների հետ։ Քննարկեցինք լրագրողական էթիկայի կանոնները, դիտեցինք մի քանի ռեպորտաժ, որտեղ այդ կանոնները բազմիցս խախտված էին։ Հետո լրագրողները պատմեցին մեզ իրենց մասնագիտության մասին, հարցեր տվեցին մեզ, և պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Հանդիպումը շատ կարճ էր, սակայն բովանդակալից։

5. Հանդիպում Արթուր Սաքունցի հետ
Մարտի 18-ին կրթահամալիր էր այցելել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Հանդիպման թեման երեխաների իրավունքներն էր, քննարկում էինք մեր իրավունքները, դրանց իմացությունը, պարտականությունները և այլն։ Հանդիպման ավարտին այն վերածվել էր բանավեճի, որի ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ։

6. Հանդիպում պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ
Վերջինը և ինձ համար ամենատպավորիչը՝ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ հանդիպումն էր։ Հետաքրքիր էր, որ նա մեզնից ընդամենը 10 տարով էր մեծ, սակայն արդեն բազմաթիվ բարձունքների էր հասել, և բավականին մեծ գործունեություն էր ծավալում։ Սկզբից պատմում էր մեզ ապրիլի դեպքերի դրանց կազմակերպման մասին, ինչի արդյունքում, բոլորիս մոտ լավ հիշողություններ էին արթնացել։ Կարծում եմ, որ փոքր ինչ անարդար է, որ հեղափոխությունը բոլորը ասոցացնում են միայն Նիկոլ Փաշինյանի հետ, չնայած որ, այդ ամենը ծրագրող-պլանավորողները մոտ 20 հոգուց բաղկացած թիմ էին։ Հեղափոխության մասին հետաքրքիր պատմություններից հետո, պատասխանեց մեր հարցերին, ինչից հետո պատմեց, թե ինչպես է դարձել պատգամավոր և ինչ պայմաններում է աշխատում մինչև հիմա։ Ուշագրավ է, որ ամբողջ հանդիպման ընթացքում նույնիսկ տարաձայնություններ կամ հարցեր չունեցանք։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ որևէ պատգամավորի, կամ քաղաքական գործչի այսպիսի մեծ հետաքրքրությամբ լսել։

No comments:

Post a Comment