Իրանական
պոեզիա
Արևելյան պոեզիայի սիրահար չեմ։ Հաճախ այդ բանաստեղծությունները
չափազանց դժվար են հասկանալու համար, ինչի արդյունքում ուղղակի սկսում եմ չհավանել
դրանք և կարդալիս ձանձրանում եմ։ Սակայն, իմ կարծիքով, Իրանական պոեզիան ավելի յուրահատուկ
է և տարբերվում է մնացածից։ Բանաստեղծություններն ավելի հետաքրքիր, իմաստալից են և
հեշտ են հասկացվում։
Կարդացի «Սպասող Մարդու Օրագիրը»․ այս բանաստեղծությունների
մեծ մասը մռայլ էր։ Դրանք շատ կարճ էին, սակայն այդ երկու տողի մեջ կարելի էր մեծ իմաստ
գտնել։ Այս բանաստեղծությունները ոչինչ մանրամասն չեն նկարագրում և ստիպում են ընթերցողին
մտածել և ինքնուրույն հասկանալ դրանց իմաստը։
Սառե Դասթառան
Քեզնից
հետոյի մենությունը
քեզնից
առաջվա մենությունը
չէ…
Բանաստեղծությունը կարդալիս կարելի է հասկանալ, որ մենությունը
նույնպես տարբեր է լինում: Ուրիշ է, երբ դու ուղղակի միայնակ ես, միշտ էլ միայնակ ես
եղել, սակայն դա չի պատճառում այն ցավը, որը զգում ես ինչ-որ բան կորցնելուց հետո:
Չէ՞ որ հարազատ, քեզ համար թանկ մեկին կորցնելուց կարծես կորցնում ես նաև քո մի մասնիկը,
և միայնության հետ սկսում ես քեզ նաև դատարկ զգալ:
Շահաբ Մողառաբին
Երբեմն
ժայռերն էլ են լալիս:
Չես տեսել
դու,
երբեք
էլ չես տեսնի, բայց
ժայռերն
էլ են երբեմն լալիս:
Պատճառը
չգիտես,
երբեք
էլ չեմ ասի, բայց
լալիս
են ժայռերը:
Ծովերը
տարուբերում են վիշտը, բայց
ժայռերը,
չգիտես,
երբ լալիս
են…
Երբ լալիս
են…
Կարծում եմ ժայռեր բառով հեղինակը նկարագրել է այն մարդկանց,
ովքեր հասարակության մեջ շատ սառը, պինդ և անտարբեր են, իրոք ասես ժայռ լինեն: Շատերս
ենք ճանաչում այդպիսի մարդկանց, և հաստատ չենք պատկերացրել նրանց լացելիս, տխրելիս,
կամ ինչ-որ էմոցիա արտահայտելիս. չԷ՞ որ նրանք այնքան լուրջ են: Սակայն, ինչպես գրված
է բանաստեղծության մեջ, «Երբեմն ժայռերն էլ են լալիս»:
Աղբյուրը՝ «Սպասող Մարդու Օրագիրը»
No comments:
Post a Comment