Կոմիտասը և ցեղասպանությունը
(անհատական աշխատանք)
(անհատական աշխատանք)
Իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի կառավարությունը նպատակ
էր դրել օգտագործել պատերազմը «հայկական հարցի» վերջնական լուծման համար: Կազմվել էր
Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագիր: Հետևողականորեն
ու մանրակրկիտ՝ այդ ծրագիրը սկսեց կենսագործվել: Առաջին հարվածն ուղղված էր հայ մտավորականության
դեմ: 1915թ.–ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեց առաջին 200-ը՝ ականավոր հայ
գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, բժիշկներ, իրավաբաններ: Նրանց մեջ
էր և Կոմիտասը: Մի քանի օր անց միայն Պոլսում ձերբակալվածների թիվը հասավ 600-ի:
Ապրիլի 30-ին սկսվեց ձերբակալվածների աքսորը երկրի խորքը: Աքսորման
գործն անձամբ ղեկավարում էր ոստիկանության պետ Բեդրի բեյը: Ձերբակալվածները (նրանց
մեջ և Կոմիտասը) դուրս բերվեցին ոստիկանական և կանոնավոր բանակի զինվորներով շրջափակված
հրապարակ և շարքի կանգնեցվեցին: Փողոցներում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվեց:
Պահակախմբի ուղեկցությամբ շարասյունը շարժվեց դեպի նավահանգիստ: Նրանց լցրեցին նավը
և ուղարկեցին հակառակ ափը: Այստեղ նրանց սպասում էր հատուկ գնացքը: Գնացքը շարժվեց
Անկարայի ուղղությամբ: Վագոնների պատուհանները հուսալիորեն վարագուրված էին, սովորական
կանգառներում գնացքը չէր կանգնում: Այաշ ավանի մոտ ցուցակով կանչեցին 90 մարդ և տարան:
Այլևս նրանք չվերադարձան: Մյուս աքսորվածները հասցվեցին Վերին Անատոլիայի անմարդաբնակ
ու ամայի Չանգր շրջանը: Նրանց ընդունեց տեղի զինվորական պարետը: Ձեռքի լապտերի աղոտ
լույսի տակ թուրքական սպան ուշադիր զննում էր մոտով անցնող ձերբակալվածներին: Նրա դեմքին
գնալով ավելի բացահայտ էին արտահայտվում զարմանքն ու տարակուսանքը: Մայրաքաղաքից նա
ստացել էր կառավարական հեռագիր, որում հաղորդվում էր «հատկապես վտանգավոր հանցագործների
հրոսակախմբի» գալուստը Չանգր, որոնց անհրաժեշտ էր անհապաղ վերացնել: Իսկ նա իր առջև
տեսնում է մարդկանց, որոնց լավ էր ճանաչում ողջ երկիրը: Համոզված, որ ողբերգական թյուրիմածություն
է տեղի ունեցել, նա հրաժարվեց կատարել հրամանը և իր պատասխանատվությամբ ձերբակալվածներին
տեղավորեց մոտակա տներում: Սակայն բնաջնջման անողոք մեքենան արդեն գործի էր դրված:
Պարետի հարցմանը հետևեց ավելի վաղ ստացված հրամանը հաստատող պատասխան: Հայտնվեցին և
բարձրաստիճան նոր պաշտոնյաներ: Աքսորյալների բախտը կանխորոշված էր: Համարյա ամեն օր
ընթերցվում էին ձերբակալվածների ցուցակները, որոնք իբր ուղարկվում էին Դիարբեքիր՝ ռազմադաշտային
դատարանում նրանց գործերի քննության համար: Այդ ողորմելի պատրվակի էությունը բոլորին
պարզ էր: Ճանապարհին ձերբակալվածներին գազանաբար սպանում էին: Այդպես նահատակվեցին
ականավոր բանաստեղծներ ու գրողներ Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, նշանավոր գրող
և թուրքական պառլամենտի պատգամավոր Գրիգոր Զոհրապը և հայ մշակույթի, գիտության, լուսավորության
շատ ականավոր ներկայացուցիչներ:
Ահա թե ինչ է գրում
իր հուշերում հայ բժիշկ մտավորական ՎԱՀՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ. - «Ապրիլի 11-ի գիշերը տարան ինձ մոտակա ոստիկանություն, որտեղ
տեսա բազում բարեկամների: Այնտեղ սարսափելի կեղտոտ էր: Սկսեցի լաց լինել, երբ հանկարծ
ներս մտավ Կոմիտաս Վարդապետը՝ դեմքին ժպիտ, հայացքը՝ հրամայական: Մոտեցավ ինձ և իր
գոռ ձայնով ասաց.
-Չե՞ս ամաչում:
Այդ բառերից ավելի հուզվեցի: Նա շոյեց ճակատս, սեղմեց ինձ իր
գրկում. Ես զգացի, որ նրանից մի անտեսանելի ուժ հաղորդվեց ինձ: Աքսորի ամբողջ ընթացքում
չէի ուզում բաժանվել նրանից: Նա քաջալերում էր բոլորին, նա իմ ուժն էր: Շաբաթ գիշերը
մի երազ էր տեսել Կոմիտասը և առավոտյան պատմելով՝ ասաց, որ բարի լուրի նշան է այդ երազը:
Նույն առավոտյան Չանղրի ախոռ–եկեղեցում պատարագ մատուցեց Կոմիտասը, այնպիսի մի պատարագ.
նմանը չէի տեսել կյանքումս: Ինչ ջերմ եռանդություն, ինչ քաղցր ու ներդաշնակ աղոթասացություն,
իր «Խաղաղություն ամենեցուն» խոսքից թվում էր, թե ձեռքերից ու մատների անցքերից հուսադրական
շողեր էին տարածվում: Պատարագի ավարտին Կոմիտասը դիմեց ժողովրդին «Օրհնյալ լինեք, գնացեք
խաղաղությամբ»: Դատապարտյալներից մեկն ասաց ինձ, որ նա, ես, Կոմիտաս Վարդապետը և ևս
5 անձինք ազատված ենք և վերադառնում ենք Կոստանդնուպոլիս: Վարդապետի երազը կատարվեց
և մենք փրկվեցինք»:
Կոմիտասին ազատելու համար թուրքական կառավարությանը խնդրել էին
Իտալիայի, Բուլղարիայի ու Շվեյցարիայի դեսպանները, Ավստրո-Հունգարիայի դեսպանն ու իր
կինը, Ամերիկայի դեսպանն ու իր կինը: «Կոմիտասը հայ չէ, այլ մարդ, որը պատկանում է
ողջ մարդկությանը, ինչպես Շեքսպիրը, Չայկովսկին և մյուս հանճարները»,- ասում էին նրանք:
Գերմանացի պատմաբան դոկտոր Լեպսիուսի վկայությամբ հայ մշակույթի ձերբակալված բոլոր
գործիչներից միայն 8 հոգու հաջողվեց խուսափել զոհվելուց: Զանգվածային կոտորածի կարճ
ժամանակամիջոցում նահատակվեց մոտ 1,5 միլիոն հայ: Աքսորից Կոմիտասը վերադարձավ բոլորովին
այլափոխված: Նա ասես անջրպետվել էր արտաքին աշխարհից՝ փակվելով իր մռայլ ու ծանր խոհերի
մեջ: Մի ամբողջ ժողովրդի կործանման զարհուրելի պատկերը և շրջապատող աշխարհի՝ կատարված
ողբերգության հանդեպ լրիվ անտարբերությունը նրան թվում էին անըմբռնելի, մարդկային բանականության
սահմաններից դուրս: 1916թ.-ի գարնանը Կոմիտասի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ
և նրան տեղափոխեցին Փարիզ:
ՓԱՆՈՍ
ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՇԵՐՈՒՄ –
1921 թվի մարտին գնացի Կոմիտասի մոտ հիվանդանոց: Ծառայողի հետ մտա իր սենյակը: Պառկած
էր, վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և
փաղաքշական ապտակներ տալով ասաց.
-
Արի քեզ ծեծեմ, արի քեզ
ծեծեմ: - Հետո, - նստիր, - ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք
խոսիլ:
-
Կոմիտա՛ս, գիտեմ, չափազանց
վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես
խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում: Արի գնանք Սևան:
-
Ի՞նչ անեմ այնտեղ:
-
Լավ գնանք Էջմիածին, ման
գանք:
-
Այստեղ շատ լավ է:
Հետո սպասեց ու ասաց.
-
Մահ գոյություն չունի…
սա գերեզման չէ, բա ի՞նչ է:
-
Լավ գնամ, չձանձրացնեմ:
-
Չէ՛, եկել ես նստիր, էլ
ու՞ր ես գնում:
-
Կոմիտաս, հա՞յ երաժշտությունն
է լավ, թե՞ եվրոպականը:
-
Եղբա՛յր, - բարկացած,
- դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր:
-
Կերգե՞ս:
-
Այո՛, հիմա ես ինձ համար
եմ երգում և այն էլ շատ կամաց:
1915թ-ի իրադարձությունները, Կոմիտասի ձերբակալությունը և դրան
հետևած հիվանդությունը ամենաողբերգական ձևով անդրադարձան մեծ երաժշտի ճակատագրի վրա:
Կոմպոզիտորի մահը վրա հասավ 1935թ. հոկտեմբերի 22-ի առավոտյան: Նրա աճյունը տեղափոխվեց
Երևան և ամփոփվեց հայ մշակույթի գործիչների պանթեոնում:
No comments:
Post a Comment