14 July 2019

Լավաշ


Լավաշ - պատմություն, ավանդույթներ և ծիսակարգեր

Լավաշը հայկական ավանդական հաց է՝ պատրաստված ցորենի ալյուրից: Նրա յուրահատկություններն են պահպանման երկար ժամկետ ունենալը, պատրաստման պարզությունը, հիանալի համն ու ցածր կալորիականությունը: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։
Լավաշ թխելը մի ամբողջ ծես է, որն ուղեկցվում է ազգային երգերով ու մտերմիկ զրույցներով: Այն թխում է վաղ առավոտյան՝ տան ավագ կինը, ում օգնում են տան կթտսեր կանայք և հարսները: Նրանք գրտնակում են խմորը, հմուտ շարժումներով մի ձեռքից մյուսն են նետում արդեն գրտնակածը, որպեսզի այն գրեթե թափանցիկ դառնա, ինչից հետո այն գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ, և խփում թոնրի տաք պատին: Ըստ ծիսակարգի, ոչ մի տղամարդ չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում հացը կպոկվի ու կընկնի կրակի մեջ՝ կուտ կգնա:
Թոնիրը հայկական ավանդական կավե վառարան է, որը հայերը նույնպես սուրբ են համարել: Համարյա միշտ թոնիր կառուցելիս քահանային են կանչել, որպեսզի վերջինս օրհնի այն, իսկ առաջին մեծարանքը մատուցել են նորապսակները, ովքեր դեմքով դեպի արևելք թոնրի առջև ծնկի գալով` ընդունել են նահապետի օրհնանքը:
Լավաշը հայերի համար ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր սնունդ: Այն տարիների ընթացքում սրբազան իմաստ է ձեռք բերել և հիմա խորհրդանշում է հայ ժողովրդի կյանքն ու իմաստությունը: Դարեր առաջ լավաշը, որը թխում էին զինվորների մայրերը և դնում իրենց ուսապարկերի մեջ, երկար պահպանման շնորհիվ փրկում էր նրանց կյանքը:
Կան շատ այլ ավանդույթներ՝ կապված լավաշի հետ: Օրինակ՝ հարսանիքների ժամանակ նորահարսի ուսին լավաշ են գցում, ինչը նշանակում է, որ աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը, որ գնում է: Հարսանեկան լավաշը, նաև, պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածինների կրծքին լավաշ են դնում՝ նույպես «չար աչքից» պահպանելու համար: Եվս մեկ ավանդույթի համաձայն՝ լավաշ թխողը, որպես մատաղ-հաց՝ յոթ տան լավաշ է բաժանում: Լավաշ է տալիս աղքատին, հղի կնոջը, որպեսզի Աստծո տված հացն ընդունելի լինի, տան հացն առատ լինի:
Կան նաև պատմություններ և լեգենդներ՝ լավաշի մասին: Դրանցից մեկի համաձայն այն օգնել է հայ Արամ արքային, որը գերի էր ընկած ասորի թագավոր Նոսորին: Նա, ըստ պայմանի, պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ, և, եթե հաղթեր` ազատ կարձակվեր և յուրայինների մոտ գնար արքայավայել ընծաներով:
Արամը պահանջել էր, որ իր մոտ բերեն իր ամենագեղեցիկ վրանը, իսկ հայերը ակնարկը հասկանալով վահանի մեջ լավաշ էին թաքցրել: Արքան վրանը ամեն անգամ հետ էր ուղարկում, պատճառաբանելով, որ դա իր ուզածը չէ, և դրա շնորհիվ կարողանում էր ամեն օր սնվել և ուժասպառ չլինել, ինչի արդյունքում հաղթեց մրցությունը և վերադարձավ հայրենիք: Այս դեպքից հետո, հրամայեց Հայաստանում հաստ, տարբեր ձևի հացերի փոխարեն լավաշ թխել:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5

No comments:

Post a Comment