05 September 2019

Քննարկում - կրթություն


     ·        Ո՞վ է համարվում կրթված մարդ. իմ կարծիքը:
Մեր հասարակության մեջ կան տարբեր ընդունված չափանիշներ, որոնք վերաբերվում են տարբեր մարդկանց։ Շատերի կարծիքով, կրթված է համարվում այն մարդը, ով լավ է սովորում, ունի բարձրագույն կրթություն, կարդացել է բազմաթիվ գրքեր, և այլն: Ես սա կարծրատիպ եմ համարում, քանի որ կարծում եմ, որ կիրթ լինելն այդքան էլ կապ չունի սովորելու, կամ կարդալու հետ։ Ինքս, կրթված եմ համարում այն մարդկանց, ովքեր կարողանում են ընդունել իրենց շրջապատին։ Նրանք չարությամբ կամ ատելությամբ չեն վերաբերվում իրենցից տարբերվողներին, անհիմն քննադատություններ չեն անում, և հարգանքով են վերաբերվում բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, ճաշակից, և այլ հատկանիշներից։ Կրթված մարդիկ գնահատում և պահպանում են իրենց շրջակա միջավայրը, և երբեք իրենք իրենց աշխարհի ամենակարևոր մասնիկը չեն համարում։


·        12-ամյա կրթական համակարգն ապահովում է բարձրորակ կրթություն Հայաստանում։
Վերջին տարիներին մեր կրթական համակարգի մասին վեճերն ու քննարկումները չեն դադարել։ Շատերը բողոքում են 12-ամյա կրթական համակարգից՝ կարծելով, որ երեխաներն անիմաստ 2 տարի ժամանակ են վատնում, ինչը կարող էին օգտագործել ավելի կարևոր և հետաքրքիր ձևով։ Անձամբ, ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ։ Նախ և առաջ ոչ բոլորն են իզուր ժամանակ վատնում, չէ՞ որ 10-ամյա կրթական համակարգի ժամանակ երեխաները սկսում էին դպրոց գնալ 7-8 տարեկանից, իսկ հիմա առաջին դասարանցիները 5 կամ 6 տարեկան են։ Երկրորդը, 12-ամյա կրթական համակարգը ավելի է հեշտացնում բոլորիս կյանքը, սակայն կատարելագործվելու դեպքում, այն նաև օգտակար կլինի։ Այդ 12 տարվա մեջ հիմնական ուշադրությունը պետք է հատկացվի ոչ թե ծեծված բանաստեղծություններ սովորելուն կամ ինչ-որ դասեր անգիր անելուն, այլ երեխաների ընդհանուր զարգացմանը։ Դպրոցում երեխաներին պետք է սովորեցնել սովորել, մտածել, վերլուծել, ձևավորել սեփական կարծիքը և չվախենալ այն արտահայտելուց։ Հատկապես՝ ավագ դպրոցներում, կենտրենացումը պետք է լինի դեռահասներին հետագա կյանքին պատրաստելը, և ևս մեկ անգամ, որոշ դասեր անգիր սովորելու փոխարեն (որոնք միևնույն է, հետո շատ քչերն են հիշելու), ուսուցիչները պետք է նրանց տան կյանքում անհրաժեշտ հիմնական գիտելիքները, որոնք չկան դպրոցական ծրագրերում (օրինակ՝ ինչպես տուն գնել, բանկերում գործարքներ կատարել, աշխատանքի ընդունվել և այլն)։ Դպրոցը պետք է օգնի աշակերտներին նաև մասնագիտական կողմնորոշում ձեռք բերելու հարցում՝ նրանց ցույց տալով և պատմելով տարբեր հնարավորությունների մասին։ Աշակերտները պետք է սիրեն դպրոցը, և ամեն օր անհամբերությամբ սպասեն դպրոց գնալուն, այդպիսով՝ առանց ավելորդ սթրեսսի ենթարկվելու։ Ուրախ եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի իմ կողմից թվարկված բոլոր հատկությունները և դրա հետ մեկտեղ դեռ շարունակում է փորձել փոխել Հայաստանը դեպի լավը և ոգևորել այլ դպրոցներին։

No comments:

Post a Comment