04 May 2020

Նախագիծ «Կրթահամալիրի հրաշալիքներն ըստ շրջանավարտի»


Մեր կրթահամալիրի հրաշալիքները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ինքնին մի մեծ հրաշալիք է: Դժվար է առանձնացնել կրթահամալիրի լավ կողմերից մեկը, երբ դրանք այդքան շատ են, այնպես որ այսօր կխոսեմ դրանցից մի քանիսի մասին:


·       Ճամփորդություններ
Կրթահամալիրի իրականացրած ուսումնական ճամփորդություններին չմասնակցելն ամենամեծ սխալն է, որ կարող է անել սովորողը: Դրանք իրականում շատ ուսուցողական են: Նախ, ճամփորդությունները մեզ դարձնում են ավելի ինքնուրույն և պատասխանատու, քանի որ մի քանի օր տնից հեռու ենք լինում, օգնում են ավելի լավ ճանաչել շրջակա աշխարհը, ծանոթանալ տարբեր տեղերում ապրող մարդկանց մշակույթին: Ինչպես նաև, ճամփորդության մեկնելիս կարող ես չանհանգսանալ միայնակ մնալու մասին, քանի որ դրանք շատ են մտերմացնում բոլորին և հաճախ դառնում են նոր, հիասքանչ ընկերությունների սկիզբ:
Թեև ես չեմ հասցրել մասնակցել արտերկրյա ճամփորդություններին և, առհասարակ, այդքան էլ շատ չեմ ճամփորդել, իմ մասնակցած բոլոր ճամփորդություններին ձեռք եմ բերել նոր ընկերներ, շատ նոր գիտելիք, եղել եմ այնպիսի վայրերում, որոնք չեի կարծում, որ Հայաստանում գոյություն ունեն, ինչն ինձ համար բացահայտում էր և, իհարկե, անմոռանալի ժամանակ եմ անցկացրել: Կարծում եմ, եթե չլինեի Սեբաստացի, նույնիսկ Հայաստանին այսքան ծանոթ չէի լինի:



·       Ազատություն և բազմազանություն
Կրթահամալիրը մեզ տալիս է անսահման հնարավորություններ՝ փորձելու նոր բաներ, գտնելու նոր հետաքրքրություններ, բացահայտելու թաքնված տաղանդներ և ուղղակի կրթությունն ավելի հետաքրքիր և հիշարժան դարձնելու: Այստեղ սովորողները կարողանում են ազատ ստեղծագործել, ինքնարտահայտվել, իսկ կրթահամալիրն ամեն ինչով աջակցում է այդ հարցում և օգնում է ի կատար ածել ցանկացած մտահաղացում:

Ոմանք այս ազատությունը կրթահամալիրի թերություն են համարում՝ ասելով, որ այն պետք է սահմանափակել, որպեսզի սովորողներն ավելի «կայանան», սակայն ես այդ մտքի հետ համաձայն չեմ: Երեխաներն ուղղակի պետք է պատասխանատվություն ձեռք բերեն և  կարողանան առավելագույնս ճիշտ օգտագործել իրենց տրված ազատությունը՝ փորձելով դրանից ինչքան հնարավոր է շատ օգուտ քաղել և, ինչու՞ոչ, ինքնակրթվել:




·       Ուսուցիչներ
Շատ սովորողներ չեն սիրում, երբեմն նույնիսկ վախենում են որոշ ուսուցիչներից: Մեր կրթահամալիրում, սակայն, պատկերն այլ է, այդ պատճառով էլ մեր ուսուցիչներին դասում եմ կրթահամալիրի հրաշալիքների շարքին: Այստեղ սովորող-ուսուցիչ հարաբերությունները ընկերական են: Նրանք մեզ ոչինչ չեն ստիպում անել, այլ ուղղություն են ցույց տալիս, օգնում են և, ամենակարևորը, վերաբերվում են մեզ, ինչպես հասուն մարդկանց, այլ ոչ թե ուղղակի ինչպես ամբոխի:
Անձամբ ես շատ եմ սիրում այս տարիների ընթացքում ինձ դասավանդած բոլոր ուսուցիչներին, և դպրոցից ամենաշատը չեմ ցանկանում հեռանալ հենց այն պատճառով, որ այլևս հնարավորություն չեմ ունենալու մասնակցել նրանց դասերին: Ուսուցիչներիս մեծ մասի հետ շատ մտերիմ եմ, հատկապես նրանց հետ, ում հետ ճամփորդել եմ, չեմ կարող նկարագրել, թե ինչքան բան եմ սովորել նրանցից, և ինչքան շնորհակալ եմ նրանց ինձ միշտ աջակցելու համար: Հուսով եմ, որ ավարտելուց հետո նույնպես կկարողանամ պահպանել նրանց հետ կապը:

No comments:

Post a Comment