01 May 2016

Համո Սահյան «ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ»

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ»

   ·       Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:
«Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում»:
Այս տողերում ասվում է, որ ամպրոպից հետո բնությունը թարմանում է: Եթե ամպրոպի ժամանակ ամեն ինչ անգույն է, ապա դրանից հետո բնությունը նորից ներկվում է վառ գույներով, այդ պատճառով մեզ երկինքն ավելի կապույտ է թվում, իսկ խոտերն ավելի կանաչ:
·       Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:
Ամպրոպի ժամանակ բնությունը դառնում է անգույն, մռայլ, սակայն ամպրոպը լավ ազդեցություն է թողնում բնության վրա: Ամպրոպից հետո արև է դուրս գալիս, բնությունը հանգստանում է և թարմանում:
·       Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:
Մարդու կյանքում ամպրոպ կարող են դառնալ ծայրահեղ փոփոխությունները, քանի որ դրանք կատարվում են անսպասելի, ինչպես ամպրոպը: Սակայն հետո, ինչպես թարմանում է բնությունը, այնպես էլ մարդն է հարմարվում այդ փոփոխություններին:
·       Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:
Ամպրոպից հետո ես փորձում եմ նայել աշխարհին ուրիշ աչքերով…   Ամեն օր արթնանում եմ, պատրաստվում ու գնում դպրոց, զբաղվում իմ առօրյա դասերով ու գործերով, և այդպես ամեն օր…
Նկատում ե՞ք, թե որքան միօրինակ է ամեն ինչ…Բայց չէ, սպասե՛ք, այս ի՞նչ է, ամպրո՞պ…
Մի ակնթարթում երկինքը մթնեց, կարծես ամեն ինչ վերածվեց ռետրո ֆիլմի՝ սև ու սպիտակ գույներով, մարդիկ մի պահ տագնապի մեջ ընկան, հասկացան որ դա ամպրոպի հուժկու ձայնն էր, իսկ հետո դարձան ավելի արագաշարժ, նպատակասլաց ու կողմնորոշված: Բոլորը փորձում են հնարավորինս արագ ժամանակահատվածում գտնել ապահով մի վայր՝ գոնե ծածկ ունեցող, յուրաքանչյուրը զգում է անձրևի մոտալուտ գալուստը, ավելին՝ տեղատարափ ու հորդառատ անձրևի: Սպասում ենք…
Ահա սկսվեց. նորից ամպրոպ, անձրևի մանր կաթիլներ, որ հազիվ թրջում էին արևից չորացած գետինը, ու դադարեց անձրևը: Չհասկացա, սա ի՞նչ էր… Այսքան վազեցինք, նոր տարածքներ հայտնաբերեցինք անձրևից պաշտպանվելու համար, նոր մարդկանց հետ ծանոթացանք ու ոչի՞նչ, ընդամենը այսքա՞նը…
Բայց չէ, հիմա եմ հասկանում, որ ամպրոպը փոխեց իմ այդ օրը, հիմա գիտեմ ու պատրաստ եմ ամենաանկանխատեսելի իրավիճակներում կողմնորոշվելու ու ելք փնտրելու, նախապատրաստվելու վատթարագույնին՝ թեկուզ և այն տեղի չունենա: Ամպրոպը նոր գույն բերեց իմ աշխարը ու նոր մտքեր: Հասկացա, որ բնության մեջ ոչինչ պատահական չէ, ուղղակի պետք է տեսնել ու փորձել հասկանալ, ինչու չէ, միօրինակությունից գեթ մի կարճ ակնթարթով ազատվել և նորովի նայել կյանքին:

Ես՝ ամպրոպից հետո փոխվում եմ…

No comments:

Post a Comment