19 December 2017

Հայկական տարազ

Հայկական տարազ

Տարազը տարբեր ժողովուրդներին, երկրներին, կամ տարածաշրջաններին բնորոշ հագուստն է: Այն պայմանավորվում է տվյալ երկրի կլիմայով, ժողովրդի մշակույթով և բնական արտադրանքով: Հնում տարազը եղել է ժողովուրդների և ռասաների տարբերակիչ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը: Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազները հիմնականում տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Այնտեղ կնոջ տարազի պարտադիր մասն էր գոգնոցը, որը տարբեր շրջաններում յուրահատուկ տեսք ուներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ: Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:
Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:
Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի, զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:

12 December 2017

Ի՞նչ է գեղեցկությունը

Ի՞նչ է գեղեցկությունը

Յուրաքանչյուր մարդ գեղեցկությունը յուրովի է ընկալում: Կարծում եմ, դա իրականում այն է, ինչ մենք սիրում ենք: Մեր սիրելի մարդիկ, իրերը, վայրերը, երևույթները մեզ համար ամեն ինչից գեղեցիկ են: Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է: Այն, ինչ ինձ համար գեղեցիկ չէ, գուցե գեղեցիկ է մեկ ուրիշի համար: Մեզ շրջապատող ամենագեղեցիկ մարդիկ կարող են մեկ ակնթարթում կորցնել իրենց ողջ հմայքը. մի սխալ արարք՝ և վերջ: Բայց կան մարդիկ, ովքեր ինչ էլ անեն, երբեք չեն կորցնի իրենց գեղեցկությունը մեր աչքերում. մեր ծնողները, ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ, լավ ընկերները, ովքեր առանձնահատուկ տեղ ունեն մեր կյանքում: Կա մի կերպար, ով կատարյալ է յուրաքանչյուրիս համար: Դա մայրն է: Բոլորիս համար էլ նա ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենաբարին, ամենա-ամենան է:
Կա «խաբուսիկ» գեղեցկություն հասկացությունը. որը մոլորեցնում է մեզ: Օրինակ ուտելիքը, որը չնայած իր արտաքին ախորժալի և կատարյալ տեսքին, կարող է հիասթափեցնել այնպես, որ էլ երբեք չուզենանք այն ուտել:
Մեր ժամանակներում թվում է, թե շատ հեշտ է մի քանի ժամում վերածվել գեղեցկության չափանիշի: Բայց մի՞թե արտաքին գեղեցկությունը բավական է մարդուն գեղեցիկ համարելու համար: Որոշ մարդիկ փոխում են իրենց արտաքինը՝ մոռանալով, որ գեղեցկությունը ոչ միայն տեսքն է, այլ նաև արարքները, խոսքերը, վերաբերմունքը, պահվածքը, բնավորությունը, խելքը: Լավագույն տարբերակը արտաքին և ներքին գեղեցկության համադրումն ու ներդաշնակությունն է:

Եվ թո՛ղ գեղեցկությունը փրկի աշխարհը, եթե կարող է:

06 December 2017

Ալբերտ Քամյու «Առասպել Սիզիփոսի մասին»

ԱԼԲԵՐՏ ՔԱՄՅՈՒ
«ԱՌԱՍՊԵԼ ՍԻԶԻՓՈՍԻ ՄԱՍԻՆ»
(ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)


«Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը»։
Սիզիփոսը խելացի, ճարպիկ, կյանքի վայելքները սիրող և գնահատող, համարձակ մարդ էր, ում համար ավելի մեծ պատիժ չէր կարող լինել, քան զրկել նրան որևէ գործ ավարտին հասցնելու հաճույքից: Հասնելով սարի գագաթ՝ նա մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է իր ժայռը մի ակնթարթում գլորվում ներքև, որտեղից պետք է նորից վեր բարձրացնի այն:
Արդյո՞ք մենք էլ, առավոտյան արթնանալով, մեր ժայռը գրկած վեր չենք բարձրացնում: Չէ՞ որ մեր գործողություններն էլ կրում են ամենօրյա կրկնվող բնույթ: Ինչո՞վ ենք տարբերվում Սիզիփոսից: Գուցե մեր ժայռն ավելի թեթև է, քան նրանը, բայց օրվա ավարտին այն նորից գլորվում է ներքև: Իսկ եթե չգլորվե՞ր... Ի՞նչ պիտի բարձրացնեինք հաջորդ օրը:
Կարծում եմ հարցն այն է, թե ինչ ժայռ է ընտրում մեզանից յուրաքանչյուրը: Թվում է, թե այս ամենօրյա միօրինակ ապրելակերպը հոգնեցուցիչ է: Սակայն, եթե փորձենք գոնե մի քիչ փոխել մեր «ժայռի» տեսակը, գույնը, չափերը և այլ հատկությունները, գուցե ավելի հետաքրքիր և իմաստավորված կդառնա այն բարձրացնելը:
Եվս մեկ հանգամանք: Ի՞նչ է գտնվում լեռան գագաթին, ինչի՞ համար ենք բարձրացնում «ժայռը»: Սահմանելով հստակ նպատակ՝ ցանկացած գործողություն կարելի է իմաստավորել: Ամեն ինչ կախված է մեզանից: Մարդիկ հորինել են ճակատագիր բառը, որպեսզի դրան վերագրեն իրենց անհաջողությունները: Ոմանք ուղղակի չեն գիտակցում, որ իրենց կյանքի յուրաքանչյուր հաջողության կամ անհաջողության պատճառը հենց իրենք են: Սիզիփոսը, ով ամեն անգամ տեսնելով, թե ինչպես էր ցած գլորվում իր ժայռը, նորից իջնում էր՝ այն վեր բարձրացնելու: Սակայն իջնելիս, նա, գուցե, ոչ միայն տխրում էր, այլ մինչև անգամ ուրախանում. քանի որ իր ճակատագիրը իրեն էր պատկանում: Հենց սա է աբսուրդի զգացողությունը. երբ մենք կարողանում ենք ամենախոր հուսահատության պահին երջանկության զգացում ունենալ, իսկ աբսուրդ մարդը հրճվում է իր տառապանքով: Գագաթը նվաճելու պայքարը Սիզիփոսին դարձնում է երջանիկ։
Մենք էլ պիտի փորձենք չհուսահատվել, գնալ մեր երազանքի հետևից՝ յուրաքանչյուր իրավիճակում լավատես լինելով, և երբեք չհանձնվել:

02 December 2017

Food That Changed The World