08 March 2018

Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

ՉԱՐԵՆՑԻ ՌՈՒԲԱՅԱԹՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։»
Այս քառյակում Չարենցն ուզում է ասել, որ անհատից ոչինչ կախված չէ: Անփոխարինելի մարդիկ չկան: Ինչպես ասում է նա, անցորդը հեռացավ, բայց միևնույն է քաղաքը մնաց գեղեցիկ:

« հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։»
Այստեղ ասվում է, որ պետք է աշխատել: Թեկուզ ոչ հիմա, բայց մի օր դու կվարձատրվես քո ամբողջ աշխատանքի համար:

«Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։»
Այս քառյակում Չարենցն ասում է, որ պետք է առաջ ընթանալ: Պետք չէ ընկնել երազանքների գիրկը, ոչինչ պետք չէ երազ թվա: Աշխարհն այն ժամանակ կդառնա աշխարհ, երբ մարդը կարողանա զգալ կյանքը:

«Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։»
Այստեղ ասվում է, որ ոչինչ հավերժական չէ, հավերժական միայն մահն է տրվում մարդուն:

«Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։»
Չարենցն այս քառյակում ասում է, որ յուրաքանչյուր վայրկյան ինչ որ բան ծնվում, կամ մեռնում է, սակայն պայքարով ծնվում է ծնվողը, և մեռնողը մեռնում է պայքարով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր վայրկյան կոփվում են աշխարհն ու ապագան:



ՉԱՐԵՆՑԻ «ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿՆԵՐ»
ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են:»
Այս տողերում Չարենցն իրեն ջահել է զգում: Նա կարծում է, որ իրեն նորից հմայել են, այսինքն նա սիրահարվել է:

«Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...»
Այստեղ Չարենցն ուզում է նկարագրել իր սիրած աղջկան, սակայն նա չի կարողանում անել դա, քանի որ խոսքեր չի գտնում նրա գեղեցկությունը, հմայքը նկարագրելու համար:

«Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:»
Այս տողերով Չարենցն արտահայտում է իր կարոտը: Նա անցյալում տեսնում է սիրած աղջկա պատկերը, ով ցավոք սրտի շատ հեռու է իրենից, և շարունակում է հեռվանալ:

«Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...»
Այստեղ Չարենցն ասում է, որ կյանքը, ժամանակը մրրիկի նման արագ է թռչում: Նա արդեն հեռու է երկրից սակայն իր «երգերն է ասում» իր հայրենիքի համար:

«Թռչի հեռուն` հրկե՛զ. -
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...»
Այս տողերում Չարենցն ուզում է, որ նրա երգերը բոլորը լսեն, զգան նրա հոգու և երգի խենթությունը:
  


ՉԱՐԵՆՑԻ  «ՏԱՂԱՐԱՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...»
Այստեղ ասվում է, որ Չարենցն իր սիրած էակի համար պատրաստ է ամեն ինչի: Նա կտա իր սրտի բոլոր հրերը, միայն թե իր սիրած աղջիկը չմրսի:

«Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։»
Այս տողերում երևում է Չարենցի տխրությունը: Նա ասում է, որ տեսավ մի գեղեցկուհու, ուզեց նրան մոտենալ, սակայն տեսավ, որ նրանց միջև մի բաժանող պատ (սար) կա, ինչը հասկանալուց հետո նա նորից սկսեց տխուր իր «երգերն ասել»:

«Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։»
Այստեղ ասվում է, որ Չարենցը շատ է սիրում իր նախկին կնոջը, իինչքան էլ նա ընկնի ուրիշ աղջիկների գիրկը, միևնույն է իր աչքերի առաջ կնոջ անուշ պատկերն է:

«Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։»
Այս տողերով Չարենցն ուզում է ասել, որ ամեն ինչ մնալու է այնպես ինչպես կա, թեկուզ իր մահից հետո՝ ոչինչ չի փոխվելու, բացի նրանից, որ կինը լաց է լինելու իր գերեզմանի մոտ:

«Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։»
Այստեղ Չարենցն ուզում է ասել, որ ինչքան էլ ավելի գեղեցիկ, լավ երկրներ գնաս ու տեսնես այնտեղի ամենամեծ բակերը, միևնույն է քո սիրեցյալի բակը մնալու է քեզ ամենահարազատը:




ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Չարենցի բանաստեղծությունների հիման վրա շատ կոմպոզիտորներ գրել են երգեր: Ինձ հաջողվեց գտնել այդ երգերից մի քանիսը և ներկայացնել ձեզ:

«Ես իմ անուշ Հայաստանի» - երաժշտություն՝ Աշոտ Սաթյան, երգում է՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախումբը,
«Տաղ անձնական» - երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյան, երգում է՝ Միքայել Պողոսյանը,
«Ամեն տեսակ երգ երգեցի» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Օֆելյա Համբարձումյանը,
«Էլի գարուն կգա» -  երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ֆլորա Մարտիրոսյանը,
«Աշուղ Սայաթ-Նովի նման» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ֆլորա Մարտիրոսյանը,
«Երբ էս հին աշխարհը մտա» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ռուբեն Մաթևոսյանը,
«Երազ տեսա» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ռուբեն Մաթևոսյանը,
«Աշխարհիս մեջ ե՛ս էլ մե օր...» - երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյան, երգում է՝ Ռուբեն Մաթևոսյանը։

Նշված երգերից ինձ ամենից շատ դուր եկավ «Տաղ անձնական» երգը, որի երաժշտության հեղինակն է Ռոբերտ Ամիրխանյանը: Ցավոք սրտի ես չկարողացա տեղեկություններ գտնել երգի մասին, սակայն կարող եք լսել այս երգը Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ: