Թարգմանչաց
տոն
Հարցեր
և առաջադրանքներ
● Հհնարավորինս ուշադիր կարդա Թարգմանչաց
տոնի մասին պատմող տրված նյութը
● Հինգից յոթ նախադասությամբ վերապատմիր
կարդացածդ
● Բանավոր ներկայացրու դասարանում
Թարգմանչաց տոնը
ազգային-եկեղեցական տոներից է:
1979 թվականից սկսած, երեք տարին
մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որի
ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա
աշակերտներից մինչև մեր օրերը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ:
Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը
կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և
նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ
փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ Վարդապետներ
ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած
շուրջ հարյուր սաներ:
Պատմահայր Խորենացին վկայում է, որ
«Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից
երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը
սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և
աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի
վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր
ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին
Մեսրոպի մտքում»:
Ս. Մեսրոպն առաջին անգամ
թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս
հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին
հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով:
Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ,
ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում
Ս. Գրքի թարգմանությանը`դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրները:
Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործի
մեջ: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն
ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ
էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»: Թարգմանվեցին նաև
անտիկ շրջանի և ժամանակի լավագույն հեղինակների ստեղծագործությունները:
Հնագույն և միջնադարյան հայերեն
թարգմանությունների նշանակությունը չի սահմանափակվում միայն հայագիտական
նկատառումներով. նրանք մեծ արժեք են ներկայացնում նաև համաշխարհային մշակույթի
ուսումնասիրման տեսանկյունից, որովհետև հունական և ասորական գրականության շատ
հուշարձաններ, որոնց սկզբնագրերը կորած են, պահպանվել և ժամանակակից
քաղաքակրթության սեփականությունն են դարձել բացառապես այդ թարգմանությունների
շնորհիվ։ Քանի որ հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների բազմաթիվ
աշխատությունների բնագրեր չեն պահպանվել իրենց լեզուներով, այդ իսկ պատճառով
հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունները այսօր բնագրի արժեք
ունեն:
Հայ բժշկապետերը իրենց բժշկարաններում հիշում են հույն, արաբ և այլ ազգի
բժշկապետերի անուններ, ում գործերը իսպառ կորել են պատմության թոհուբոհի մեջ: Եվ
միայն հայկական գրաբարյան աղբյուրների միջոցով հնարավոր է վերականգնել բնագրերը:
Թարգմանչական գործը շարունակվել է
նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին
ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և
իսպաներենից։ Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել
անտիկ փիլիսոփայության ու բնագիտության, քրիստոնեական աստվածաբանության,
միջնադարյան գեղարվեստական գրականության և արևելյան բժշկագիտության բոլոր կարևոր
նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել սեփական արժեքների ստեղծման համար։
19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են
հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ
Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։
Թարգմանիչներն ունեն նաև իրենց
նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում
է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ
եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ
թարգմանությունը համարվում է բնօրինակին ամենամոտը, քանի որ Սուրբ Ջերոմը, իր
աշխատանքը կատարելիս, որը տևել է երկու տարի, օգտագործել է ամենաբազմազան
աղբյուրներ՝ բովանդակության ճշգրտությունն ապահովելու նպատակով։ Այդ օրը բազմաթիվ
թարգմանչական միությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են
կազմակերպում՝ նվիրված թարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի
կապակցությամբ:
Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոն է:
1979
թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», իսկ երկրորդը՝ «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»:
Մովսես Խորենացին ասում է, որ Մեսրոպ Մաշտոցին տեսիլք է երևում,
որտեղ Աստված նրան ցույց է տալիս սքանչելի գրերը, և Մաշտեցը սկսում է գրել իր առջև
դրված վեմի վրա: Մեսրոպ Մաշտոցն առաջին անգամ թարգմանում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» տողը,՝ Սողոմոնի «Առակաց» գրքից: Դա լինում է առաջին հայատառ նախադասությունը:
Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը: Աստվածաշնչի թարգմանությունը մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»:
Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։ 19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։