15 April 2016

Աթաբեկ Խնկոյանի առակների վերլուծություն

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
ԱՌԱԿՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ինչ է ասում.
Կոտորվիք դուք… ինչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:»
Այս առակում նկարագրված է մի իրավիճակ, երբ բարձր խավի մարդկանց արած սխալներն, ի տարբերություն հասարակ ժողովրդի, անտեսվում են: Նույնը կատարվում է նաև մեր օրերում: Առակի մեջ հովիվները մարմնավորում են կառավարության անդամներին, գայլը՝ ժողովրդին, իսկ շները՝ ոստիկաններին: Երբ ժողովուրդն է ինչ-որ սխալ թույլ տալիս, ոստիկանները տուգանում են, սակայն կառավարության բոլոր սխալները կարող են անտեսվել ընդամենը մի քիչ փողի օգնությամբ:

«Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. “Էս  ի՞նչ  է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին:»
Այս առակում հեղինակն ուզում է ասել, որ կան բաներ, որոնք ըստ քեզ արժեք չունեն, սակայն, հնարավոր է, որ ինչ որ մեկի համար դա շատ թանկարժեք է: Որպես օրինակ, նա ասում է, որ աքլորի համար մարգարիտն արժեք չունի, սակայն գարու հատիկի համար նա հազար այդպիսի մարգարիտ կտա:

«Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:
Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո, մանչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:
 Քիթը տնկած
Ճանճը ասաց.
Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:»
Այս առակում հեղիկակն ասում է, որ կան մարդիկ, որոնք լուռումունջ, գլուխը կախ,, իրենց համար աշխատում են, սակայն չեն նկատում, որ ամբողջ իրենց աշխատանքի համար պարգևատրվում են ուրիշները՝ ոչինչ չանելով:

«Գայլը հոտից իր հանգի
Զարկեց տարավ մի մաքի,
Կերավ փորն ու փսորը,
Պառկեց մինչև կեսօրը,
Մուկը հեռվից հոտմտաց,
Ելավ գնաց
Հոփիկ-թոփիկ
Ու մի ճոթիկ
Մսից առավ
Ու թռավ:
Գայլը զարթնեց,
Իրեն ջարդեց,
Թե՜, հայ-հարայ,
Ալա՛ն, թալա՛ն,
Էյ, պահապան,
Մատնեցին,
Վատնեցին,
Ինչ ունեի թալնեցին:»
Այս առակում հեղինակն ասում է, որ կան մարդիկ, որոնք թալանում են մյուսներին, սակայն երբ իրենց թալանած ապրանքի մի փոքր մասն ինչ-որ մեկը վերցնում է, նրանք բարկանում են և աղմուկ գցում թալանի մասին:

«Փայտահատ Մոսին
Կացինը ուսին
Մտավ անտառ:
Հոգիս, - ասավ նրան մի ծառ, -
Դալար մնան քո կոճերը,
Կացինդ առ, էս ծառերը
Իմ բոլորից ջարդիր զատ-զատ,
Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ,
Տես` կապել են գլխիս կամար,
Արև չկա խեղճիս համար,
Էս մթան մեջ խոնավ, նեխված,
Արմատներիս տեղը նեղված,
Ինչպես կարող եմ զորանալ,
Շրջակայքի զարդը դառնալ:
Կացինն առավ փայտահատ Մոսին,
Հա էս ծառին, հա էն մյուսին,
Ծառի շուրջը լայն ու արձակ
Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
Բայց խնդումը շատ չտևեց,
Էն լավ օրին վատն հետևեց.
Հա արևը ծառը մրկեց.
Հա կարկուտը ճյուղքին զարկեց
Ու մի օր էլ քամին սաստիկ
Կոտրեց ծառը չարաբաստիկ:»


Այս առակում ծառը մարմնավորում է այն մարդկանց, ովքեր չեն սիրում հավասարվել մյուսներին: Նրանք ուզում են ամբողջ ուշադրությունը գրավել իրենց վրա և դառնալ «շրջակայքի զարդը»: Երբ նրանց ազատում են շրջապատող մարդկանցից, վերացնում են բոլոր արգելքները, նրանք չեն դիմանում և կործանվում են միայնության մեջ:

04 April 2016

Ջաննի Ռոդարի «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԵՑԳԵՏԻՆԸ»

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԵՑԳԵՏԻՆԸ»

·       Դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:
Ընտրել եմ «ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս» արտահայտությունը: Քանի որ իրոք, եթե դու ուզում ես հասնել ինչ-որ նպատակի, պետք է չլսես ոչ մեկին և շարժվես առաջ: Եթե դու իսկապես ուզում ես դա, ապա անպայման կհասնես քո նպատակին:
·       Բնութագրել ծեր խեցգետնին. ինչքանո՞վ է այն իրական:
Ծեր խեցգետինը բարի և հոգատար էր: Նա չէր ուզում, որ երիտասարդ խեցգետինն արժանանա իր բախտին: Սակայն նա չէր մտածում, որ երիտասարդ խեցգետինը կկարողանա անել ամեն ինչ, և չի հանձնվի իր նման:
Ըստ իս այս կերպարը իրական է: Միշտ էլ լինում են այսպիսի մարդիկ, որոնց մոտ ինչ որ բան չի ստացվում և նրանք փորձում են հետ պահել մյուսներին՝ նրանց պահպանելու համար:
·       Վերջաբանը համոզե՞ց ձեզ. ինչու՞:

Ե՛վ այո, և՛ ոչ: Համոզեց նրանով, որ իմացանք, որ խեցգետինը չլսեց ծեր խեցգետնին և շարունակեց շարժվել դեպի իր նպատակը: Եվ չհամոզեց նրանով, որ մենք չիմացանք, թե ինչ եղավ նրա հետ վերջում, արդյո՞ք նա արժանացավ ծեր խեցգետնի բախտին, թե՞ ոչ:

02 April 2016

Ուղևորություն դեպի Էջմիածին

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ԷՋՄԻԱԾԻՆ

         
 Այսօր մենք ընկ. Նունեի հետ գնացել էինք Էջմիածին: Մեր խմբի երեխաներից մի քանիսը մասնակցում էին Գրաբարի օլիմպիադային, և մենք ուղեկցում էինք նրանց: Մինչ նրանք լուծում էին օլիմպիադայի առաջադրանքները, մենք որոշեցինք մի քիչ շրջել Էջմիածնով:

    Սկզբում մենք զբոսնեցինք Մայր տաճարի շրջակայքով, այնուհետև այցելեցինք Սբ. Գայանե եկեղեցին: Այն մեզ շատ դուր եկավ: Եկեղեցում մենք հանդիպեցինք այնտեղի Սարկավագին զրուցեցինք նրա հետ, ինչից հետո եկեղեցու քահանան օրհնեց մեզ, և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը:
  Սբ. Գայանե եկեղեցուց հետո այցելեցինք Էրնեկյան դպրոցը, սակայն այնտեղ ոչ աշխատանքային օր էր, և մեզ չհաջողվեց զրուցել դպրոցի տնօրենի հետ, քանի որ նա այնտեղ չէր:
     Այս ամենից հետո մենք ճաշեցինք և գնացինք մյուս երեխաներին դիմավորելու: Նրանց հետ մի քիչ ժամանակ անցկացնելուց հետո մենք բոլորով շարունակեցինք մեր ուղևորությունը:
          Հաջորդ կանգառը Սբ. Հռիփսիմե եկեղեցին էր: Այնտեղ շատ չմնացինք, քանի որ այնտեղ տեղի էր ունենում պսակադրության արարողություն:
          Եվ ահա մեր վերջին կանգառը – Սբ. Շողակաթ եկեղեցին: Այնտեղ Մերին և Ռեբեկան մեզ պատմեցին Սբ. Շողակաթ և Սբ. Հռիփսիմե եկեղեցիների մասին:
Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

Ֆոտոշարք Էջմիածնից 02.03.16

ՖՈՏՈՇԱՐՔ 02.03.16
ԷՋՄԻԱԾԻՆ