Showing posts with label Իրավագիտություն. Show all posts
Showing posts with label Իրավագիտություն. Show all posts

17 April 2019

ՀՀ Նախագահի նստավայր


ՀՀ Նախագահ

Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

11 April 2019

Այց ՀՀ Կառավարություն


Այց ՀՀ Կառավարություն

Ապրիլի 9-ին 11-րդ դասարանցիների մի խմբով՝ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինն ուսումնասիրելու նպատակով, այցելեցինք ՀՀ Կառավարություն։ Սկզբում փոքրիկ կլոր սեղանի մասնակցեցինք Ալեքսանդր Ղազարյանի հետ, ով պատմեց մեզ «Քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման վարչության» մասին, ներկայացրեց վարչության գործունեությունը, և պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Հետաքրքիր էին շատ քաղաքացիների «անիմաստ» բողոքների մասին պատմությունները, որոնք պրն․ Ղազարյանը պատմեց մեզ։ Հանդիպումից հետո, մի փոքր շրջեցինք Կառավարության շենքում, շանոթացանք թեժ գծի աշխատակիցների և նրանց աշխատանքի հետ։ Այս ամենից հետո պրն․ Ղազարյանը մեզ շոկոլադ և ջուր հյուրասիրեց և հեռացավ։ Շրջայցը շարունակեցինք միայն 2 աշխատակցուհիների՝ Նարինեի և Մարգարիտայի հետ, ծանոթացանք վարչապետի առաջին օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հետ, ով մեզ նույնպես սիրով պատմեց իր աշխատանքի մասին և պատասխանեց մեր բոլոր հարցերին։  Մեզ նվերներ տվեցին՝ Կառավարության նոթատետրեր և էկո գրիչներ, որոնք, համոզված եմ, մեզնից շատերը դեռ երկար պահելու են որպես հիշողություն։

03 April 2019

ՀՀ Կառավարություն


ՀՀ Կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: ՀՀ վարչապետն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝ քվեարկության արդյունքում։ ՀՀ վարչապետը՝ 2018 թվականի մայիսի 8-ից, Նիկոլ Փաշինյանն է, փոխվարչապետերն են Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն ունի իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Այն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետին ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական վերահսկողական ծարայությունը։

11 March 2019

Այց ՀՀ Ազգային Ժողով


Այց ՀՀ Ազգային Ժողով

Մարտի 6-ին` «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների մի խմբով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով: Նախապես ուսումնասիրություններ էինք կատարել, ծանոթացել էինք Ազգային Ժողովի կայքէջին, և կանոնակարգին:
Հանձնեցինք հեռախոսները, անձը հաստատող փաստաթղթերը, ինչից հետո, միայն, մտանք շենք և ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որտեղ նստեցինք լրագրողների համար հատկացված վայրում: Հետևեցինք ԱԺ հերթական նիստին, որտեղ քննարկվեցին դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև քվեարկություններ անցկացվեցին, ինչի արդյունքում երկու նոր օրենք ընդունվեց:
Ծրագրում հաջորդը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ հանդիպումն էր, որից մի փոքր ուշացանք: Համացանցում լուրեր էին տարածվել, թե մենք «կորել» ենք ԱԺ շենքում, սակայն դա այդքան էլ այդպես չէր: Ճի՛շտ է, շենքը բավականին մեծ էր, և այնտեղ կորելը դժվար չէր լինի, սակայն իրականում, մեզ իր աշխատասենյակ էր հրավիրել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատմում էր իր աշխատանքի մասին, նկարվում էր մեզ հետ, ինչպես նաև փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպել: Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո վերջապես հասանք հանդիպման վայրը:
Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, պատմեց մշտական հանձնաժողովների գործունեության մասին և այլն, այնուհետև պատասխանեցին մեր հարցերին: Սկզբում հարցեր տվեցինք էկոլոգիական խնդիրների մասին, հետո հանդիպմանը միացան պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը և Մաթևոս Ասատրյանը, ովքեր նույնպես պատասխանեցին հարցերին, որոնք արդեն վերաբերվում էին կրթությանը, քննություններին, բուհական համակարգին և այլն: Անձամբ ես պատգամավորների պատասխաններից մի մասի հետ համաձայն չէի, չնայած նրան, որ համադասարանցիներս նույն կարծիքն ունեին, սակայն, ժամանակի սուղ լինելու պատճառով, այդպես էլ հարց տալու կամ կարծիքս արտահայտելու հնարավորություն չստացա: Հանդիպումից հետո ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որն արդեն դատարկ էր, նկարվեցինք այնտեղ, վերջում էլ այցելեցինք ԱԺ թանգարան:
Այցը շատ հետաքրքիր և բովանդակալից էր, որի մասին ունենք բազմաթիվ լավ հիշողություններ: Հուսով եմ, ՀՀ Ազգային Ժողով այս այցը վերջին անգամը չէր, և այս նախագիծը հետագայում շարունակական բնույթ կկրի, քանի որ այսպիսի այցերը ՀՀ կառավարությանը և դրա գործառույթներին ծանոթանալու ամենահետաքրքիր և արդյունավետ միջոցն են:

Հղումներ՝ ՀՀ ԱԺ կայքէջ
                  ՀՀ ԱԺ կանոնակարգ
                  ՀՀ ԱԺ մարտի 6-ի նիստը

20 February 2019

Դատական հայտ


ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կ/հ
Խաղարկային դատարանին
Հայցվոր՝ ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կ/հ
սովորող Լիանա Վահանի Վահանյան
Պատասխանող՝ «Մխիթար Սեբաստացի» կ/հ
տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Հայցադիմում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին հրապարակված 2018-2019 ուսումնական տարվա ժամատախտակը ոչ իրավական ճանաչելու մասին։

1. Վեճի փաստական հանգամանքները
Կրթահամալիրի կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 12 և 14 կետերի համաձայն՝
12) Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
14) Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:
Ստորև ներկայացնում եմ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին www.mskh.am կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակված՝ 2018-2019 ուս․ տարվա ժամատախտակը․
Ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով՝ 8։00-ից
Մուտք դպրոցներ, քոլեջ. նախապատրաստում ուսումնական պարապմունքներին՝ 08:45 - 9:00
Ընդհանուր պարապմունք՝ 9:00-9:15
1-ին պարապմունք՝ 9:20 - 10:05
2-րդ պարապմունք՝ 10:10 - 10:55
3-րդ պարապմունք՝ 11:05 - 11:50
4-րդ պարապմունք՝ 11:55 - 12:40
Ընդմիջում՝ 12:40 - 12:55
5-րդ պարապմունք՝ 12:55 - 13:35
6-րդ պարապմունք՝ 13:40 - 14:20
7-րդ պարապմունք՝ 14:25 - 15:05
8-րդ պարապմունք՝ 15:10 - 15:50
9-րդ պարապմունք՝ 15:55 - 16:35
Երկարացված օրվա ճամբար՝ 13.35-16.45
Ուսումնական երթ կրթահամալիրից միասնական երթուղիներով՝ 17.00

2. Գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ
1. Կանոնադրության 4-րդ կետի համաձայն՝ Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. Խաղարկային դատարանի (այսուհետ՝ դատարան) աշխատակարգի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի սույն աշխատակարգով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով, կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

3. Կիրառելի նորմատիվ ակտեր
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի 77 կետի՝ դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:
Կրթահամալիրի ժամատախտակում վերոնշյալ կանոնները պահպանված չեն։

4. Հայցադիմումի պահանջը
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի 77 կետը՝ դատարանից խնդրում եմ ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018 թվականի սեպտեմբերի 1-ին հրապարակված՝ 2018-2019 ուս․ տարվա ժամատախտակը ճանաչել ոչ իրավաչափ:

5. Կից ներկայացվող փաստաթղթեր
Կից ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018-2019 ուս․ տարվա ժամատախտակը։


Հայցվոր՝                 Լիանա Վահանյան
20.02.2019թ
—————————————————————————————————————————————

10 October 2018

Իրավական խնդիր

Իրավական խնդիր

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:

Կարծում եմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ օրենքները թույլ են տալիս աշխատողին ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալ աշխատանքի վայրից: Աշխատողի երեխաները 3 և 7 տարեկան են, իսկ այդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի համաձայն՝ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների համար աշխատողը կարող է ամեն օր մինչև 3 ժամ շուտ հեռանալ աշխատանքի վայրից: Ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալով, բացակայած ժամերի քանակը չի գերազանցի վերոնշյալ կետում սահմանված ժամերի քանակը։