(թարգմանություն)
Նիկոսը սովորական տղամարդ էր։ Առանձնապես ոչ մի լավ կամ վատ բան նրա հետ չէր պատահում։ Նա ապրում էր՝ զգալով այն լավ և վատ բաների խառնուրդը, որոնք պատահում էին ուրիշների հետ։ Նա երբեք բացատրություն չէր փնտրում, թե ինչու է ամեն ինչ այնպես, ինչպես կա։
Սակայն
կար մի բան, որին Նիկոսն ընդհանրապես չէր հավատում՝ սնահավատությունը։ Նա սնահավատության
ժամանակ չուներ։ Նիկոսն, իր կարծիքով, շատ բանական մարդ էր՝ մի մարդ, ով չէր հավատում,
որ սև կատուները, աստիճանների տակով անցնելը, աղ թափելը, կամ տան մեջ անձրևանոց բացելը
որևէ կերպ ազդում են իր հաջողության կամ անհաջողության վրա։
Նիկոսը
իր ժամանակի մեծ մասն անց էր կանցնում իր տան մոտ գտնվող պանդոկում։ Այնտեղ նա նստում
էր, սուրճ խմում, խոսում իր ընկերների հետ։ Ժամանակ առ ժամանակ նրա ընկերները զառախաղ
կամ թղթախաղ էին խաղում, երբեմն՝ փողի համար։ Նրանցից մի քանիսը խաղադրույք էին կատարում
ձիարշավների կամ ֆուտբոլային հանդիպումների վրա, սակայն Նիկոսը՝ երբեք։ Նա սպորտի մասին
շատ տեղեկություն չուներ, և չէր կարծում, որ կարող է գուշակել՝ ով է հաղթելու և նա
բացարձակապես չէր հավատում հաջողությանը կամ սնահավատությանը, ինչպես անում էին իր
ընկերներից շատերը։
Մի առավոտ
Նիկոսն արթնացավ և գնաց լոգարան։ Նա սկսեց սափրվել, ինչպես անում էր ամեն առավոտ, բայց
սափրվելու ժամանակ նկատեց, որ լոգարանի հայելին այնքան էլ ուղիղ չէր: Նա փորձեց շարժել
այն՝ ուղղելու համար, սակայն հենց դիպչեց դրան, հայելին պատից պոկվեց և ուժեղ դրմփյունով
ընկավ գետնին, այն բաժանվեց հազարավոր մասերի: Նիկոսը գիտեր, որ որոշ մարդիկ մտածում
են, որ դա անհաջողություն է՝ «յոթ տարի անհաջողություն», ասում էին նրանք, երբ հայելի
էր կոտրվում: Սակայն Նիկոսը սնահավատ չէր, նա բացարձակապես սնահավատ չէր: Նրա համար
միևնույն էր, նա մտածում էր, որ սնահավատությունը անիմաստություն է: Նա վերցրեց հայելու
մասերը, դրանք գցեց աղբարկղը և սափրվելը վերջացրեց առանց հայելու:
Դրանից
հետո նա խոհանոց գնաց, որ իր հետ աշխատանքի տանելու համար մի սենդվիչ պատրաստի: Նա
կտրեց հացի երկու կտոր, և դրանց վրա պանիր դրեց: Հետո մտածեց, որ իրեն աղ է անհրաժեշտ:
Հենց նա վերցրեց աղամանը, այն ընկավ իր ձեռքից և կոտրվեց: Աղն ամենուր էր: Նրա ճանաչած
որոշ մարդիկ մտածում էին, որ դա անհաջողություն է բերում, սակայն Նիկոսի համար միևնույն
էր. նա չէր հավատում սնահավատություններին:
Նա դուրս
եկավ տնից և գնաց աշխատանքի: Ճանապարհին իրենից փախչող մի սև կատու տեսավ: Նրա համար
միևնույն էր, նա սնահավատ չէր: Ինչ-որ շինարարներ նրա փողոցում մի տան վրա էին աշխատում,
մայթի վրա մի աստիճան էր դրած: Նիկոսը մտածեց շրջանցել աստիճանը, սակայն նրա համար
միևնույն էր, նա բացարձակապես սնահավատ չէր և չէր հավատում սնահավատությունների, այնպես
որ նա քայլես հենց աստիճանի տակով:
Չնայած
Նիկոսը սնահավատ չէր, նա գիտեր, որ այսօր ինչ-որ վատ բան է պատահելու իր հետ: Նա կոտրված
հայելի ուներ, աղ էր թափել, անցել էր աստիճանի տակով և իրենից փախչող սև կատու էր հանդիպել:
Նա աշխատանքի վայրում բոլորին պատմեց՝ ինչ է պատահել: «Քեզ հետ այսօր ինչ-որ վատ բան
է պատահելու», - ասացին բոլորը, սակայն ոչ մի վատ բան նրա հետ չպատահեց:
Ինչպես
միշտ, այդ երեկո նա գնաց պանդոկ: Նա պատմեց պանդոկի իր բոլոր ընկերներին, որ այդ օրը
նա հայելի է կոտրել, աղ է թափել, իրենից փախչող սև կատու է տեսել և հետո անցել է աստիճանի
տակով: Պանդոկի բոլոր ընկերները նրանից հեռու գնացին: «Նրա հետ ինչ-որ վատ բան է պատահելու»,
- ասացին նրանք, - «մենք չենք ուզում նրա կողքին լինել, երբ դա պատահի»:
Բայց
ամբողջ երեկո Նիկոսի հետ ոչ մի վատ բան չպատահեց: Նա նստած էր այնտեղ ինչպես միշտ,
և ամեն ինչ նորմալ էր: Նիկոսը սպասում էր, որ իր հետ վատ բան պատահի, սակայն դա չեղավ:
- Նիկոս,
արի մեզ հետ թղթախաղ խաղալու, - կատակեց նրա ընկերներից մեկը:
- Ես
հաստատ հաղթելու եմ:
Նիկոսը
սովորաբար թղթախաղ չէր խաղում, սակայն այսօր որոշել էր խաղալ: Նրա ընկերը մեծ չափով
գումար դրեց սեղանին, նա մտածում էր, որ Նիկոսը պարտվելու է: Նիկոսը նույնպես մտածում
էր, որ պարտվելու է: Սակայն այդպես չեղավ:
Նիկոսը
հաղթեց: Նա մեկ այլ խաղ խաղաց և էլի հաղթեց: Հետո ինչ-որ մեկը առաջարկեց նրան զառախաղ
խաղալ, և Նիկոսը դա նույնպես հաղթեց: Նա բավականին շատ գումար հաղթեց:
- Դե՛,
Նի՛կոս, - բացականչեց նրա ընկերներից մեկը, - այդ ամբողջ գումարը օգտագործիր մեզ բոլորիս
լոտոյի տոմսեր գնելու համար:
Նիկոսն
իր ամբողջ հաղթած գումարը ծախսեց լոթոյի տոմսերի վրա, որոնց արդյունքները մյուս օրն
էին լինելու:
Հաջորդ
օրը, աշխատանքից հետո Նիկոսը էլի պանդոկ գնաց: Բոլորը հեռուստացույցով նայում էին լոտոյի
արդյունքները: Երրորդ տեղի համար առաջին դուրս եկած թիվը Նիկոսի թիվն էր: Հետո երկրորդ
տեղի համար՝ երկրորդ թիվը էլի Նիկոսի տոմսերից մեկն էր: Հետո առաջին մրցանակը, այն
նույնպես Նիկոսի թիվն էր: Նա հաղթեց լոտոյի երեք գլխավոր մրցանակները: Դա անհավատալի
էր: Կարծես այն բոլոր բաները, որոնք մարդկանց կարծիքով անհաջողություն էին բերում,
նրան հաջողություն բերեցին:
Հաջորդ
օրը Նիկոսը աշխարհի բոլոր սնահավատությունների մասին գիրք գնեց: Երբ նա կարդաց գիրքը,
որոշեց անել ամեն ինչ, որ նրան անհաջողություն կբերի: Նա սեղանին դատարկ շշեր էր թողնում,
խնդրում իր կնոջը՝ իր փոխարեն կտրել իր մազերը, դանակներով լի տուփ նվեր ընդունում,
քնում՝ ոտքերը դեպի դուռը ուղղված, նստում էր սեղանի անկյուններին, հայելու դիմաց մոմ
էր դնում: Նա միշտ իր գլխարկը և դրամապանակը թողնում էր մահճակալի վրա, իրեր էր առնում՝
վեցական կամ տասներեքական, աստիճանների վրա մարդկանց էր անցնում, բարձրանում էր նավը
և սուլում: Եվ այդ ամեն ինչի հետ, նա ավելի ու ավելի հաջողակ էր դառնում: Նա էլի լոտո
էր շահում, ամեն երեկո պանդոկում հաղթում էր թղթախաղը: Ամեն ինչ ավելի խենթ էր դառնում:
Նա սև կատու գնեց, մի քանի հայելի ևս կոտրեց: Նա չէր նայում մարդկանց աչքերին, որբ
նրանք իր համար բաժակ էին բարձրացնում, նա հացի կտորները գլխիվայր էր թողնում սեղանին,
նա աղ և բուսայուղ էր թափում, ինչպես նաև գինի:
Ինչքան
ավելի սնահավատ բաներ էր անում, այնքան ավելի հաջողակ էր դառնում: Նա գնաց պանդոկ և
սկսեց պատմել իր ընկերներին՝ ինչ է մտածում:
- Տեսնում
եք, - ասաց նա, - ես այսքան ժամանակ ճիշտ էի, սնահավատությունն անիմաստ բան է: Ինչքան
ավելի բաներ եմ անում, որ կոտրեմ այդ ծիծաղելի սնահավատությունները, ավելի ու ավելի
հաջողակ եմ դառնում:
- Բայց
Նի՛կոս, - պատասխանեց նրա ընկերներից մեկը, - չե՞ս տեսնում, որ դու, իրականում, այնքան
սնահավատ ես, ինչքան մենք: Դու շատ ուշադիր ես ուզում կոտրել սնահավատությունները,
և դա քեզ հաջողություն է բերում: Դու միայն հաջողակ ես, երբ այդպիսի բաներ ես անում,
քո անհավատությունը, իրականում հավատի մի տեսակ է:
Նիկոսը
շատ մտածեց իր ընկերոջ ասածի մասին: Նա պետք է խոստովաներ, որ դա ճիշտ է: Նա այնքան
էր ուզում կոտրել այդ սնահավատությունները, որ իրականում, պահպանում էր դրանք:
Հաջորդ
օրը նա դադարեց աղ թափել, հետևել սև կատուների, անցնել աստիճանների տակով, տան ներսում
անձրևանոցներ բացել և հայելիներ կոտրել: Միաժամանակ, նա դադարեց գումար շահել լոտոյում
և սկսեց պարտվել թղթախաղում և զառախաղում: Նա նորից դարձավ սովորական մարդ: Երբեմն
նա հաջողակ էր, երբեմն՝ ոչ: Նա ո՛չ հավատում էր սնահավատություններին, ո՛չ՝ չէր հավատում:
- Նի՛կոս,
- ասաց նրա ընկերը նրան, - դա քո՝ ինքդ քո մեջ հավատն էր, որ քեզ հաջողակ էր դարձնում:
Քո ինքնավստահությունը օգնեց քեզ, այլ ոչ սնահավատությունը:
Նիկոսը
լսեց իր ընկերոջը և մտածեց, որ նա ճիշտ է: Բայց ինչքան էլ, որ նա իրեն բանական համարեր,
միևնույն է, միշտ մտածում էր՝ ինչ կպատահեր, եթե նա կոտրած չլիներ այդ հայելին...
Աղբյուրը՝ The broken mirror, the black cat and lots of good luck
Աղբյուրը՝ The broken mirror, the black cat and lots of good luck
No comments:
Post a Comment