17 April 2020

5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսները


5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսները
(թարգմանություն)

Ընկերնե՛ր, համակարգիչները նույնպես կարող են վիրուսներով վարակվել, սակայն նրանց «բարկությունը» կախված է ոչ թե ագրեսիվության աստիճանից, այլ այն վնասի չափից, որը պատրաստվում են հասցնել: Ձեզ համար հավաքել ենք ժամանակների թոփ 5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսների ցանկը՝ որպես չափանիշ ընտրելով դրանց կողմից հասցված վնասի չափն ու վնասը կրած մարդկանց թիվը: Հուսով ենք՝ այս վիրուսներին ծանոթ եք միայն նորություններից:


5-րդ տեղ. SLAMMER

Այնքան մեծ ծավալով թրաֆիկ է առաջացրել, որ «ամբողջ համացանցը» դանդաղել է:
Slammer-ը համակարգչային որդ է, որն ի հայտ է եկել 2003 թվականին: Ինչպես շատ այլ վիրուսներ, այն ունեցել է մի քանի անվանում և հայտնի է եղել նաև SQL Slammer, Saphire, WORM_SQLP1434.A, SQL Hell կամ Helkern անուններով: Slammer-ը վարակել է մոտ 200000 համակարգիչ և հասցրել է 1.2 միլիարդ ամերիկյան դոլարի վնաս:
Թիրախը այն սերվերների տվյալների շտեմարանն էր, որտեղ ներբեռնված էր Microsoft SQL Server 2000 ծրագիրը: Իրականում, դրա տարածումից հնարավոր էր խուսափել: Microsoft-ն արդեն ծրագիր էր ստեղծել խոցելիությունը վերացնելու համար, բայց շատերն այն չէին ներբեռնել:
Slammer-ը շարունակաբար տվյալների հոսք էր ուղարկում՝ զգալիաբար դանդաղեցնելով համացանց մուտքը: Դրա պատճառով մի քանի ցանցեր ամբողջովին կանգ առան: Ինչպես նաև վնասվել էր ամերիկյան ատոմակայանների սերվերներից մեկը, անվտանգության համակարգը կաթվածահար էր եղել:


4-րդ տեղ. CODE RED

Սա նույնպես համակարգչային որդ է, որի անունը սպառնալից է հնչում: 2001 թվականին այն ներթափանցեց Microsoft-ի ինտերնետային ինֆորմացիայի սերվեր և սկսեց տարածվել մի սերվերից մյուսը: Այս համակարգչային որդի նպատակն էր փոփոխել ինտերնետային էջերի բովանդակությունը:
Դրանից բացի, այն նույնիսկ որոշ IP հասցեների ուղղությամբ DDoS հարձակում սկսեց: DDoS հարձակումները սերվերներն անհասանելի են դարձնում: CODE RED-ի կողմից այսպիսի հարձակման ամենահայտնի զոհը Սպիտակ Տան սերվերն էր:
CODE RED-ը մի շաբաթում վնասեց 400000 սերվեր: Ընդհանուր մոտավորապես 1 միլիոն համակարգիչներ վնասվել էին դրա պատճառով, իսկ հասցված վնասն արժեր 2.6 միլիոն դոլար:


3-րդ տեղ. ILOVEYOU

Ցավոք ILOVEYOU-ն, որը հայտնի է նաև որպես Loveletter (սիրային նամակ) ոչ թե սիրո խոստովանություն է, այլ, նույնպես, համակարգչային որդ: 2000 թվականի մայիսին շատ ինտերնետի օգտատերեր էլեկտրոնային նամակ ստացան՝ կցված ֆայլում սիրո խոստովանությամբ: Սակայն ուրախությունը կարճատև էր, հենց օգտատերերը բացեցին նամակը, վիրուսը միանգամից հաստատվեց էլեկտրոնային փոստի ծրագրերում և համակարգիչների կոշտ սկավառակներում, ինչից հետո սկսեց բազմանալ՝ ինքն իրեն ուղարկելով օգտատերերի բոլոր կոնտակտներին: Loveletter-ը վերագրում էր նկարների ֆայլերը և համակարգիչներից գաղտնագիրներ էր գողանում:
Այս իրավիճակի միակ լավ կողմն այն էր, որ հենց ILOVEYOU-ի հայտնվելու շնորհիվ մարդիկ սկսեցին լուրջ վերաբերվել վիրուսներին և հասկացան անտիվիրուսային ծրագրերի օգտագործման կարևորությունը:
Այս համակարգչային որդը վնասեց ավելի քան 3 միլիոն համակարգիչ, հասցրեց 15 միլիարդ ամերիկյան դոլարի վնաս հասցնել: ILOVEYOU-ի ստեղծման վայրը համարվում է Ֆիլիպինները, նույնիսկ 3 կոնկրետ մարդ էր կասկածվում: Սակայն վիրուսը ստեղծողները պատժի չարժանացան, քանի որ այդ ժամանակ Ֆիլիպիններում թվային վիրուսների տարածմանը վերաբերվող օրենքներ չկային:


2-րդ տեղ. SOBIG.F

SOBIG.F-ն և՛ ինքնակրկնօրինակվող համակարգչային որդ է, և՛ Տրոյան, և հայտնվել է 2003 թվականի օգոստոսին: Իր վնասած 2 միլիոն համակարգիչներով և 37 միլիարդ դոլարից ավելի հասցրաց վնասով՝ մեր ցուցակում զբաղեցնում է 2-րդ տեղը:
Տարածումը շատ արագ ստացվեց: Ընդամենը 24 ժամում SOBIG.F-ն հասցրեց ուղարկել իր մոտավորապես 1 միլիոն կրկնօրինակ:
Ոչ միայն էլեկտրոնային փոստերի սերվերներն էին գերծանրաբեռնված ինֆորմացիայի հոսքով, այլ նույնիսկ մեծ համակարգեր էին «մեռնում»: Վաշինգտոնում էլեկտրոնային նամակներ ուղարկելն ու ինֆորմացիայով փոխանակվելն ընդհանրապես հնարավոր չէր: Շատ ձեռնարկությունների համակարգիչներ չափազանց դանդաղ էին աշխատում, իսկ Air Canada-ն ստիպված էր վիրուսի պատճառով թռիչքներ հետաձգել:
Microsoft-ը նույնիսկ 250000 դոլարի պարգևատրում էր խոստացել նրան, ող կբռնի վիրուսը ստեղծողին, ինչն անօգուտ էր: Sobig.F-ի հողինակի անունը մինչ այսօր հայտնի չէ:
2003 թվականի սեպտեմբերի 10-ին Sobig.F-ն նորից անհետացավ համակարգիչների էկրաններից:


1-ին տեղ. MyDoom

Եվ հաղթողը...... MyDoom-ն է, բացասական իմաստով, իհարկե: MyDoom-ը նույնպես համակարգչային որդ է, որը ազատորեն տարածվել էր 2004 թվականի հունվարից մինչև փետրվար, ինչից հետո՝ անհետացել: Այն բացում էր Notepad-ի ֆայլեր և դրանք լցնում կամայական տողերով:
MyDoom-ը տարածվում էր այսպես կոչված Bounce Message-ով: Դրանք հատուկ ծանուցումներ են, որոնք էլեկտրոնային փոստի սերվերը ստեղծում է, եթե նամակը չի կարողանում ուղարկվել: Հենց օգտատերերը բացում էին այդ ծանուցումը, համակարգիչը «վարակվում» էր, ինչից հետո վիրուսն ինքն իրեն ուղարկում էր օգտատերերի բոլոր կոնտակտներին:
MyDoom-ն ամբողջ համացանցը դանդաղեցրեց 10 տոկոսով, և էջերի բացվելու ժամանակն ավելացավ 50 տոկոսով: Վիրուսի ակտիվության գագաթնակետը 2004 թվականի հունվարի 26-ն էր, մի քանի ժամի ընթացքում վիրուսի ազդեցությունը երևում էր ամբողջ աշխարհում: Վնասվել էր 2 միլիոն համակարգիչ, իսկ այդ մի քանի շաբաթների ընթացքում MyDoom-ը կարողացել էր հասցնել 38 միլիարդ դոլարի վնաս:


No comments:

Post a Comment