19 November 2016

Մխիթար Սեբաստացու հետքերով

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ, կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը»: Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Մխիթար Սեբաստացու պատգամները
Կան որոշ հոգևոր տարածքներ, որոնք ցանկալի է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած նպատակադրումներից: Մխիթար Սեբաստացու համար այդ հոգևոր տարածքը Հայաստանն ու Հայ առաքելական եկեղեցին էր: Այդ պատճառով նա արգելել էր Հայաստանում կաթողիկություն քարոզելը՝ գիտակցելով, որ Հայաստանը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է:
Մխիթար Սեբաստացին դարձել է լուսավորության նվիրյալ երախտավոր: Նա շատ ներողամիտ է եղել, չի հանդուրժել Աստծո կամ կրոնի նկատմամբ անհարգաից վերաբերմունքը: Նա դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչը, մյուսին՝ Հայկազյան բառարանը բռնած, երեխաներին ասելով, որ նրանք այդ երկու թևերով պիտի թևածեն:

Մխիթարյանների դերը հայ մշակույթում
Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։
Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։

Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

No comments:

Post a Comment